Լեհաստանը ՆԱՏՕ-ի երկրների թվում առաջատարն է պաշտպանական ծախսերի աճով. Rzeczpospolita
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների թվում առաջատարը Լեհաստանն է պաշտպանական ծախսերի աճով։ Այդ մասին գրում է Rzeczpospolita պարբերականը։
Հրատարակությունը հաղորդում է, որ 2023 թվականին Լեհաստանը ռազմական ծախսերի համար հատկացրել է ՀՆԱ-ի 3,92 %-ը։ Միևնույն ժամանակ հանրապետությունը նաև առաջատար է դարձել նոր զինատեսակների ձեռքբերման համար հատկացված միջոցների ծավալով։ Դրանք կազմել են ողջ պաշտպանական ծախսերի 54 %-ը:
2024 թ. հանրապետության ռազմական բյուջեն կկազմի 118,14 մլրդ զլոտի (շուրջ 29,5 մլրդ դոլար), ինչը հավասար է ՀՆԱ-ի 3,1 %-ին։ Զինված ուժերի աջակցության հիմնադրամի միջոցների հետ միասին, որոնք չեն մտնում պաշտպանության նախարարության բյուջեի մեջ, ռազմական կարիքների համար, ընդհանուր առմամբ, կծախսվի 159 միլիարդ զլոտի (շուրջ 39,7 միլիարդ դոլար), այսինքն՝ ՀՆԱ-ի 4,2 %-ը։
Պարբերականը մատնանշում է, որ եթե 2014 թվականին միայն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Հունաստանն էին պաշտպանության վրա ծախսել իրենց ՀՆԱ-ի 2 %-ից ավելին, ապա 2023 թվականին նման պետությունների թիվը ՆԱՏՕ-ում արդեն 11-ն էր։ Այս մասին մարտի 14-ին հայտնել էր նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դաշինքի նախորդ տարվա հաշվետվությունը ներկայացնելիս։
Մարտի 12-ին ԱՄՆ կատարած այցի ժամանակ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին առաջարկել էր պաշտպանական ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի առնվազն 3 %-ը: