Բաժիններ՝

Մեծ Պահք. հոգևոր մաքրագործման ճանապարհ

Մեծ Պահքը հավատացյալների հոգևոր կյանքի յուրահատուկ շրջան է, որի նպատակը ոչ միայն որոշակի սննդակարգի հետևելն է, այլև առաջին հերթին այն հոգևոր մաքրագործման ճանապարհ է: Պահքի ընթացքում կարևոր է աղոթական կյանքը, ժամերգություններին մասնակցելը: Այս ամենը ինքնանպատակ չէ, հիշեցնում է Երևանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը.

«Խորհուրդը մեր մարդ տեսակի վերստին նորոգումն է: Եթե մկրտության ժամանակ մենք ազատվում ենք ադամական մեղքից, ապա ապաշխարության շրջանում մարդը պետք է նորոգվի: Այլ կերպ ասած՝ այն ազատագրում է, որ մաքրությամբ դիմավորենք Քրիստոսի փառավոր Հարությունը»:

Մեծ Պահքի շրջանում հավատացյալները եկեղեցում կարող են մասնակցել նաև խաղաղական, հանգստյան ժամերգություններին, նշում է Տեր Շահեն:

Խաղաղական ժամերգությունների խորհուրդը Հիսուսի թաղումն է. Քրիստոս, դժոխք իջնելով, ազատեց և խաղաղեցրեց արդարների հոգիները: Խաղաղական է կոչվում նաև քանի որ մենք, ցերեկվա աշխատանքից հետո խաղաղություն և հանգիստ ենք տալիս մեր անձին: Խնդրում ենք Աստծուց, որ հանդարտ պահի մեր հոգիներն ու միտքը և անխռով անցկացնենք գիշերը:

Կարդացեք նաև

Հանգստյան ժամերգությունը կատարվում է գիշերը քնից առաջ: Այս ժամի աղոթքն ուղղում ենք Հայր Աստծուն, որ Իր Միածնի Աջով պահպանի մեզ խավարային գիշերվա մեջ:

Արևագալի ժամերգությունն այժմ առավել հանդիսավորությամբ ևս անցկացվում է Մեծ Պահքի շրջանում: Ժամերգությունը կատարվում է արևածագին՝ «Ի դէմս Հոգւոյն Սրբոյ»: Արևագալի ժամը Քրիստոսի Հարության խորհուրդն ունի, որովհետև Հիսուս այս ժամին երևաց աշակերտներին: Ժամերգությունը հիշեցնում է մեզ նաև Քրիստոսի երկրորդ գալուստն ու մարդկանց համընդհանուր հարությունը: Կարգն անվանվում է Արևագալի, որովհետև ժամերգության ընթացքում երգվող երգերով, քարոզներով և աղոթքներով խնդրում ենք Սուրբ Հոգուն, որ արեգակի ծագելու հետ լուսավորի մեր հոգին Քրիստոսի լույսով:

Տեր Շահեն հավելում է՝ Մեծ Պահքի օրերին հնչում են ապաշխարության շարականները: Պահոց շրջանի ոսկե շղթայի՝ յուրաքանչյուր կիրակիի համար կա հատուկ շարական, որը նկարագրում է օրվա խորհուրդը:

Քահանան հիշեցնում է՝ Պահք պահում են ինքնամաքրման նպատակով: Պետք է մտածենք՝ ուր ենք գնում, մեր կյանքի գերխնդիրը պետք է լինի աստվածանման դառնալը:

qahana.am

Տեսանյութեր

Լրահոս