Փրկվեք այս աշխարհի ջրհեղեղներից, նախանձից, որկրամոլությունից. եկեք եկեղեցի. Տեր Շահե

Տասնյակ տարիներ եկեղեցում կատարվում էր հայրապետական մաղթանք, հետո Վեհափառ հայրապետի բարձր կարգադրությամբ նաև օրհնվեց նուռը, որը մեծ երջանկություն պարգևեց մեր հասարակությանը, հավատացյալներին։ Իրենք էլ են երջանիկ լինում, որ կարողանում են ոչ թե՝ ունայն, անհասկանալի սեղանի շուրջ բաժակ չխկացնելով, այլ Աստծո հետ հաղորդակցվելով,  աղոթքով դիմավորել Նոր տարին։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը՝ ներկայացնելով այսօր կեսգիշերին Առաքելական բոլոր եկեղեցիներում սպասվող նռանօրհնեքի արարողությունը։

Քահանան ներկայացրեց նաև, թե ինչու է Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին,  կաթոլիկները՝ դեկտեմբերի 25-ին, իսկ այս տարբերությունը հասկանալու համար պետք է մտքով գնալ Հուլիանոս ուրացողի շրջան։ Քրիստոնյաներին հալածում էին, տարբեր ազգերից եղան բազում նահատակներ։

«Հուլիանոսն ուզում էր հիմնովին արմատախիլ անել քրիստոնեությունը Հռոմեական Կայսրության սահմաններից։ Նա սկսեց Արևի պաշտամունքն առաջին պլան մղել և դեկտեմբերի 22-ին, որն ամենաերկար գիշերն է և ամենակարճ ցերեկը, ստեղծեց տաճար, որն ավելի մեծ էր, քան մյուս բոլոր տաճարները։ Ժողովուրդը գայթակղվում էր, վերադառնում էր հեթանոսությանը, փաստորեն քրիստոնեությունը վերանում էր։ Այդ ժամանակ Գրիգոր Նազիանզացի հայրապետը, որպեսզի կարողանա ժողովրդին հավաքել, ստիպված Էլիոսի պաշտամունքի օրերը դարձրեց Քրիստոսի ծննդյան օր։ Սա նա արդարացրեց ևս մեկ բանով,  որպեսզի հունվարի 5-ի երեկոյան ճրագները հասնեին Հռոմ, 12 օր առաջ Երուսաղեմից վերցնում էին ճրագը և նավով տանում-հասցնում էին այնտեղ։ Հուլիանոս ուրացողը, իհարկե, հեռացավ կյանքից, և Նազիանզացին կրկին վերադարձավ հունվարի 5-ի երեկոյան ճրագալույցին։ Նրանից հետո, արդեն 5-րդ դարում Հռոմի պապը՝ Լևոն Պապը, կրկին վերադարձավ դեկտեմբերի 24-ի երեկոյան նշելուն»,- փոխանցեց տեր Շահեն։

Կարդացեք նաև

Հայ Առաքելական եկեղեցիներում Սուրբ ծննդյան տոներին երեք օր շարունակ տեղի է ունենում պատարագ։ Հունվարի 5-ի երեկոյան Ճրագալույցի պատարագն  է, հունվարի 6-ին  բուն ծննդյան տոնն է և Ջրօրհնեքը, իսկ հունվարի 7-ն արդեն ննջեցյալների համար պատարագ է։

«Ծննդյան տոնը կայուն է, որովհետև այն մեր դավանաբանության հիմքն է, հնագույն հիմքը։

Նախկինում ժողովրդի թիրախը Սուրբ ծնունդն էր, ոչ թե Կաղանդ տոնը»,- ընդգծեց քահանան։

Խոսելով հայաթափված Արցախի և այս համատեքստում Ամանորը Հայաստանում ճոխ նշելու և  գոնե այս տարի այդ սովորույթից չհրաժարվելու մասին, տեր հայրը հիշեցրեց, թե ինչպես տարիներ առաջ Սուրբ խաչը բարձրացվեց Աղթամար եկեղեցու գմբեթին։

«Ես իմ համար կորցրած որևէ բան չեմ համարում, որովհետև այն գենը, հողը, ջուրը, այն սրբությունները, Աստծո նախախնամությունները, որոնք գտնվում են Արցախ աշխարհում, և վերջապես Գրիգոր Լուսավորիչն ու Մեսրոպ Մաշտոցն են այնտեղ գործել։ Այդ ամենը չպետք է կորչի, նրանց բարեխոսությունը պետք է խնդրենք, որպեսզի այդ ամենը վերադառնա»,- նշեց քահանան։

Նրա բնորոշմամբ՝ մարդկանց հոգևոր կյանք բերելու համար պետք է շատ լուրջ աշխատել, պետք է բարձրացնել նաև եկեղեցու հեղինակությունը, որպեսզի եկեղեցու կարևորությունը ժողովուրդը հասկանա։

«Փրկվեք այս աշխարհի ջրհեղեղներից, նախանձից, որկրամոլությունից, ծուլությունից և եկեք եկեղեցի, որտեղ միայն Աստծո փառաբանությունն է։ Ադամը հենց դրա համար էլ ստեղծվեց, որ հողեղեն արարածը փառաբանի Աստծուն»,- եզրափակեց քահանան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս