Բաժիններ՝

Ի՞նչ է կատարվում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում. ինչո՞ւ իշխանություններին ձեռնտու չէ թուրքագետ թեկնածուն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Արևելագիտության ինստիտուտում տնօրեն են ընտրում: 2020թ. սեպտեմբերին, երբ 14 տարվա պաշտոնավարումից հետո աշխատանքից ազատվեց թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրենի աթոռը նույն թվականի դեկտեմբերի 23-ին զբաղեցրեց փոխտնօրեն Ռոբերտ Ղազարյանը: Վերջինիս Արևելագիտության ինստիտուտում գիտեին՝ որպես Ռուբեն Սաֆրաստյանի կադր:

Ռոբերտ Ղազարյանն իր բազային կրթությամբ արևելագետ չէր, թեպետ իրեն համարում է հնագույն Հայկական լեռնաշխարհի պետություններից մեկի՝ Հայասա-Ազզիի մասնագետ: Գիտությունների թեկնածու դարձել է 2-րդ փորձից, որովհետև առաջին անգամ Խորհուրդը մերժել է, և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան նա ստացել է ավելի ուշ: Պաշտպանել է «Հայոց պատմության» մասնագիտական խորհրդում, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի մոտ:

Ռոբերտ Ղազարյանի տնօրինության տարիներին, ըստ 168.am-ի զրուցակիցներ Արևելագիտության ինստիտուտի աշխատակիցների, ինստիտուտի բարոյահոգեբանական մթնոլորտը չափազանց լարված է եղել:

«Ինստիտուտում անպակաս էին ինտրիգները: Նրանք, ովքեր հլու-հնազանդ ծառայում էին Ռոբերտ Ղազարյանին, ընդգրկվում էին առանձին ծրագրերում, որ կարողանան որոշակի ֆինանսական լրացուցիչ հոսքեր ապահովել, մյուսները, բնականաբար, հայտնվում էին սև ցուցակներում»,- ասացին նրանք:

Կարդացեք նաև

Մեր տեղեկություններով՝ տնօրեն նշանակվելուց հետո Ռոբերտ Ղազարյանը դադարել է շփվել Ռուբեն Սաֆրաստյանի հետ, ըստ էության ուրացել վերջինիս վաստակն իր կայացման գործում:

Արևելագիտության ինստիտուտի աշխատակիցների խոսքով՝ Ռուբեն Սաֆրաստյանի կադրերից էր նաև Գոռ Մարգարյանը, ով ներկայումս Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարն է: Վերջինս նույնպես, ըստ լուրերի, Ռուբեն Սաֆրաստյանի հետ որևէ շփում չունի:

Ուշագրավ է, որ Ռոբերտ Ղազարյանն անցյալ տարի նոյեմբերին վաղաժամկետ դադարեցրեց իր՝ տնօրենի լիազորությունները, Գիտությունների ազգային ակադեմիայում հիմնում է «Գեղարդ» հիմնադրամը, որի նպատակը, ինչպես իրենք հայտարարել էին, ադրբեջանական պատմագիտական կեղծ թեզերին պատասխանելն էր:

«Հիմնադրամի առաջնահերթ նպատակներից են նաև հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում հասարակության և պետության համար անկախ ու վստահելի փորձագիտական հետազոտությունների իրականացումն ու դրանց արդյունքների հանրահռչակումը, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հայագիտության ոլորտում հետազոտությունների առաջանցիկ զարգացման նպաստումը, վերոհիշյալ բնագավառներում միջազգային համագործակցության զարգացումը՝ այդ թվում հայկական սփյուռքի ներուժի ներգրավմամբ»,- Հիմնադրամի ստեղծման առթիվ տրված ասուլիսի ժամանակ ասել էր նա:

Թե որքանով էր արդյունավետ այդ նպատակների համար նման հիմնադրամ ստեղծելը, երբ նույն այդ գործառույթները հաջողությամբ կարող էին իրականացնել թե՛ Պատմության, թե՛ Արևելագիտության, թե՛ Հնագիտության, և թե՛ Ազգագրության ինստիտուտները, դժվար է ասել:

Ինչևէ, Ռոբերտ Ղազարյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն դառնա Գոռ Մարգարյանը:

«Շատ լարված հարաբերություններ են այս երկուսը ստեղծել ինստիտուտում: Առանձին կանչում են անգամ կին աշխատակիցներին, իրենց կամքը պարտադրում նրանց»,- Արևելագիտության ինստիտուտի ներկայիս բարքերի մասին 168.am-ին իրազեկեցին գիտության այդ օջախից:

Գոռ Մարգարյանը բացառիկ վերաբերմունք ունի Վրաստանի ու վրացիների նկատմամբ: Վրաստանը, իհարկե, Հայաստանի համար շատ կարևոր հարևան է, և անշուշտ, նրա հետ հարաբերությունները պետք է զարգացնել, սակայն Գոռ Մարգարյանի կողմից Վրաստանի ֆետիշացումը, ինչ խոսք, տարօրինակ է: Վերջինս միջնադարի, նաև Այսրկովկասի պատմության մասնագետ է:

Գոռ Մարգարյանի մրցակիցն Արևելագիտության ինստիտուտի տնօրենի աթոռի համար նույն ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Լևոն Հովսեփյանն է:

Վերջինիս ինստիտուտում բնութագրում են՝ որպես բարեկիրթ անձնավորություն, լավ գիտնական: Նորագույն պատմության մասնագետ է, որակյալ գիտական հոդվածների լուրջ պաշարով, որոնք նաև ընդգրկված են «SCOPUS» գիտական շտեմարանում:

Պաշտոնավարել է նաև ԵՊՀ-ում՝ որպես գիտխորհրդի քարտուղար, ապա՝ Հովհաննես Հովհաննիսյանի ռեկտոր դառնալուց հետո, ազատվել աշխատանքից:

Արևելագիտության ինստիտուտում արդեն իսկ երկու փուլով ընտրություններ տեղի են ունեցել: Առաջին փուլում՝ աշխատակիցների ընտրության ժամանակ, Գոռ Մարգարյանն ու Լևոն Հովսեփյանը հավասար ձայներ են հավաքել: Հաջորդ քվեարկության ժամանակ, արդեն բաժնում, ձայները երկու թեկնածուների միջև նույնպես հավասար են բաշխվել: Խոսքը Հասարակական և հումանիտար գիտությունների բաժնի մասին է, որի աշխատանքները կոորդինացնում է ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:

168.am-ի տեղեկություններով՝ Լևոն Հովսեփյանը բավական հետաքրքիր ու իրատեսական զարգացման ծրագիր է ներկայացրել՝ ի հակադրություն Գոռ Մարգարյանի ներկայացրած ծրագրի: Եվ հետաքրքիր է, որ Լևոն Հովսեփյանի աշխատանքի վերաբերյալ շատ վիրավորական դիրքորոշում է հայտնել նույն ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ Ալեքսան Հակոբյանը: Վերջինս նույն Ալեքսան Հակոբյանն է, ով 11 տարի եղել է Լաչինի պարետը Լևոն Տեր-Պետրոսյանի, ապա Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին: Առաջին նախագահի մերձավոր շրջապատից է:

Եվ ուշագրավ է, որ Արցախը հայաթափվեց, բայց Ալեքսան Հակոբյանը որևէ կերպ չարձագանքեց դրան, չքննադատեց իշխանությունների անտարբերությունն Արցախի ճակատագրի, նույն Լաչինի նկատմամբ, բայց օրինակ, Լևոն Հովսեփյանի նկատմամբ, ընդ որում, նրան ինչպես հարկն է չճանաչելով, կոպիտ արտահայտություններ է թույլ տվել իրեն: Ինստիտուտում ասում են, որ նրան թերևս Ռոբերտ Ղազարյան-Գոռ Մարգարյան զույգի կողմից խոստացվել է ընդգրկվել գիտական ծրագրերում, ու ինքը որոշակի մոտիվացիա ունի՝ պաշտպանելու համար Գոռ Մարգարյանի թեկնածությունը:

Այժմ հերթը ԳԱԱ նախագահությանն է, ով էլ, ի վերջո, կորոշի՝ ով է դառնալու ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հաջորդ տնօրենը:

Մեր տեղեկություններով՝ ԳԱԱ նախագահությունը նախապատվությունը կտա Գոռ Մարգարյանին, որովհետև վերջինիս հովանավոր Ռոբերտ Ղազարյանն անմիջականորեն շփվում է ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի հետ ու լոբբինգ անում հօգուտ Գոռ Մարգարյանի:

«Ռոբերտ Ղազարյանը, իհարկե, մտավախություններ ունի իր պաշտոնավարման շրջանի վերաբերյալ ու չի ցանկանա, որ ինստիտուտում ոչ յուրային տնօրեն լինի: Օրինակ, մեծ քանակությամբ աշխատակիցներ են ընդունել աշխատանքի, ընդ որում, առանց մրցույթների, ովքեր մի քանի տեղում են աշխատում, և սա այն դեպքում, երբ նույն Ակադեմիայի համակարգի այլ ինստիտուտներում մրցույթների վերաբերյալ հայտարարությունները ամեն դեպքում տարածվում են»,- ասացին ինստիտուտին մոտ կանգնած մեր աղբյուրները:

Սակայն 168.am-ի տեղեկություններով՝ Լևոն Հովսեփյանին՝ որպես ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն տեսնել չցանկանալու հիմնական խոչընդոտը նրա՝ թուրքագետի մասնագիտացումն է: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ նախկինում ավանդույթ է եղել, որ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը պետք է թուրքագետ լինի, ինչն այդպես էր մինչև Ռուբեն Սաֆրաստյանի պաշտոնավարման ավարտը:

«Իրենց ձեռք չի տալիս, որ Լևոն Հովսեփյանը դառնա տնօրեն: Նա կարող է վերլուծություններ կատարել, հարցազրույցներ տալ, ինչը կարող է բոլորովին չբխել գործող իշխանությունների վարած թուրքամերձ քաղաքականությունից»,- ասացին ինստիտուտի մեր աղբյուրները:

Վերջիններս նշեցին նաև, որ Գոռ Մարգարյանը տարբեր տեղերում հայտարարում է, որ իր մեջքին կանգնած է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, և նրանից ընտրվելու «դաբրո» ունի:

Տեսանյութեր

Լրահոս