2018թ. մերժելով Սերժ Սարգսյանին՝ մերժեցին ՀՀ պետականությունը. քիչ ժամանակ ունենք. վերլուծաբան

«Ովքեր քննադատում են Սերժ Սարգսյանին, թե նա է իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին, 2018 թվականին բուռն ծափահարում էին հենց Նիկոլ Փաշինյանին»,- այս մասին 168TV «Ռեվյու» hաղորդաշարի եթերում ասաց  անկախ վերլուծաբան, փորձագետ Կարեն Մաճկալյանը՝ անդրադառնալով քննադատություններին, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին։

Փորձագետը հիշեցրեց՝ 2018 թվականին Երրորդ նախագահը չուներ հանրության լայն շրջանակների աջակցություն, հետևաբար՝ որն էր իր իշխանությունն ուժով պահելու նպատակը։

«Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը երկու տարբերակ ուներ այդ օրերին՝ կա՛մ իշխանությունն առանց արյունի հանձներ, կա՛մ հետո՝ արյունով, նա ընտրեց առաջին տարբերակը, այդ պահի դրությամբ դա ճիշտ որոշում էր։ Հիմա ազնիվ չէ հետին թվով մեղադրել նրան այդ քայլին գնալու համար։ Սերժ Սարգսյանին կարող են քննադատել այն քաղաքական գործիչները կամ անհատները, որոնք 2018 թվականի իրադարձություններին չեն մասնակցել։ Նիկոլ Փաշինյանին ծափահարող ու Սերժ Սարգսյանին քնադատող քաղաքական գործիչները նույնիսկ որոշ ժամանակ աշխատել են Նիկոլ Փաշինյանի հետ՝ պաշտոններ են զբաղեցրել, ուստի կարևոր է  հասկանալ, թե ովքեր են Սերժ Սարգսյանին մեղադրողները։ Հիմա այս մարդիկ տարբեր քաղաքական դաշտերում են գտնվում, ոմանք փորձում են առանձին կուսակցություն ստեղծել, ոմանք իրենց սխալն ընդունելով՝ փորձում են աջակցել։ Սովորական քաղաքացին կարող էր սխալվել, բայց քաղաքական գործիչը՝ ոչ, կուսակցության առաջնորդը՝ ոչ»,- շեշտեց Կարեն Մաճկալյանը։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վարած «և-և»-ի քաղաքականությանն ուղղված քննադատություններին, Կարեն Մաճկալյանն ասաց՝ «և-և»-ի քաղաքականությունը սկսվել է 1994 թվականից, երբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, երբ կային Արցախի և ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցեր, հետևաբար՝ այդ քաղաքականությունը ճիշտ էր մինչև 2018 թվականը։

Կարդացեք նաև

Իսկ թե ինչո՞ւ ՀՀ նախկին իշխանությունները չճանաչեցին Արցախի անկախությունը, որի համար մշտապես արժանանում են քննադատությունների, փորձագետը նկատեց՝ երբ ընթանում էին բանակցություններ, ինչպե՞ս պետք է Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, դրանով  Մինսկի խմբին ասելու էին, որ այլևս անելիք չունի, հետևաբար՝ դրան հաջորդելու էր պատերազմ։

«Կարծում եմ՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար հայկական կողմն ունեցել է 2 հնարավորություն՝ 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի, և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ապրիլյան դեպքերի ժամանակ Սերժ Սարգսյանը գտնվում էր Միացյալ Նահանգներում։ Նա դեռ այնտեղից հրահանգեց դեսպաններին հավաքվել Բաղրամյան 26-ում, որտեղ հայտարարեց՝ եթե պատերազմը չդադարեց, Հայաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը։ Դրանից հետո Ալիևն ընկավ Ռուսաստանի ոտքերը՝ հրադադար հաստատելու համար։ Կարծում եմ՝ եթե 1-2 օր էլ պատերազմը շարունակվեր, Սերժ Սարգսյանը կճանաչեր Արցախի անկախությունը։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեսիջ էր միջազգային հանրությանը, որ Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է։

2020 թվականի պատերազմի ժամանակ Հայաստանը միանգամից պիտի կանգներ Արցախի կողքին ու ճանաչեր Անկախությունը, իհարկե, դա իրավիճակը կփոխեր»,- շեշտեց վերլուծաբանը։

Նա չբացառեց նախկին իշխանությունների վերադարձն իշխանության՝ շեշտելով՝ քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ։

«1988 թվականին ժողովուրդն ասում էր՝ «Դեմիրճյան, հեռացիր», 1998 թվականին ասում էր՝ «Դեմիրճյան, արի»։ 1988 թվականին ասում էր՝ «Լևոն, արի», 1998 թվականին ասում էր՝ «Լևոն, հեռացիր»։

Քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է։ Նախկինները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ասել են, որ չի հավակնում որևէ պաշտոնի։ Այստեղ հիմա նախկինների հարցը չէ, այլ երկրի, հայրենիքի պահպանման։ Մարդիկ պետք է համախմբվեն չսխալված քաղաքական գործչի շուրջ»,- եզրափակեց Կարեն Մաճկալյանը։

Նրա գնահատմամբ՝ 2018թ. մերժելով Սերժ Սարգսյանին՝ մերժեցին ՀՀ պետականությունը։

«Քիչ ժամանակ ունենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս