Ռուսները գնում են, գալիս են հնդիկները
Ռուս-ուկրաինական հակամարտությունից և հատկապես Ռուսաստանի նկատմամբ կիրառվող համատարած պատժամիջոցներից հետո, անցած տարի մեծ թվով Ռուսաստանի քաղաքացիներ հարկադրված տեղափոխվեցին ու հաստատվեցին Հայաստանում։ Մի մասը տեղափոխեց նաև սեփական բիզնեսը և սկսեց աշխատել Հայաստանից, ինչը նպաստեց թե՛ սպառողական պահանջարկի ավելացմանը, և թե՛ որոշ ոլորտներում արձանագրվող բարձր տնտեսական աճերին։
Բայց այս տարի Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխումը դադարել է։
Ավելին՝ տեղափոխվածներն աստիճանաբար սկսել են հեռանալ։ Մի մասը հավանաբար վերադարձել է, մյուս մասը նախընտրել է գնալ այլ երկրներ։
Հեռացողների մեջ քիչ չեն նաև այնպիսիք, ովքեր դարձել էին, այսպես կոչված, աշխատանքային միգրանտներ և իրենց գործունեությունը կազմակերպում էին Հայաստանից։
Հայաստանից հեռանալու պատճառները տարբեր են՝ սկսած սոցիալականից ու տնտեսականից, վերջացրած քաղաքականով։ Նախ, որ Հայաստանում ապրելու պայմաններն են շատ թանկ։ Ոչ միայն բնակարանների վարձերն են չափազանց բարձր, այլև սպառողական ապրանքների գները։ Թանկությամբ Հայաստանը, մասնավորապես՝ Երևանը, առաջատար է դարձել ԵԱՏՄ-ում։ Նույնիսկ Մոսկվային է անցել։
Մյուս կողմից՝ ռելոկանտներին ճնշում է ազգային արժույթի բավական լուրջ ամրապնդումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց եկամուտները գերազանցապես տարադրամային են, իսկ ծախսերը՝ դրամային։
Եվ վերջապես՝ Հայաստանից հեռանալու պատճառներից մեկն էլ, ամենայն հավանականությամբ, դարձել է Հայաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում իրականացվող հակառուսական քաղաքականությունը և ռուսների նկատմամբ բացասական տրամադրությունների ձևավորումը։
Այս ամենը միասին նպաստել են, որպեսզի ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիներն աստիճանաբար հեռանան։
Պաշտոնական տվյալները վկայում են, այս տարի Ռուսաստանի քաղաքացիների գրեթե 9,5 հազարով ավելի ելք է եղել Հայաստանից, քան մուտք։
Տարեսկզբի տասն ամիսներին Ռուսաստանի քաղաքացիների 1 մլն 459 հազար մուտք է եղել Հայաստան։ Հայաստանից դուրս եկածները կազմել են գրեթե 1 մլն 469 հազար։
Ավելի շատ գնացել են, քան եկել։
Պատկերացնելու համար, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել Հայաստան եկող-գնացող Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժերի մեջ, ասենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում մուտքերն ավելի քան 57 հազարով գերազանցել էին ելքերին։ Այս տարի ելքերն են ավել՝ գրեթե 9,5 հազարով։
Սա նշանակում է, որ անցած տարի տեղափոխված ու Հայաստանում հաստատվածների մի մասն արդեն հասցրել է հեռանալ։
Թե կոնկրետ քանի՞ քաղաքացի է հեռացել, մուտքերի ու ելքերի վերաբերյալ այս ցուցանիշներում չի երևում։ Բայց որ նրանց թիվը հազարների է հասնում, միանշանակ է։
Հեռացող ռուսներին փոխարինելու են գալիս հնդիկները, որոնց մուտքը Հայաստան կտրուկ ավելացել է։
Նախորդ տարվա տասն ամիսներին Հնդկաստանի քաղաքացիների մուտքերը Հայաստան կազմել էին գրեթե 16,7 հազար։ Այս տարի հասել են 42,8 հազարի՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 26,4 հազարով։
Մեկ տարվա ընթացքում ունենք Հնդկաստանի քաղաքացիների մուտքերի ավելի քան 2,5 անգամ աճ։ Նրանց մի մասը եկել ու մնացել է Հայաստանում։
Պաշտոնական տվյալներով, 42,8 հազար մուտքերի դիմաց եղել է 29 հազար ելք։
Այլ կերպ ասած՝ վերադարձողները 13,8 հազարով քիչ են եղել, քան եկողները։
Սա, թերևս, ոչ միայն սոսկ վիճակագրական փոփոխություն է, այլև պարզ տեսանելի է նաև առօրյայում։ Երևանի փողոցներում վերջին շրջանում ամենուրեք կարելի է հանդիպել Հնդկաստանի քաղաքացիների, որոնց մեծ մասը Հայաստանը սկսել է դիտարկել որպես աշխատանք գտնելու վայր։ Նրանք Հայաստանում զբաղվում են տարբեր աշխատանքներով՝ շինարարությունից ու լոգիստիկայից սկսած, վերջացրած գյուղատնտեսությամբ և այլ ծառայությունների մատուցմամբ։
Հնդկաստանի քաղաքացիների հետաքրքրությունները Հայաստանում կտրուկ ակտիվացել են, բայց նույնիսկ դա չի փրկել, որպեսզի քաղաքացիների տեղաշարժերի առումով ունենանք դրական պատկեր։
Մուտքերի ու ելքերի տարբերությունը ի վնաս Հայաստանի է։ Գնացողներն ավելի շատ են եղել, քան եկողները։
Բացասական տարբերությունը տասն ամսում կազմել է գրեթե 19 հազար։
Անցած տարվա նույն ժամանակահատվածում, երբ ռուս ռելոկանտների մեծ քանակություն եկավ Հայաստան, մուտքերը 25 հազարով գերազանցել էին ելքերին։
Ավելի մտահոգիչ է մնում Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը. ելքերը 24,6 հազարով գերազանցել են մուտքերին։
Գնացողները շարունակել են ավելի շատ լինել։ Իսկ դա նշանակում է, որ ինչքան էլ իշխանությունները խոսեն բարձր տնտեսական աճերից ու ապրելու համար արտակարգ պայմաններ ստեղծելուց, միգրացիան ոչ միայն պահպանվում է, այլև բավական մեծ տեմպերի է հասնում։ Եթե նույնիսկ համարենք, որ Հայաստանում ապրելու պայմանները բարելավվել են, ակնհայտ է, որ միայն դա շատ քիչ է, որպեսզի մարդիկ չհեռանան։
Կան շատ ավելի կարևոր և առաջնային խնդիրներ, որոնք ստիպում են հազարավոր քաղաքացիների լքել երկիրը։
Խնդիրները շատերի դեպքում նույնիսկ սոցիալական կամ տնտեսական չեն, որոնց մարդիկ պատրաստ են համակերպվել, եթե այլ պատճառներ չլինեին։ Բայց դրանք շատ են։
Բավական է նշել միայն անվտանգային միջավայրն ու Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը։ Նաև ներքին քաղաքական մթնոլորտն ու անհանդուրժողականությունը, համատարած անարդարություններն ու քաղաքական ճնշումները, որոնց մարդիկ բախվել են վերջին տարիներին՝ իշխանությունների համառ ու հետևողականության ջանքերի շնորհիվ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ