Բյուջեից 3.5 միլիարդ եք տվել ներդրողին, որովհետև թուրքը կրակում է ՀՀ-ում կառուցվող գործարանի վրա
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, խոսելով ՀՀ տնտեսական անվտանգությանը սպառնացող վտանգների մասին, ասաց, որ Կառավարության 2023 թվականի որոշմամբ՝ «ՋԻ ԹԻ ԲԻ ՍԹԻԼ» ՍՊԸ-ին նվիրաբերությամբ նորից տրամադրվել է հողամաս՝ Արարատի մարզի Արարատ համայնքում պողպատի գործարանի կառուցման համար։
«Երասխում այս նույն ծրագիրն արդեն դադարեցվել է։ Որոշման հիմնավորման մեջ մեջբերվել է. «դադարեցվել է, ելնելով որոշ հանգամանքներից»։ Իրական պատճառները որքան էլ կոծկեք, դրանք ակնհայտ են, թուրքը կրակում է ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող օտարերկրյա ներդրումների վրա, նրանց աշխատողների վրա՝ պարբերաբար, բոլորի աչքի առաջ։ Ռազմական ուժի բացահայտ գործադրմամբ պարտադրում է իր կամքը՝ մեր երկրում կայացվող որոշումների վրա, այդ թվում՝ ձեր իշխանությունների կողմից կայացվող որոշումների վրա։
Նախորդ շաբաթ Կառավարության որոշմամբ ընկերությանը տրամադրվեց 3,5 մլրդ դրամ բյուջետային վարկ արտոնյալ պայմաններով։ Ինչո՞ւ, նույն պարզ պատճառով՝ անվտանգության սպառնալիքների պատճառով։ Ծրագիրը մի քիչ ավելի անվտանգ վայր տեղափոխելու նպատակով ընկերությանը փաստորեն տրամադրվում է 3,5 մլրդ դրամի արտոնյալ վարկ։ Կառավարությունն այս որոշումն ընդունեց առանց բարձրաձայնելու, ծածուկ, առանց քննարկման, դե, ասելու բան չունեն։
Հետաքրքիր կլիներ պարզել, այս տրամաբանությամբ տեղափոխելով ծրագրի իրականացման վայրը, կարո՞ղ է հասնել Երևան, կենտրոն՝ ՀՀ կառավարության նստավայր»,- շեշտեց Թադևոս Ավետիսյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում