Պետք է առնվազն սկսենք մտածել 4-րդ Հանրապետության գաղափարի մասին. Նիկոլ Փաշինյանը դեռևս ամռանն էր գուժել ՀՀ 3-րդ Հանրապետությունը վերացնելու իր մտադրության մասին

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն. ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որն իրականացնելու համար երկու անգամ արդեն սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ու հանձնաժողով է ձևավորվել, այլ հենց նոր Սահմանադրություն, ինչը նշանակում է Հայաստանի Երրորդ Հանրապետության դադարեցում:

Ոչ մի գաղտնիք չկա այն բանում, որ Նիկոլ Փաշինյանին նոր Սահմանադրության պահանջ դրել է ադրբեջանա-թուրքական տանդեմը՝ ՀՀ գործող Սահմանադրությունից, ասել է թե՝ պետության նվիրական նպատակների ցանկից հանելու համար Արցախի հարցն ու Հայոց ցեղասպանության պահանջատիրության մասին հիշատակումը:

Այս պահանջը, թերևս, նոր չի դրվել Նիկոլ Փաշինյանի առաջ, և դեռևս 2023թ. հունիսին, երբ դեռևս հանձնված չէր Արցախը, իր բնօրրանից տեղահանված չէր 120.000 էթնիկ հայ, վերջինս խոսել է 4-րդ Հանրապետության մասին:

«Մենք այսօր ստեղծել ենք բոլորովին ուրիշ պետություն: Մենք այսօր այն պետությունում չենք ապրում, որ պետությունում ստանձնել ենք իշխանությունը և քաղաքական պատասխանատվությունը, և մենք սրանից պետք է անենք որոշակի հետևություններ: Ընդ որում, այդ պետությունը փոխվել է 2018թ.-ին: Գուցե ժամանակն է, որ մենք առերեսվենք այդ պետությունը բրենդավորելու անհրաժեշտությանը: Եվ մենք պետք է առնվազն սկսենք մտածել 4-րդ Հանրապետության գաղափարի մասին»,- իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության 2-րդ քաղաքական ժողովի մասնակիցներին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

Վերջինս նաև նշել է, որ ինքը նախկինում հաշտ է եղել այն քաղաքական խոսույթի հետ, որը դրված է Անկախության հռչակագրում:

«Մտածել եմ՝ դասարա՞ն է, ի՞նչ է, 3-րդ դասարանից փոխվեցինք 4-րդ դասարա՞ն: Բայց ես հիմա  կարծում եմ, որ պետք է մտածենք այս գաղափարի մասին: Ընդ որում, համոզված չեմ, որ այս գաղափարը գործնական օգուտներ կտա: Բայց սա նշանակում է, որ այս պետության բրենդավորումը պետք է փոխվի, կամ առնվազն սրա մասին պետք է մտածել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ 2020թ. աղետաբեր պատերազմից կարճ ժամանակ անց՝ 2021թ. հունվարի սկզբին,  ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հոդված էր հրապարակել, իր բառերով՝ բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին: Այդ հոդվածն անմիջապես և ամբողջությամբ վերատպել էր նաև Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը»:

«Հայաստանի «Երրորդ Հանրապետությունը» այլևս անցյալ է, մենք առերեսվում ենք նոր իրականության հետ, որը մեզ ստիպում է լինել չափազանց սթափ, հաշվենկատ և նպատակասլաց: Այն ազգային անհոգությունը, անկազմակերպվածությունը, անկարգապահությունը և անհետևողականությունը, այն կեղծ օրակարգերը, գաղափարները և մոտեցումները, որոնք մեզ ուղեկցում էին վերջին տասնամյակներին, պետք է նետել պատմության արխիվ: Ցավոք, մինչև այսօր Հայաստանում և Հայկական աշխարհում չկա տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների իրական չափերի և դրանց պատճառների ու հետևանքների ամբողջական ընկալում: Մենք պետք ունենք հասկանալու, որ մեզ համար սկսվում է պատմության նոր էջ իր մարտահրավերներով, և այս անգամ՝ չսխալվելու, գրագետ և պրոֆեսիոնալ գործելու բացառիկ հրամայականով: Ինչպես էլ կոչենք այդ նոր էջը՝ «Նոր էջ», «Ռեսթարտ», «Նոր սկիզբ», «Վերելքի սկիզբ», «Չորրորդ Հանրապետություն» կամ այլ կերպ, միևնույնն է, իրականությունն այն է, որ մտնում ենք պատմության նոր փուլ»,- գրել էր Արմեն Սարգսյանը:

Զուգադիպությո՞ւն է… Թերևս ոչ: Այս հոդվածից մեկ տարի անց Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց:

 

Տեսանյութեր

Լրահոս