Բաժիններ՝

Ա և Բ գոտու կայանատեղերի վճարման համակարգում առկա խնդիրները դեռևս չեն կարգավորվել. քաղաքապետարանի մեկնաբանությունը

Նախօրեին համացանցի օգտատերերն ահազանգել էին կայանատեղիների համար նախատեսված տարեկան 160.000 դրամների վճարման համակարգում առկա խափանումների մասին:

Մասնավորապես, օգտատերերից մեկը հայտնել էր, որ վճարում կատարելու ժամանակ քաղաքապետարանից իրեն փոխանցված հաշվեհամարը վավեր չէ:

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն էլ արձագանքել էր գրառմանը՝ հայտնելով, որ վճարումներն այդ պահին հնարավոր է իրականացնել միայն բանկային հավելվածի, Easypay և r-epayment-ի միջոցով՝ հավելելով, որ վճարային մյուս համակարգերի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, որոնք «շուտով կկարգավորվեն»:

Պարզելու համար՝ արդյոք կարգավորվե՞լ են խնդիրները՝ 168.am-ն այսօր կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ: Պարզվեց՝ խնդիրները դեռևս կարգավորված չեն:

Կարդացեք նաև

«Այդ վճարումներն անելու մի քանի տարբերակ կա: Խոսքը և՛ ամսական, և՛ տարեկան վճարումների մասին է: Վճարային համակարգերից բացի, հնարավոր է վճարում կատարել նաև բանկային փոխանցման ու բանկային հավելվածի միջոցով: Այս պահին, idram-ի ու Telcell-ի հետ կապված տեխնիկական խնդիրներ կան, ու հնարավոր չէ այդ երկու օպերատորների միջոցով վճարումները կատարել: Բայց դրան զուգահեռ, կան այլ վճարային համակարգեր, ինչպիսիք են easypay-ը, epayment-ը և այլն, որոնցով լինում է իրականացնել այդ գործընթացը: Դրանք տեխնիկական բնույթի խնդիրներ են, որոնք առաջիկայում կարգավորվելու են: Այսինքն, մեկ տարբերակ չէ, որով քաղաքացիները հնարավորություն ունեն կատարելու իրենց վճարումները»,- ասաց Հայկ Կոստանյանը՝ հավելելով, որ, դրանից բացի, գործում են նաև 1045 և 5045 կարճ հեռախոսահամարները, որոնց միջոցով կատարվում են ժամային վճարումները:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված առաջացած խնդիրը, արդյո՞ք քաղաքապետարանի կողմից ծրագրի տեղադրման խնդիր է, թե՞ օպերատորի աշխատանքի՝ Կոստանյանը դժվարացավ պատասխանել:

Քաղաքապետի մամուլի քարտուղարի խոսքով, կայանատեղերի բաշխման մասին քաղաքապետարանը տեղեկություններ է հրապարակել տարբեր հարթակներում: Իսկ կայանատեղերում, նրա խոսքով, տեղադրված են հատուկ ցուցանակներ, որոնք վարորդներին օգնում են հստակ կողմնորոշվել նաև կայանատեղերի բաշխվածության հարցում:

«Ա և Բ գոտիներում տեղադրված են առանձին ցուցանակներ: Կարմիր ցուցանակը տեղադրված է Ա գոտում, իսկ Բ գոտում կարող են տեսնել կապույտ ցուցանակներ: Այս ցուցանակների վրա ամբողջական տեղեկատվությունն արված է: Այսինքն, վարորդը, որը մոտենում ու տեսնում է այդ ցուցանակներից որևիցե մեկը, ինքն արդեն պատկերացում ունի, թե այդ մեքենան կայանելիս ինքը պետք է իրականացնի Ա գոտու վճա՞ր, թե՞ Բ գոտու: Այդտեղ ներկայացված է նաև, թե ժամավճարի, ամսական ու տարեկան վճարման համար ինչ ձևով է վճարումն իրականացվելու»,- մանրամասնեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Ինչպես հայտնի է՝ հունվարի 1-ից գործող նոր օրենքով՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների համար վարորդները տարեկան կվճարեն 160.000 դրամ։

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս