«Տղայիս ձեռքերի վերքերը չեն լավանում. վիրակապերն էլ տանն եմ անում. փող չունենք, որ տանեմ բժշկի». արցախցի ընտանիքն աջակցության ահազանգ է հնչեցնում

Չնայած ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե «ժողովրդավարության բաստիոն Հայաստանում» արցախցիներին այնպես են ընդունել, որ անգամ արևմտյան հարթակներում են զարմացել այդ փաստից՝ գոնե մեկ օր չկա, որ արցախցի մեր հայրենակիցները չբարձրաձայնեն իրենց սոցիալական խնդիրների մասին:

Ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված Նարինե Սարգսյանի 10 հոգուց կազմված ընտանիքը դեռ չի կարողանում ստանալ ընտանիքին հասանելիք՝ կառավարության խոստացած գումարները:

Արցախցի Նարինե Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր ընտանիքի մի մասին տրվել են 100.000-ական դրամները, սակայն որդու գումարը մինչև օրս չեն կարողանում ստանալ, որպեսզի հայտ ներկայացնեն նաև 40.000+10.000 դրամները ստանալու համար:

8 երեխաների մոր խոսքով՝ Արցախյան վերջին իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած բենզինի պայթյունի հետևանքով իր 22-ամյա որդին մարմնական վնասվածքներ ու այրվածքներ է ստացել: Այդ դեպքից անմիջապես հետո նրան ուղղաթիռով տեղափոխել են ՀՀ բուժհաստատություն: Մայրը, սակայն, հայտնում է.  որդու հետևից գալուց անմիջապես հետո նրա տվյալները գրանցել է Գորիսում: Հիմա առկա խնդրի պատճառները չի կարողանում հասկանալ:

Կարդացեք նաև

«Դրանից հետո եկել ենք Հրազդան, սպասել ենք… հաշվեհամար չենք ունեցել: Գումարի համար 114-ով զանգում ենք՝ ասում են, թե քարտի տվյալներ չկան: Ուղղակի գրանցելուց հետո անձնագրի ժամկետը լրացել է, ինքն էլ այս պահին առողջական խնդիրներ ունի, չենք կարողանում վերականգնել անձնագիրը: Բայց տղաս նույնականացման (ID) քարտ ունի: Հենց այդ քարտով Արդշինբանկում հաշվեհամար ենք բացել: «Արցախբանկի» քարտը վառված էր: Արդեն մի ամիս է՝ քարտը վերցրել ենք: Ինչո՞ւ չեն կարողանում նույնականացնել ու վերջապես լուծում տալ այս խնդրին: Դրա համար էլ ես չեմ կարողանում մյուս գումարների համար որևէ դիմում լրացնել: Մյուս օգնությունները նույնպես չենք կարողանում ստանալ, քանի որ ինքը դեռ 100.000 դրամի շահառու էլ չէ, ստացվում է»,- վրդովմունք հայտնեց 22-ամյա տղայի մայրը:

Նարինեի խոսքով՝ որդու դեմքի ձախ կողմն ամբողջությամբ սպիների մեջ է, ձեռքերի մատները չեն գործում: Մի քանի մատը կտրել են ու ծածկել ոտքից վերցրած մաշկով: Հիմա ձեռքերն ամբողջությամբ վերքերի մեջ են: Միայն դրանց լավանալուց հետո արդեն պետք են լինելու վերականգնողական մերսումներ՝ մարմնի մկանային համակարգը հնարավորինս վերականգնելու համար:

«Դա նախ պետք է լավանա, հետո տանենք վերականգնողական մերսումների, որ կարողանա գոնե այդ երկու մատով գդալ բռնել: Տանն եմ վիրակապումներն անում: Ոչ մի միջոց չունեմ էրեխուս Երևան բժշկի տանելու: Էն ա, լույսի փողն էլ դեռ չենք տվել: Հես ա, ամսի 20-ին դա էլ կգան-կանջատեն՝ կմնանք էսպես»,- պատմեց Նարինե Սարգսյանը:

Պայթյունից տուժած Նարինեի 22-ամյա որդին այս պահին էլ բուժումը շարունակելու կարիք ունի: Ընտանիքը, սակայն, այսօր կանգնած է օրվա հացը վաստակելու խնդրի առաջ: Կառավարության խոստացած գումարներն էլ չեն կարողանում ստանալ, որ կարողանան մի բացը գոնե լրացնել: Այլ խնդիրներով չեն կարողանում զբաղվել:

«Դե… չենք կարողանում թեկուզ ավտոբուսով տանել-բերել: Որ էստեղից հասնում ենք հիվանդանոց, հետ ենք գալիս՝ միայն մի անձի համար 3500 դրամի չափով գումար ենք ծախսում: Ինքն էլ հանգիստ պետք է նստի, որ մատին մի թեթև կպնում ես, չէ՞, էնպես է ցավում՝ սրտաճաք ենք լինում: Վերքերն ամբողջությամբ բաց են, չի լավանում: Բժիշկը սկզբում քսուքներ էր նշանակել: Մի հատ քսուք տվել էր՝ Ֆրանսիայից: Հիմա բոլոր դեղատներով պտտվել ենք, որևէ տեղում չենք կարողանում գտնել: Գինն էլ չգիտենք: Թե ինչ է լինելու՝ չգիտեմ: Ասել են, որպես այլընտրանք, արծաթի պարունակությամբ քսուք առնենք: Հարցրել եմ՝ ասում են՝ 1800 դրամ: Ախր այդ գումարները մշտապես պետք է գնել, մինչև բուժվի: Մենք այդ գումարը չունենք»,- ցավով նշեց 8 զավակների մայրը՝ հավելելով, որ այս պահին էլ տանը գրեթե որևէ ապրանք չունեն: Միայն մի անգամ են օգնություն ստացել, բայց դեռ շատ ապրանքների պակաս ունեն:

«Ամեն ինչ առնում ենք: Ոչ մի բան չենք կարողացել բերել Արցախից: Էս տունը, որ մեզ են տվել, դատարկ է եղել: Ջրառատ, Մալոչնի ենք ապրում: Այն գումարներն էլ, որ կառավարությունից տվել են, տան համար պարագաներ ենք առել, որ գոնե մի կերպ կարողանանք գոյատևել: Դե պատկերացրեք՝ 8 երեխաներով, ընտանիքում՝ 10 հոգի: Դատարկ պատերի մեջ չէինք կարող ապրել, չէ՞: Բայց մեկ է, հիմա անգամ դարակներ չունենք: Ոչ մի նորմալ ապրանք չկա տանը: Մի հատ փոքր շկաֆ է, 10 հոգու հագուստ չենք կարողանում դնել մեջը: Այս ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ եմ օգնություն ստացել: Լեժանկա եմ գրել՝ չեն տվել: Էն օրը կանչել են՝ տաքացուցիչ են տվել: Սավաններ եմ ուզել՝ վիրահատական են տվել, տարել եմ տղայիս համար: Դե, դրանք չես կարող լվալ ու նորից օգտագործել: Մնացել ենք առանց տարրական անհրաժեշտության պարագաների: Կաթսա չի եղել՝ տվել են: Գոնե այդ մի բանը լավ է: Հիմա գոնե կարողանում եմ սնունդ պատրաստել, որ բոլորին բավականացնի: Լվացքի մեքենա չկա, լոգարան չունենք: Խոհանոցս որ տեսնեք՝ չեք հավատա, որ այդպիսի պայմաններով հնարավոր է առհասարակ ապրել: Սա աննկարագրելի է: Ամբողջ պատերը նամշած, փտած են: Ջեռոց չի եղել, զանգել-խնդրել եմ՝ տրամադրել են, բայց հիմա էլ չեմ կարողանում ալյուր գնել, որ կարողանանք հաց թխել: Այ, էսպիսի վիճակում ենք»,- հուզմունքը պահելով՝ պատմեց Նարինեն:

Նարինե Սարգսյանի 10 հոգուց կազմված ընտանիքում 3 անչափահաս կա: 8 զավակի մայրն ահազանգում է՝ տանն այս պահին որևէ մեկը չի աշխատում: Ֆինանսական որևէ եկամուտ չունեն: Ամուսինն էլ քառօրյա պատերազմի մասնակից է, ողնաշարի խնդիր ունի: Վիրահատության ժամանակ հնարավոր է եղել խնդրի միայն մի փոքր մասը շտկել: Բուժումը կիսատ է մնացել, իսկ արցախյան վերջին իրադարձություններն էլ վերջնականապես կտրել են ընտանիքի՝ բուժումը հնարավորինս շուտ իրականացնելու հույսը:

«Չի կարողանում անգամ նորմալ քայլել: Մեր բակում փոքր հողատարածք կա: Միայն կարողացել է մի փոքր տարածք մշակել՝ սխտոր ենք ցանել: Չի կարողանում աշխատել: Հրազդանում էլ աշխատանքի մեծ հնարավորություն չկա: Տղաս էլ՝ մի կողմից: Ես էլ չեմ կարողանում աշխատել, պետք է տղայիս խնամեմ, մինչև մի փոքր կազդուրվի: Ինքը հիմա մենակ չի կարող, ջուր է ուզում, այլ հարցեր կան: Պետք է անպայման մեկը լինի կողքին: Շատ վատ է վիճակներս»,- պատմեց Նարինե Սարգսյանը:

Մեր զրուցակիցը նաև հաշմանդամություն ունեցող դուստր ունի: Ասում է՝ դեռևս հոկտեմբերից սպասում են նաև նրա համար հասանելիք թոշակին: Այսօր գրանցվել է թոշակը ստանալու համար, հերթագրությամբ գումարը ստանալու օրը նշանակվել է հունվարի 9-ին միայն:

«Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող աղջիկ ունեմ: Իր գումարն էլ դեռ չենք ստացել: Խոստացել էին, որ դեկտեմբերին պետք է փոխանցեին գումարները, բայց ստացվում է, որ էլի պետք է սպասենք: Երեք երեխաներս դպրոցական են, նորմալ կոշիկ չունեն, որ հագնեն, առանց սառելու գնան դասի, գան: Արցախում ամեն ինչ ունեին: Ամեն ինչ թողել ենք տանը, նստել ենք Ժիգուլի ու դատարկ ձեռքերով դուրս եկել Արցախից: Մի տղաս էլ սեպտեմբերի 21-ին պետք է ամուսնանար: Տուն էր վարձել, ամբողջությամբ վերանորոգել էր, տան իրերն առել էր: Ամեն ինչ թողել-եկել ենք: Երկու տուն ենք թողել, 3 մեքենա: Երկու տունն էլ՝ ամեն ինչով լիքը: Լվացքի մեքենա, սառնարան… մենակ շորեր ենք կարողացել բերել, բայց դա էլ ամբողջությամբ չի հաջողվել: Հիմա հագուստի պակաս էլ ունենք: 7 տարեկան տղա ունեմ, հիմա շոր չունի, որ հագնի»,- ցավով ասաց արցախցի մեր զրուցակիցը:

Նարինեի որդին դեռ Արցախում ուխտ էր արել, որ Հայաստան գնալուց հետո եկեղեցի էր գնալու ու մոմ էր վառելու զոհված տղաների համար:

«Երեկ չէ առաջին օրը, չնայած իրա էդ վիճակին, գնացել ենք Հրազդանի եկեղեցի, մոմ է վառել, որ ուխտն ի կատար անի»,- եզրափակեց արցախցի Նարինե Սարգսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական իշխանությունների նախահարձակ ռազմական լայնածավալ գործողությունների ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով՝ Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել, ըստ պաշտոնական տվյալների, 100.417 մեր հայրենակից: Նրանցից ավելի քան 4000-ն արդեն իսկ լքել է Հայաստանը: Իսկ բազմաթիվ ընտանիքներ մինչև այժմ էլ ապրում են տարրական կենցաղային պայմաններից զուրկ կեցավայրերում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս