Իսպանացի պատգամավորն Ադրբեջանի գործողությունները ՄԱԿ-ի նորմերի կոպտագույն խախտում է համարում
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի վարչակարգի ձեռնարկած գործողությունները Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության միջազգային նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում են հանդիսանում։
«Այդ նորմերը միանշանակ արգելում են ուժի կիրառումը և ինքնիշխան ազգերի տարածքային ամբողջականության ոտնահարումը։ Ադրբեջանի կողմից իրականացվող համառ խախտումները ոչ միայն խաթարում են տարածաշրջանային կայունությունն, այլև քայքայում են հարևան պետությունների միջև վստահության և համագործակցության հիմքերը», – ընդգծեց պատգամավորն՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի այն դիտարկմանը, որ Ադրբեջանը 2021 թվականից սկսած` խախտել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ մի քանի անգամ հարձակվելով և օկուպացնելով որոշ տարածքներ։
Պատգամավորի պնդմամբ՝ միջազգային հանրության համար այս հանգամանքը հրամայական է, որպեսզի Ալիևի ռեժիմի դեմ վճռական միջոցներ կիրառվեն։
«Չնայած այս մտահոգիչ զարգացումներին, Եվրամիությունը ձեռնպահ է մնացել Ադրբեջանի կամ նրա ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելուց։ Այս խախտումներին չանդրադառնալը ոչ միայն քաջալերում է հետագա ագրեսիան, այլև ստեղծում է վտանգավոր նախադեպ, որը սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը», – հայտարարեց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների խնդրին, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, իսպանացի պատգամավորն ասաց, որ նրանք պետք է ազատ արձակվեն և կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։
«Ալիևի ռեժիմի տակ գտնվող ադրբեջանցի քաղբանտարկյալների, այլախոհների և լրագրողների նկատմամբ վերաբերմունքը լավ փաստագրված է, որը բնութագրվում է մարդու իրավունքների համակարգային ոտնահարումներով և պատշաճ դատավարության կոպտագույն անտեսմամբ: Ուստի, Բաքվում անօրինական կերպով պահվող բոլոր հայ գերիներին պետք է ազատ արձակել և թույլ տալ վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։ Նրանց ընտանիքների հետ նման վերամիավորումը ոչ միայն բարոյական հրամայականի հարց է, այլև կարևոր քայլ՝ տարածաշրջանում հաշտեցման և ապաքինման համար»,- եզրափակեց պատգամավորը։
2021 թվականից ի վեր Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար օկուպացրել ավելի քան 150 քառակուսի կիլոմետր տարածք:
Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։