«Արցախը ՀՀ դարպասներն էին. որքան շատ զիջենք, այնքան շատ են պահանջելու». արցախցի
Արցախում ադրբեջանական ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված պահեստազորային սպա, մայոր Սլավիկ Իսրայելյանը համոզված է, որ ՀՀ իշխանությունները բավարար քայլեր չեն իրականացնում՝ Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԻԵԴ-ում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտնել էր, որ այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր, որոնք ունեն տարբեր կարգավիճակներ. քաղաքացիական գերիներ՝ 6 անձ, ռազմագերիներ՝ 41 անձ, և քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ՝ 8 անձ: Նրանց մեջ են արցախցի նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ։
Իսկ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին։
«Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»,- ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին էլ 168.am-ին ասել էր, որ տեղյակ են այդ հայտարարությունից, սակայն որևէ այլ տեղեկություն չունեն։
Մեզ հետ զրույցում արցախցի Սլավիկ Իսրայելյանն ասաց, որ ամբողջ աշխարհին պետք է կոչ անել, որպեսզի քայլեր ձեռնարկեն և Ադրբեջանում գտնվող հայ բանտարկյալներին վերադարձնեն հայրենիք։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ հայտարարություններին, 168.am-ի զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ այդ երկրի հետ խաղաղություն հնարավոր չէ:
«Բայց Դուք հավատո՞ւմ եք այդ «խաղաղության պայմանագրին»: Հնարավոր չէ: Ադրբեջանական կողմը բոլոր ելույթներում ասում է, որ Հայաստանի տարածքների նկատմամբ պահանջներ ունեն: Այսինքն, այդ «անկլավներ» որ ինքը կոչում է, հաստատ դնելու է այդ պահանջները և շարունակելու է դնել: Իսկ որքան զիջենք, այնքան պահանջելու են: Մենք ավելի շատ տարածքներ ունենք իրենց կողմից վերահսկվող, թող դրա մասին խոսեն, ոչ թե այդ, այսպես կոչված, «անկլավների»: Մենք չպետք է անտեսենք մեր շահը»,- նկատեց Սլավիկ Իսրայելյանը:
Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարություններին, թե արդեն երկու տարի է, ինչ հայտարարում են, որ իրենք Արցախի հետ կապված որևէ հարց չունեն օրակարգում, ու Արցախն Ադրբեջանի տարածք է՝ արցախցի մեր հայրենակիցը հիշեցրեց, որ Արցախը հայկական լեռնաշխարհի ամենավաղ բնակեցված հայկական տարածքներից մեկն է ու երբեք չի պատկանել Ադրբեջանին:
«Անգամ տարբեր պետությունների տիրապետության տակ գտնվելով էլ՝ այնտեղ հայերը պահել են իրենց ինքնությունն ու մշակույթը: Մի փոքր բան էլ կա, որ շատերը չգիտեն. Արցախի՝ ինքնավար մարզ լինելու ժամանակ, Լաչինի (Բերձորի) շրջանը պոկեցին ԼՂԻՄ-ից՝ քրդական բնույթ տալու համար: Դա նրա համար արեցին, որ Մայր Հայաստանից կտրվի հայությունը: Բայց դա էլ չեղավ»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե Արցախի անվտանգությունը պետք է ապահովեին ռուս խաղաղապահները՝ Սլավիկ Իսրայելյանն ասաց, որ որևէ մեկին պահանջներ ներկայացնելուց առաջ նախ պետք է մտածել քո իսկ վարած քաղաքականության ու գործողությունների մասին:
Անդրադարձ կատարվեց նաև Արցախից բռնի տեղահանվելուց հետո զինվորական թոշակառուների խնդիրներին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նազելի Ստեփանյան