ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման համար չի հաջողվում համաձայնություն ձեռք բերել գնի շուրջ. ՏԿԵ նախարարի տեղակալ

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասով անդամ երկրների միջև կան մի շարք հարցեր, որոնց շուրջ կոնսենսուս ձեռք բերված չէ։ Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ հավելելով, որ դրանք 5-ից 7 հարցերի խմբեր են:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրների միջև կոնսենսուս չլինելու պատճառով նախնական քննարկումներում որոշում է կայացվել հետաձգել գազի ընդհանուր շուկայի գործարկումը՝ մինչև հնարավոր կլինի կոնսենսուսի գալ։

«Առաջին առանցքային հարցն այն է, որ գազի գնի ձևավորման սկզբունքների շուրջ ԵԱՏՄ անդամ երկրները համաձայնության չեն գալիս, որ պետք է լինի բոլորի համար նույնը։ Այստեղ Ռուսաստանը և Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանն ու կարծում են, որ իրենց ներքին սպառողների համար սկզբունքները պետք է այլ լինեն։

Երկրորդ ամենակարևոր հարցն այն է, որ պետք է գազի ընդհանուր շուկայի գործարկումից հետո բոլոր երկկողմ պայմանագրերը մոտարկվեն կամ համաձայնեցվեն կամ դադարեն գործել։ Եվ այս դեպքում ևս Ռուսաստանը և Ղազախստանը համաձայն չեն դրան և կարծում են, որ պետք է երկկողմ պայմանագրերը շարունակեն գործել մինչև իրենց ավարտը։ Մեր դեպքում պայմանագիրը գործում է մինչև 2043 թվականը և դրան զուգահեռ պետք է գործի ընդհանուր շուկան։ Մենք կարծում ենք, որ դրան զուգահեռ հնարավոր չէ, որ գործի ընդհանուր շուկան, որովհետև գազի ամբողջ ծավալի մատակարարումն ապահովվում է հայ-ռուսական երկկողմ պայմանագրի շրջանակներում։ Սրանք են առանցքային հարցերը, որոնց շուրջ անդամ երկրները չեն եկել համաձայնության»,-եզրափակեց Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս