Արցախցիներին ասում են՝ բնակարան գնեք, բացի Երևանից, Աբովյանից, Դիլիջանից, Ծաղկաձորից ու Էջմիածնից. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը չգիտի, թե ՀՀ կառավարությունն արցախահայերի համար որ ծրագրերն է շարունակելու իրականացնել և որոնք՝ ոչ, քանի որ կառավարության կողմից բավարար ներառականություն չի եղել։
«Ես միայն մեկ օրինակ գիտեմ, նաև ինձ էին հրավիրել, 10-15 տարբեր գործիչների հրավիրել էին փոխվարչապետի մոտ։ Ընդ որում, ընկալելի չէր, թե ինչ սկզբունքով էր ընտրված։ Այնտեղ ընդհանուր սկզբունքները ներկայացվել են, դա եղել է փետրվարի սկզբին։ Կարող եմ ասել, որ գրեթե բոլոր ներկա արցախցիները սկզբունքորեն տարաձայնություն են հայտնել տարբեր կետերի վերաբերյալ, նաև այս գումարի չափի մասով։ Իրենց կողմից հիմնավորումն այն էր, որ նախորդ տարիներին, նաև 2023 թվականին Կադաստրում գրանցված առք ու վաճառքի 1 քմ միջին գինը 200 հազարից ավելի չէ, իրենք համարել են, որ մեկ անձի համար 15 քմ տարածքը բավարար է՝ 200 հազարը բազմապատկել են 15-ով և ստացել են 3 մլն։ Մենք իրենց բացատրել ենք, որ սա չի արտացոլում երկրորդային շուկայի պատկերը, ընդ որում, իրենք ասել են՝ բացի Երևանից, Աբովյանից, Ծաղկաձորից, Դիլիջանից և Էջմիածնից, մնացած համայնքներում այս գինն է գործում»,- ասուլիսի ժամանակ նշեց Արտակ Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ կառավարությանն առաջարկել են, որպեսզի ուսումնասիրեն շուկան։
«Ինքս ուսումնասիրել եմ, համայնքներում տան միջին գինը 1քմ-ն 320 հազարից 500 հազար է։ Արցախի ներկայացուցիչների կարծիքը Կառավարությունը բավարար չափով հաշվի չի առել»,- եզրափակեց Արտակ Բեգլարյանը։