Նեյմարը մոտ է Սանտոսից հեռանալուն. բրազիլացին կարիերան շարունակելու նախընտրած ուղղություն ունի
Բրազիլացի աստղային հարձակվող Նեյմարը մոտ է իր ներկայիս ակումբից՝ բրազիլական «Սանտոսից» հեռանալուն։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է ֆուտբոլիստի ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքից։
Մասնավորապես, նա հաճախ է բաց թողնում մարզումները, իսկ մասնակցելու դեպքում էլ երբեմն նախատեսվածից շուտ է լքում մարզաբազան։ Նեյմարի գործող պայմանագիրն ավարտվում է տարեվերջին, և, ամենայն հավանականությամբ, այն չի երկարաձգվի։
Միևնույն ժամանակ, իսպանական հեղինակավոր Marca պարբերականը հաղորդում է, որ բրազիլացին հետաքրքրված է «Ինտեր Մայամի» տեղափոխությամբ։ Ամերիկյան ակումբում են հանդես գալիս նրա նախկին թիմակիցներն ու մտերիմ ընկերները՝ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, որոնց հետ նա ժամանակին խաղացել է կատալոնական «Բարսելոնայի» կազմում։ Հիշեցնենք նաև, որ Մեսսիի հետ Նեյմարը հանդես է եկել նաև ֆրանսիական ՊՍԺ-ում։

