Արցախցիները դեռ չեն ստացել մի քանի ամսվա թոշակները

Դեռևս այս տարվա հոկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդարանի բարձր ամբիոնից բարձրագոչ հայտարարություններ էր անում Հայաստանի «ժողովրդավարության» մասին: Երկարաշունչ ելույթ հնչեց նաև այն մասին, թե ինչպես «ՀՀ կառավարությունն ու ժողովուրդը համախմբվեցին» Արցախում էթնիկ զտումների զոհ դարձած ավելի քան 100.000 հայերին ընդունելու, ապաստան տալու խնդրի լուծման շուրջ՝ այդ գործը «պատվով կատարելով»:

«Այն աստիճան, որ միջազգային մեր գործընկերները խոստովանում են, որ իրենք չեն տեսել մի դեպք, երբ մեկ շաբաթում մի երկիր 100 հազար փախստական մտնի, և այդ երկիրը կարողանա բոլորին ընդունել՝ առանց փախստականների ճամբարներ և վրանային ավաններ հիմնելու»,- հայտարարել էր Փաշինյանը:

Հայտարարություններն արվեցին, արևմտյան հարթակները «զարմացան»: Իրականությունը, սակայն, մեղմ ասած, մի փոքր այլ է:

Արցախյան ցեղասպանությունից մազապուրծ լինելուց ու բռնի տեղահանվելուց 4 ամիս անց էլ արցախցիները չեն դադարում ահազանգել իրենց խնդիրների մասին. ապրելու համար անգամ տարրական պայմանների բացակայություն, աջակցության գումարների ուշացում, գործազրկություն, աննկարագրելի բարձր բնակվարձեր:

Կարդացեք նաև

Արցախի Մարտակերտի շրջանից, ընդամենն իրենց հագուստով ՀՀ տեղափոխված, մեծ ունեցվածք թողած Գայանե Ավանեսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն մի քանի ամիս է՝ երեխաների համար նախատեսված նպաստները չեն կարողանում ստանալ: Կանգնած են ապրուստի հարցը լուծելու խնդրի առջև:

«Ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ է, չի կարող աշխատել: Իր թոշակն արդեն քանի ամիս է՝ չեն տրամադրում: Իրենց կարծիքով՝ մենք օդո՞վ ենք սնվում: Տանն անչափահաս, դպրոցական երեխաներ կան: Մենք էլ վարձով ենք մնում: Այստեղ էլ օգնություն չեն տրամադրում: Ամեն ինչ առնելով ենք լուծում, բայց գումարը հես ա կվերջանա, ու նորից կկանգնենք փաստի առաջ»,- ցավով ասաց արցախցի մեր հայրենակիցը:

Գայանեի խոսքով՝ իր ընտանիքն անցած ամիսների ընթացքում միայն 100.000 դրամներն է ստացել: Դրանով էլ տան վարձն են վճարել: Մյուս պարագաների համար միջոցներ գրեթե չեն մնացել: Ընտանիքը դեռ չի ստացել նաև դեռևս նոյեմբերի համար նախատեսված 40.000+10.000 դրամներն ու 50 հազար դրամ աջակցության գումարները:

«Էստեղ էլ տները շատ թանկ են: Վարձը 100.000 դրամ է: 80.000 դրամ էլ կոմունալներն են կազմում: Արցախում ամուսնուս թոշակը, փոխհատուցումն էլ գումարած, կազմում էր ամսական 45.000 դրամ: Հիմա Հայաստանում ասում են՝ այդ փոխհատուցումը չի լինելու: Բայց ինչի՞ չի լինելու, երեսունքանի հազար պետք է ստանանք: Ի՞նչն է փոխվել, որ չի լինելու: Ստացվում է, որ ամեն ինչ անում են, որ չկարողանանք գոնե գլուխներս պահել»,- եզրակացրեց Գայանե Ավանեսյանը:

Այս պահին էլ ընտանիքը մշտական եկամուտ չունի: Ասում է՝ Գյումրիում հեշտ չէ աշխատանք գտնելը: Դեռ շարունակում են գոյատևել ստացված աջակցության գումարներով: Միջոցների ավարտվելու դեպքում՝ փաստի առջև են կանգնելու: Երեխաներն էլ ձմռան կեսին նորմալ հագուստ չունեն: Գայանեն ասում է՝ մի ձեռք հագուստ է, երեկոյան լվանում են, առավոտյան հագնում:

«Էս տանն էլ, որ մնում ենք, տանտիրոջ ապրանքներն են: Եթե հանկարծ տան վարձը չկարողանանք վճարել, ուղղակի դրսում ու առանց ապրանքների կմնանք: Ոչ մի բան չունենք: Ոչ մի բան չենք կարողացել բերել հետներս: Մի հագուստով դուրս ենք եկել: Մենք Մարտակերտից ենք: Մեքենա չունեինք: Արցախում մնացինք այնքան, մինչև այդ վերջին ավտոբուսներով կարողացանք գալ: Մենք էլ բանակի աշխատող ենք: Տղաս մի քիչ ուշ իջավ պոստից: Մի քիչ խնդիրներ կային, վատ լուր լսեցինք, ասացինք՝ դուրս չենք գալիս, մինչև էրեխեն չհայտնվի: Տենց, էրեխեն հայտնվեց, մենք էլ վերջին ավտոբուսներով, լավ-վատ, դուրս եկանք Արցախից: Բերեցին Գյումրի: Էդպես էլ մնացել ենք այստեղ»,- շեշտեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցը՝ հավելելով, որ բարեբախտություն են համարում գոնե ՀՀ-ում լավ ու բարեկամ մարդկանց հանդիպելը:

«Այս տանտերն ինչ ուներ՝ թողել է: Շատ բարի մարդիկ են: Այդ առումով է բախտներս բերել: Տեսան, որ դատարկ ձեռքերով ենք եկել: Տնից ոչ մի բան չեն հանել: Այնտեղ էլ 3 տուն ենք թողել: Մեկը սկեսրայրիս տունն է, որ մեզ է մնացել, մեկը մամայիս տունն է: 44-օրյայից հետո էլ Այգեստանում՝ Ասկերանի շրջանում, մեծ տղայիս համար տուն առա: Ասացի՝ գնա բանակ՝ գա, որ ամուսնանա, ընտանիք կազմի, ապրի այնտեղ: Այդ տունն էլ վերանորոգեցինք: Ամեն ինչ սարքեցինք-դրինք, թողեցինք ու եկանք»,- ցավով հիշեց նա:

Իսկ ամենամեծ ցավը, նրա խոսքով, հարազատների գերեզմանները թողնելն է եղել: Ասում է՝ այլ բան աչքին չի երևում, հարազատների շիրիմներն անտեր մնացին…

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահեցրել էր, թե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների թոշակները կհաշվարկվեն ու կտրամադրվեն դեկտեմբերին:

Նրա խոսքով՝ արցախցիներին նաև տրվել է հատուկ պաշտպանության կարգավիճակ, ինչը գրեթե հավասարեցվում է փախստականի կարգավիճակին:

«Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները, անկախ նրանից՝ կդիմե՞ն ստանալու ՀՀ քաղաքացիություն, թե՞ ոչ՝ կշարունակեն ստանալ կենսաթոշակ և նպաստ»,- ասել էր նախարարը:

Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, գումարները, սակայն, դեռևս փոխանցված չեն:

Թոշակների ուշացման վերաբերյալ արցախցիների ահազանգից հետո 168.am-ը կապ հաստատեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի բաժին: Գերատեսչության ներկայացուցիչը մեզ հայտնեց, որ նախարարությունը դեկտեմբերի 11-ից հարթակի մասին իրազեկող հրապարակումներ եղել են: Հայտարարել են, թե նախկինում Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ նպաստ ստացողներն ինչ ընթացակարգով կարող են դիմում ներկայացնել ու ըստ այդմ ստանալ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբերի ամիսների համար իրենց հասանելիք գումարները:

«Խոսքն այս դեպքում վերաբերում է և՛ հաշմանդամության, և՛ կերակրողի, և՛ ծերության, և՛ բոլոր մյուս թոշակների տեսակներին: Այս պահի դրությամբ 10.600-ից ավելի հայրենակցի կենսաթոշակ արդեն իսկ նշանակված է: Այս ու հաջորդող շաբաթվա ընթացքում նշանակված բոլոր վճարումները կիրականացվեն»,- հայտնեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս