Բաժիններ՝

Google-ի նախկին ինժեներին մեղադրանք է առաջադրվել արհեստական բանականության գաղտնիքները չինական կազմակերպություններին փոխանցելու համար

Կալիֆոռնիայում Google-ի նախկին ինժեներին մեղադրանք է առաջադրվել AI-ի (artificial intelligence – արհեստական բանականություն) հետ կապված գաղտնիքները գողանալու և դրանք երկու չինական ընկերությունների փոխանցելու մեջ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից։

Նշվում է, որ Google-ի ծրագրային ապահովման նախկին ինժեները AI-ի հետ կապված առևտրային գաղտնիքները գողացել է Alphabet ընկերությունից։ Ազգությամբ չինացի 38-ամյա Լինվեյ Դինին Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը չորս մեղադրանք է ներկայացրել առևտրային գաղտնիքների գողության մասով։ Դինին ձերբակալել են փետրվարի 6-ի առավոտյան Նյուարքում գտնվող իր առանձնատանը։

Լինվեյ Դինը Google-ում աշխատանքի է անցել 2019 թվականին և մինչև 2023 թվականի մայիսը ներբեռնել է ավելի քան 500 գաղտնի ֆայլ։

Այս դեպքից ուղիղ մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ստեղծել էր հատուկ ստորաբաժանում, որի նպատակն է կանխարգելել, որ Ռուսաստանը կամ Չինաստանն առաջատար տեխնոլոգիաներ ձեռք բերեն ԱՄՆ-ից, քանի որ դա կարող է սպառնալ երկրի ազգային անվտանգությանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Լինվեյը գողացել է ապարատային և ծրագրային ապահովման հարթակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, որոնք Google-ի գերհամակարգչային տվյալների կենտրոններին թույլ են տալիս մեքենայական ուսուցման միջոցով AI-ի խոշոր մոդելներ պատրաստել: Գողացված տեղեկատվությունը մանրամասներ է պարունակել նաև չիպերի և տարբեր համակարգերի վերաբերյալ։

Լինվեյ Դինին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և յուրաքանչյուր մեղադրական հոդվածի մասով 250 000 դոլար տուգանքի վճարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս