Մեռնող տնտեսությունն ու կառավարության 2023թ. գործունեության զեկույցի դատարկաբանությունները
Կառավարությունն Ազգային ժողովին զեկույց է ներկայացրել իր 2023թ. գործունեության վերաբերյալ։ Անկախ նրանից, թե ինչ են գրել զեկույցում, ինչ «փայլուն» արդյունքներ ու շլացնող ցուցանիշներ են ներկայացրել, դրանով չէ, որ պետք է դատել կառավարության լավ կամ վատ աշխատանքի մասին։
Միայն այն, որ կառավարությունն իր 2021-2026թթ. գործունեության ծրագրով ստանձնել էր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի դերը և խոստացել հասնել Արցախի խնդրի լուծման՝ հայտնի սկզբունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ այսօր Արցախը դատարկված է, արցախցին՝ տարհանված ու զրկված ամեն ինչից, բավական է, որպեսզի այդպիսի կառավարությունը վաղուց գոյություն չունենար։ Դեռ չասենք Հայաստանի տարածքները թշնամուն հանձնելու մասին։
Բայց անգամ այդքանից հետո կառավարությունը շարունակում է գործել, մի բան էլ զեկույց է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ։ Ու այնպիսի տոնով, կարծես ոչինչ էլ չի եղել։ Արցախը ոչ եղել է, ոչ էլ կա։
Մոռացել են, թե ինչ են խոստացել։ Մոռացել են, թե ինչպես իրենց անգործության ու անկարողության, անհեռանկար քաղաքականության պատճառով դատարկվեց Արցախը։
Որտե՞ղ մնաց Արցախի անվտանգության երաշխավորի տված խոստումը։
Հպարտանում են, որ իրենց պատճառով տնից-տեղից զրկված արցախցուն մի քանի հազար դրամի օգնություն են տրամադրել։ Փոխարենը՝ խոստովանեն, որ այս ամենն իրենց անկարողության հետևանք է, որ չեն կատարել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի իրենց դերը, ու այն դատարկելու պատճառ դարձել՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում։
Այսքանից հետո ի՞նչ է պետք՝ ընդունելու համար, որ կառավարությունը ձախողել է իր գործունեության ծրագիրը։
Ինչքան էլ փայլուն զեկույցներ գրվեն, փաստն այն է, որ իշխանությունների անտարբեր հայացքի ներքո 2023թ. դատարկվեց Արցախը։
Տապալել են Արցախի հարցը ու պարտավոր են պատասխան տալ դրա համար։
Եթե այսօր, տիրապետելով իշխանության լծակներին, դեռ կարողանում են խուսափել այդ պատասխանատվությունից, միևնույն է, վաղն են պատասխան տալու։ Ոչ մեկի մտքով թող չանցնի, թե խուսափելու է պատասխանատվությունից։ Գալու է այդ ժամանակը, ինչքան էլ այսօր փորձեն տնտեսական «հաջողությունների ու ձեռքբերումների» քողի տակ մոռացության մատնել ու թաքցնել Արցախի կործանումը։ Ոչ մի տնտեսական ձեռքբերում, եթե նույնիսկ դա իրական լինի ու ոչ այսօրվա նման շինծու, չի կարող փոխարինել Արցախի կորստին։
Տնտեսական չեղած հաջողություններով են լցրել զեկույցը։ Այն դեպքում, երբ տնտեսությունը կանգնեցրել են փաստի առաջ՝ ոչ առաջընթաց կա, ոչ էլ զարգացում։ Մի բան էլ տնտեսության վիճակը վատացել է։
Տնտեսության արտահանելի հատվածը հայտնվել է փակուղում, դուրս է մղվում շուկաներից, կորցրել է մրցունակությունը։ Բազմաթիվ ոլորտներում ու ճյուղերում անմխիթար իրավիճակ է, արտադրության ծավալները նվազել են։
Նույնիսկ ռազմավարական համարվող ճյուղերը, որոնց հետ կապել են տնտեսության ապագան, ծանր ժամանակներ են ապրում։ Մի պահ դրսից տեղափոխվածների հաշվին որոշ ոլորտներում, մասնավորապես՝ ՏՏ-ում, բարձր աճեր գրանցվեցին, այդ հնարավորությունն էլ մսխեցին։ Այնպես արեցին, որ տեղափոխված բիզնեսն ու մասնագետները հեռանան Հայաստանից։
Այսօր արդեն ոլորտի մասնակիցները խոսում են ՏՏ-ն փրկելու մասին, եթե հրատապ քայլեր չարվեն։
Այսպիսի իրավիճակ է տնտեսության ամբողջ արտահանելի հատվածում։
Ու մինչ կառավարությունն իր 2023թ. գործունեության զեկույցը լցրել է դատարկաբանություններով ու ոչինչ չասող աճերով, տնտեսություննը իրականում մեռնում է։
Վեց տարի է, իբրև գյուղատնտեսություն են զարգացնում, միլիարդներ են ծախսում տարբեր գյուղատնտեսական ծրագրեր իրականացնելու համար, իսկ գյուղատնտեսության մեջ առաջընթաց չկա։ Վեց տարի անընդմեջ արտադրության ծավալները նվազել են։ Բացառություն չէր նաև անցած տարին։
Մինչև տարվա վերջին երկու ամիսներն արդյունաբերությունն անկումային էր։ Վերջին երկու ամսում մի հնարքով արդյունաբերությունը դուրս եկավ անկումից։ Բայց ոչ նրա հաշվին, որ տարեվերջի երկու ամիսներին արդյունաբերության մեջ հրաշք տեղի ունեցավ, այլ, որովհետև դրսից բերված ապրանքներն արդյունաբերության ճյուղերից մեկում սարքեցին տեղական արտադրության, նաև արտահանման հսկայական աճեր ցույց տվեցին։ Արդյունաբերությունը սրանից ոչինչ չշահեց, բայց մեկ հարվածով դուրս եկավ անկումից։
Սրա մասին խոսելու, տնտեսության իրական վիճակը ներկայացնելու, ստեղծված դրությունից ելքեր գտնելու փոխարեն՝ ուրախանում են, որ առևտրի ու հատկապես արտաքին առևտրի հաշվին տնտեսական բարձր աճեր են գրանցվում՝ մի երկրի ապրանքները մեկ այլ երկիր տեղափոխելու արդյունքում։
Պարզ առևտրային շարժեր են, որոնք շրջանցում են Հայաստանի տնտեսությունը։ Բայց անգամ այստեղ են մանիպուլյացիաներ արել՝ որ երկրի հետ աճ կա, հատուկ ընդգծել են, որ երկրների հետ չկա՝ միտումնավոր շրջանցել են։
Իրանի հետ առևտրի շրջանառությունն անցած տարի նվազել է, զեկույցում բավարարվել են միայն արձանագրելով, որ 2023թ. արդյունքներով Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությ ունը կազմել է 692,5 մլն դոլար։
Աճե՞լ է, թե՞ նվազել՝ ոչ մի խոսք։
Մինչդեռ, ասենք՝ ԱՄՆ պարագայում հատուկ շեշտել են, որ առևտուրն աճել է։
«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 670,1 մլն ԱՄՆ դոլար՝ 2022 թվականի համեմատ աճելով 45,1 տոկոսով»,- արձանագրել են զեկույցում՝ ցույց տալու, թե ինչ հաջողության են հասել։ Բայց այս դեպքում էլ հատուկ «մոռացել» են ասել, որ դա եղել է բացառապես ներմուծման արդյունքում։ Արտահանումը Միացյալ Նահանգներ 38 տոկոսով կրճատվել է։ Ներմուծումն էլ ավելացել է հիմնականում ավտոմեքենաների վերարտահանման հաշվին։
Տնտեսության բարձր աճի ցուցանիշները միայն արտաքին շղարշն են։ Տակը խայտառակ վիճակ է։ Դա պարզ երևում է տնտեսական աճի կառուցվածքում, որի մասին զեկույցում, բնականաբար, ոչ մի խոսք չկա։ Պարզ է, չպիտի էլ լիներ, եթե հաշվի առնենք, որ տնտեսական քաղաքականությունը հիմնահատակ տապալել են, ձևախեղել են տնտեսության կառուցվածքը։
Եթե 2019թ. գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում 11,6 տոկոս էր, անցած տարի կազմել է ընդամենը 8,4 տոկոսը։
Չորս տարվա ընթացքում գյուղատնտեսության մասնաբաժինը 3,2 տոկոսային կետով նվազել է, ինչի հետևանքը տեսնում ենք պարենային անվտանգության ոլորտում։
Նվազել է նաև մշակող արդյունաբերության կշիռը՝ 2019թ. այն հասնում էր ՀՆԱ 12,1 տոկոսին, անցած տարի կազմել է 11,1 տոկոսը։
Կառավարության քաղաքականությունը բերել է նրան, որ տնտեսության առանցքային ոլորտներն ու ճյուղերը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրությունները կորցրել են իրենց դերը տնտեսության կառուցվածքում։ Տնտեսության առաջատար ճյուղը դարձել է առևտուրը։ Եթե 2019թ. այն կազմում էր ՀՆԱ 11,4 տոկոսը, հիմա 12,7 տոկոսն է։
Առևտրին ու ծառայություններին է բաժին ընկնում նաև տնտեսական աճի գերակշիռ մասը։
Անցած տարի արձանագրված 8,7 տոկոս տնտեսական աճի մեջ, որով իշխանությունները հպարտանում են, առևտրի և ծառայությունների նպաստումը եղել է 6,7 տոկոսային կետ։ Մինչդեռ՝ տնտեսության մնացած բոլոր ճյուղերինը, այդ թվում՝ արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը, ընդամենը 2 տոկոսային կետ է։
Սա է կառավարության աշխատանքի արդյունքը։ Ինչ կգրեն, չեն գրի զեկույցում, ոչ մի արժեք չունի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ