«Գուցե եթե գերի ընկած լինեի, անգամ հայերն այդպես չվարվեին»․ ադրբեջանցի վետերան

Բառացի թարգմանությամբ և առանց որևէ փոփոխության Aravot.am-ը ներկայացնում է օգոստոսի 5-ին ադրբեջանական ընդդիմադիր համարվող «Meydan TV» կայքում հրապարակված հոդվածը։ Այն վերնագրված է․ «Պատերազմի բանտարկված վետերան․ «Մեզ «գնա՛, գնա՛» գոռալով մահվան ուղարկած ադրբեջանցի ժողովուրդը մեր կողքին չկանգնեց»»:

Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի մի քանի մասնակիցներ, որոնք այժմ գտնվում են բանտում, հարցազրույց են տվել Meydan TV-ին։ Այս անձինք, որոնց կալանավորների մեծ մասը անունով չի դիմում, այլ պարզապես անվանում է «վետերան» (qazi), պնդում են, որ թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով իրենց դեմ գործեր են սարքել և բանտարկել։ Նրանք պատմել են հետպատերազմյան կյանքում իրենց խնդիրների, ձերբակալության պատճառների և քրեակատարողական համակարգում հանդիպող դժվարությունների մասին։

«Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, աղքատ կյանք եմ ապրել։ Բայց շատ եմ սիրել հայրենիքս։ 2020 թվականին կամավոր գնացի պատերազմ, մենք հաղթանակ տարանք, բայց դրա պտուղները ուրիշները քաղեցին»,-Meydan TV-ին տված հարցազրույցում ասում է Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի մասնակիցը, որն այժմ բանտում է։

Նա չի ցանկանում, որ իր անունը հրապարակվի՝ բացատրելով պատճառը․

«Նրանց, ովքեր բողոքում են, ծեծում են, վիրավորում են, արգելում են տեսակցությունները։ Պատկերացրեք՝ Քրեակատարողական հիմնարկ N 11-ի պետ Շաքիր Գանիևը հացադուլ հայտարարած ղարաբաղյան պատերազմի վետերանին բոլոր կալանավորների ներկայությամբ ասել է․ «Եթե բերանով չուտես, հետևով կկերակրենք»։ Ահա այսպիսի վերաբերմունք կա այն վետերանների նկատմամբ, որոնք բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին բոլոր բանտերում և կալանավայրերում։

Կամ Շուվելանի կալանավայրի պետ Ջալիլ Ալիևը վետերանի գլուխը սափրել է, տարել և փակ տարածքում արևի տակ պահել։ Հետո գալիս էր, ստուգում նրան ու ծաղրում՝ հեգնանքով հարցնելով․ «Ինչպե՞ս ես»։ Ես ինքս բազմիցս ենթարկվել եմ նման խոշտանգումների»։

«Տեսեք, թե ինչ ողորմելի ու ճնշված վիճակի են հասցրել պատերազմի հերոսներին»,- ցավով ասում է նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ պատերազմից վերադառնալուց հետո նա չի կարողացել պատշաճ բուժօգնություն ստանալ, փոխարենը Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները նրան ձերբակալել են և ենթարկել դաժան խոշտանգումների․

«Անկեղծ ասած՝ խոշտանգումներն այնպիսի մակարդակի հասան, որ կարծես պատերազմում գերի էի ընկել։ Գուցե եթե գերի ընկած լինեի, անգամ հայերն այդպես չվարվեին։ Սկզբում օպերատիվ աշխատակիցները, ապա Մուզաֆֆար անունով վարչության պետը անձամբ վիրավորում ու խոշտանգում էր ինձ։ Ես նրան ասացի, որ ղարաբաղյան պատերազմի վետերան եմ, իսկ նա ասաց․ «Այդ դեպքում ինչո՞ւ չմեռար մարտի դաշտում»։

Երբ հիշում եմ այդ խոշտանգումներն ու նվաստացումը, զայրույթից խեղդվում եմ։ Եթե բանակի վետերանին ինչ-որ ոստիկանական վարչությունում Մուզաֆֆար անունով մեկը նման կերպ նվաստացնում ու կոտրում է, ապա մեղավորությունը Մուզաֆֆարի և Գերագույն գլխավոր հրամանատարի վրա է»։

Նրա խոսքով՝ մյուսների նման իր մոտ ևս թմրանյութ են «գտել», և չդիմանալով խոշտանգումներին՝ նա խոստովանական ցուցմունք է տվել․

«Սոցիալական ցանցերում մի քանի անգամ աջակցություն էի հայտնել վետերանների բողոքի ակցիաներին, որովհետև նրանք պահանջում էին իրենց հասանելիք օրինական իրավունքներն ու վճարումները։ Այդպես հայտնվեցի սև ցուցակում։ Բանտում երևի բազմաթիվ վետերանների եք հանդիպել։ Նրանց գրեթե բոլորի դեմ, ինչպես իմ դեպքում, գործեր են սարքել»։

Նրա կարծիքով՝ պատերազմի մասնակիցների բանտարկությունը պատահականություն չէ․

«Սկզբում ես դա չէի հասկանում, բայց հետո ամեն ինչ հասկացա։ Վետերանները հաղթանակով վերադարձել էին, և հասարակության վստահությունը նրանց նկատմամբ աճել էր։ Նման ակտիվ ու ազդեցիկ շերտի գոյությունը չէր կարող չանհանգստացնել իշխանություններին։ Այդ պատճառով վետերանների դեմ տարբեր մեթոդներով գործեր էին սարքում։ Նրանք միտումնավոր այնպիսի պայմաններ ստեղծեցին, որ ավելի քան 50 վետերան ինքնահրկիզվի և ինքնասպանություն գործի՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար։ Դրա համար այլ անվանում կամ բացատրություն չկա»։

Պատերազմի մասնակիցը դժգոհում է նաև ադրբեջանական հասարակությունից՝ սեփական ժողովրդից․

«Ցավոք, մեզ ոգևորելով դեպի մահ ուղարկած ադրբեջանցի ժողովուրդը նույնպես մեր կողքին չկանգնեց։ Տասը միլիոնանոց ժողովուրդը վախից լռեց 100-150 պաշտոնյաների առաջ»։

«Վերջերս Սվետլանա Ալեքսիևիչի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին գիրքն էի կարդացել՝ «Պատերազմը կնոջ դեմք չունի»։ Ճիշտն ասած՝ ես գրքեր կարդալու մեծ հակում ունեցող մարդ չեմ, բայց երբ կարդացի այս գիրքը, մեր իրավիճակի պատկերը կենդանացավ աչքերիս առաջ։ Կարդալով պատերազմի սարսափների և հետպատերազմյան խնդիրների մասին այս գիրքը՝ սարսափեցի։

Մեզ էլ խաբել էին այնպես, ինչպես խորհրդային հասարակությանը, ավելի ճիշտ՝ մենք միամտորեն խաբվել էինք։ Ինչպես պատերազմի սկսվելու ժամանակ Ստալինն առաջին անգամ խորհրդային ժողովրդին դիմեց «Իմ սիրելի՛ եղբայրներ և քույրեր» խոսքերով, և բոլորը հավատացին, որ բռնապետն անկեղծ է, և որ պատերազմից հետո թե՛ նա, թե՛ երկիրը կփոխվեն։

Գրքի հերոսներն իրենք էին խոստովանում, որ պատերազմից հետո հավատում էին, թե ամեն ինչ լավ է լինելու, որ իրենք ապրելու են բոլորովին այլ երկրում։ Մեզ մոտ էլ ճիշտ նույնն էր։ Բոլորը հավատում էին, որ երկրի գլխավոր, մեծագույն խնդիրը Ղարաբաղն է, և երբ այն լուծվի, մենք այլ Ադրբեջանում ենք ապրելու։

Բայց ոչինչ դեպի լավը չփոխվեց, և երկիրը միայն վատից վատթարացավ։ Արդյունքում հաղթանակի հերոսների դեմ գործեր սարքեցին նրանք, ովքեր օգտվեցին ու հարստացան այդ հաղթանակից։ Այնտեղ, որտեղ թափվել է մեր նահատակների արյունը, Իլհամ Ալիևը ծաղկեցրեց իր ընտանիքի բիզնեսը»,- ասում է նա։

Պատերազմի մասնակիցն ասում է, որ այլևս ոչ մեկից օգնություն չի սպասում․

«Ես հրաժարվել եմ բոլորից՝ կառավարությունից, դատարաններից և ադրբեջանցի ժողովրդից։ Ես սա չեմ ասում, որպեսզի ինչ-որ մեկը ինձ օգնի։ Ասում եմ, որպեսզի բոլորը իմանան ճշմարտությունը։ Եվ որպեսզի, եթե նման իրավիճակ կրկին առաջանա, սովորական մարդկանց երեխաներին աղմուկ-աղաղակով մահվան չուղարկեն»։

«Երբ բանտում տեսա քաղաքական բանտարկյալներին և խոսեցի նրանց հետ, հասկացա, թե որքան ճիշտ էին նրանք։ Հիմա, երբ բանտում հանդիպում եմ իմ ընկեր վետերաններին կամ նույնիսկ ինձ անծանոթ պատերազմի մասնակիցներին, նրանց բացահայտ ասում եմ՝ զբաղվեք քաղաքականությամբ։ Մենք երկիրը ազատագրեցինք օկուպացիայից, բայց գերությունը մնաց։ Մենք ներսում ենք, բայց դրսում գտնվող մեր երեխաները, ընտանիքները, ծնողները նույնպես գերության մեջ են։ Նրանց էլ պետք է փրկել»,- ասում է ղարաբաղյան պատերազմի վետերանը։

Մեկ այլ պատերազմի մասնակից նույնպես Meydan TV-ին պատմել է, որ իր դեմ գործ են սարքել․

«Պատերազմից առաջ մեքենա ունեի։ Վերադառնալուց հետո մեքենաս հրապարակեցի սոցիալական ցանցերում՝ գրելով, որ ուզում եմ վաճառել։ Մեքենաս վաճառեցի, գումարի մի մասը ծախսեցի բուժման վրա, իսկ մնացածով ավելի էժան մեքենա գնեցի։ Սա նաև TikTok-ում էի հրապարակել՝ (հարցնելով), թե ինչպես է իմ նոր մեքենան։

Մի քանի օր անց ինձ ձերբակալեցին և տարան Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն»։

Վետերանն ասում է, որ իր դեպքում ևս թմրանյութ են «տեղադրել»․

«Վարչությունում ինձ հարցրին՝ որտեղի՞ց է այդ գումարը, ամեն օր մեքենա՞ ես փոխում։ Ես չէի կարողանում բացատրել, որ մեքենաս վաճառել և ավելի էժան մեքենա էի գնել։ Ինձ վրա թմրանյութի թեմա դրեցին և բանտ ուղարկեցին։

Սա է հաղթանակի պարգևը, հաղթանակի նվերը։ Ահա այսպես ինձ պարգևատրեցին։ Չգիտեմ՝ ինչի համար կամ ում անունից են մեզանից վրեժ լուծում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31