Հերթն ալյումինե ռադիատորներինն է. արդյոք կարժանանա՞ նախկին գործարանների ճակատագրին
Ինչպես է լինում, որ մեր տնտեսությունը վերջին երկու տարիներին «աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունների շարքում է», էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ասելով՝ տասնյակում, հետո՝ հնգյակում, իսկ Հայաստանում նոր արտադրություններ գրեթե չկան։ Այդպես է արդեն վաղուց և ոչ միայն՝ վերջին երկու տարիներին, երբ Հայաստանի տնտեսությունն աճի համաշխարհային ռեկորդներ է գրանցում։ Սովորական է դարձել, որ այս կամ այն արտադրության բացվելու վերաբերյալ իշխանությունների շռնդալից հայտարարություններից հետո, այդ արտադրություններն այդպես էլ չեն բացվում, բացվելուց հետո էլ արագ փակվում են։
Համաշխարհային աճեր արձանագրող Հայաստանի տնտեսության մեջ նույնիսկ դժվար է հիշել, թե վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը երբ է մասնակցել որևէ արտադրության բացման։ Ոչ թե նրա համար, որ չի ցանկացել մասնակցել, այլ՝ որովհետև այդպիսի արտադրություններ չեն բացվել։
Ժամանակին իհարկե, եղել է նման մեկ-երկու դեպք, երբ Նիկոլ Փաշինյանը, իր կառավարության ձեռքբերումները տիրաժավորելու համար, այցելել է նորաբաց գործարաններ։ Սակայն նրա այցերից կարճ ժամանակ անց այդ գործարանները փակվել կամ դադարել են գործել։
Եթե հավատալու լինեինք իշխանությունների ասածներին, հիմա Հայաստանը պիտի ողողված լիներ հայկական արտադրության հեռուստացույցներով, լվացքի մեքենաներով, սառնարաններով, կենցաղային այլ սարքավորումներով։ Չասենք՝ այլ երկրների շուկաները։ Բայց հայկական հեռուստացույցներ, լվացքի մեքենաներ, սառնարաններ, կենցաղային այլ սարքավորումներ արտադրող գործարանը Նիկոլ Փաշինյանի այցից կարճ անց կանգնեց, հետո փակվեց։ Այն վաղուց անցել է պատմության գիրկը։
Նիկոլ Փաշինյանն էլ, որը ժամանակին պարբերաբար փորձում էր հերքել գործարանի փակվելու վերաբերյալ խոսակցությունները, մոռացել է, թե ինչեր էր ասում։ Ասում էր՝ ժամանակի ընթացքում հեռուստացույցներն ու կենցաղային տեխնիկան կարտադրեն ոչ թե ներկրվող սարքավորումներով, այլ սարքավորումները կարտադրեն տեղում, որպեսզի «այդ արտադրանքը կարողանանք լիարժեք հայկական համարել»։
Հայ-լիբանանա-սիրիական համատեղ այդ գործարանում սկզբնական փուլում պիտի արտադրվեր տարեկան 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա, որի մեջ մտնում էին ոչ միայն հեռուստացույցները, այլև լվացքի մեքենաները, օդափոխիչները, սառնարանները և այլ տեխնիկական միջոցները։ Ծրագիրը պիտի իրականացվեր երեք փուլերով՝ առաջին փուլում իրականացվելու էր տեխնիկայի հավաքում, երկրորդում՝ սարքավորումների ու մասերի արտադրություն, և երրորդում՝ ամբողջական արտադրության կազմակերպում։ Արտադրանքն էլ պիտի վաճառվեր ոչ միայն՝ Հայաստանում, այլև՝ տարածաշրջանի ու ԱՊՀ երկրներում։
Բայց ի՞նչ եղավ. բացումից մեկ-երկու ամիս անց գործարանը փակվեց։
Փակումից հետո, այսօր արդեն Նիկոլ Փաշինյանի կաբինետում փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Խաչատրյանը, ով այն ժամանակ տնտեսության զարգացման ու ներդրումների նախարարն էր, ամեն կերպ փորձում էր հերքել գործարանի փակվելու վերաբերյալ լուրերը։
«Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե «ԱՅ ԷՄ ՋԻ գրուպ» ՓԲԸ-ն գոյություն չունի, իրականությանը չի համապատասխանում։ Այդ կազմակերպությունը կա, պարզապես արտադրանքի որոշակի ուշացում է եղել՝ պայմանավորված տեխնիկական խնդիրներով»,- տարածված տեղեկությունները հերքում էր Տիգրան Խաչատրյանը։
Ավելին, կառավարության նիստում հեքիաթներ էր հորինում գործարանի աշխատանքի վերաբերյալ, հավաստիացնում էր, որ այն ոչ միայն չի փակվել, այլև աշխատում է ու շուտով ավելացնելու է արտադրության ծավալը։
«Այս պահին այնտեղ 15 մարդ հեռուստացույցներ են հավաքում։ Ինձ հրավիրում էին, ես ասացի՝ մինչև 70 մարդ միաժամանակ աշխատանքային պրոցեսում չլինի, չեմ գնա։ Սա կատակով, իհարկե, բայց հաջորդ շաբաթներին, երբ արդեն կգան լվացքի մեքենաների և մնացած տեխնիկայի մասերը, որոնք ճանապարհին են, և 70 մարդ աշխատանքի մեջ կլինի, ես կգնամ այնտեղ, և լայն հանրային լուսաբանում կլինի։ Այս պահին 1200 հազար հեռուստացույցների համար անհրաժեշտ մասերը գտնվում են այստեղ»,- կառավարության նիստում գործարանի բացումից հինգ ամիս հետո հավաստիացնում էր Տիգրան Խաչատրյանը։
Թե ինչ եղավ դրանից հետո, բոլորին հայտնի է։
Կենցաղային տեխնիկայի արտադրությունը «հաջողությամբ» զարգացնելուց ու տեղական-միջազգային շուկաները նվաճելուց հետո, անցան այլ ապրանքներին, այդ թվում՝ ավտոմեքենաներին։ Մինչ այդ, հիշենք, թե Գավառում Նիկոլ Փաշինյանն ինչպիսի հաստատակամությամբ էր խոսում Հայաստանում բամբակ աճեցնելու ու հարյուրավոր, նույնիսկ հազարավոր աշխատատեղերով տեքստիլ գործարան հիմնելու մասին։
«Խոսում են ներդրումների մասին, որ ներդրողներ չկան: Ես դրան կպատասխանեմ մեկ օրինակով, որը շատ հետաքրքիր է: Ես երբ մտել եմ վարչապետի սենյակ, ինձ տեղեկացրել են, որ մի գործարար ՀՀ է բերում բամբակի սերմեր, և մաքսային մարմիններում խնդիրներ են առաջացել: Հիմա պարզվում է, որ այդ բամբակը սպասվածից շատ բերք է տվել: Այդ գործարարը ծագումով Գավառից է և այստեղ տեքստիլ գործարան է բացել: Այն կսկսի աշխատել հունվարից՝ մինչև 600 աշխատատեղով, նախատեսվում է աշխատակիցների թիվը հասցնել 1200-ի»,- Գավառի բնակիչներին ասում էր Նիկոլ Փաշինյանը:
Եթե կենցաղային տեխնիկայի գործարանը գոնե մի քանի ամիս աշխատեց, այս մեկն առանց բացվելու՝ փակվեց։
Առանց բացվելու՝ փակվեց նաև գյուղտեխնիկայի արտադրությունը, որի մասին էլի Գավառում հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ «Մեկ այլ սփյուռքահայ գործարար էլ որոշել է Երևանում հիմնել գյուղտեխնիկայի արտադրություն»։
Հետո հերթը եկավ գազի բալոնների արտադրության գործարանի բացմանը, որտեղ նաև իրանական ավտոմեքենաներ պիտի արտադրվեին կամ հավաքեին։
Գազի բալոններ մի կարճ ժամանակ կարծես արտադրվեցին, իսկ ավտոմեքենաներ՝ ընդհանրապես։
Իրանականից հետո հայտարարեցին հայ-կորեական ավտոբուսների արտադրություն սկսելու մասին։ Այս մեկն էլ մնաց թղթի վրա։ Ոչ մի ավտոբուս էլ չարտադրվեց։
Ավտոբուսներին փոխարինելու եկավ հայտնի «Սեպուհ 1»-ը։ Էկոնոմիկայի նախարարն ազդարարեց Հայաստանում ավտոմեքենաների արտադրության մեկնարկի մասին։ Մեկնարկից կարճ ժամանակ անց սա էլ կանգնեց։ Հայտնի էլ չէ, կվերաբացվի՞, թե՞ չէ։ Ընկերությունը լուրջ խնդիրների առաջ է։ Շուկա չունի։
«Սպասում ենք, տեսնենք, թե Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ինչպես են զարգանում, որովհետև մեր հիմնական շուկան պետք է Ռուսաստանը կամ ԵԱՏՄ երկրները լինեն։ Հիմա մտածում ենք` շարունակե՞նք աշխատել, թե՞ ոչ, որովհետև Հայաստանի շուկան շատ փոքր է սպառում ապահովելու համար, մեր ծախսը չի ծածկի»,- ասում են ավտոմեքենաների հավաքում իրականացնող ընկերության սեփականատերերը։
Լուծված չեն նաև ավտոմեքենաների անվտանգության փորձարկման հետ կապված խնդիրները, առանց որի անհնար է իրացում կազմակերպել։
Այսպիսին է Հայաստանում ավտոմեքենաների հերթական արտադրության ընթացքն ու ապագան, որի հետ կապված՝ ամիսներ առաջ իշխանությունները հեքիաթներ էին պատմում, քարոզչական մեծ արշավ էին սկսել։
Հիմա էլ հերթն ալյումինե ռադիատորներինն է։
«Հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների գործարան։ Նախկինում չի եղել, սա բարձր տեխնոլոգիական արտադրություն է»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։
Չստացվի այնպես, որ այս մեկն էլ արժանանա նախորդների ճակատագրին։ Արդեն սովորական է դարձել, որ էկոնոմիկայի նախարարի այսպիսի հայտարարությունները, ի վերջո, վատ ավարտ են ունենում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ