Ինչու կամ ում օգտին Փաշինյանը բաց թողեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների պահը
Նոյեմբերի 14-ին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու որոշում կա:
«Կա որոշում՝ ընդլայնել դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները, ինչը թույլ կտա ավելի ակտիվ աշխատանքներ տանել դիտարկման հետ կապված, համապատասխան զեկույցներ ներկայացնել Բրյուսել և անդամ երկրներին․ մի բան, որը, միանշանակ, էլ ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններին»,- նշել էր Հովհաննիսյանը:
Հավելենք, որ այս տարվա նոյեմբերի 1-ին Եղեգնաձորում տեղի էր ունեցել Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կենտրոնակայանի բացման հանդիսավոր արարողությունը։
«Այսօր՝ 8 ամիս անց, ես կանգնած եմ մեր նոր գլխամասի առջև՝ առաքելության 93 անդամներով, որոնք ուղարկված են ԵՄ անդամ 23 պետություններից։ Թեև որոշ բարդություններ են եղել, ես կարող եմ հպարտորեն ասել, որ ԵՄ առաքելությունը հասել է իր լիարժեք գործառնական կարողություններին։ Սեպտեմբերի սկզբին մենք ունեինք 6 գրասենյակ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում և Իջևանում։ Մեր պարեկների օգնությամբ մենք կարողանում ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի ողջ երկայնքով»,- ասել էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ հավելելով, որ Բրյուսելում մինչև տարվա վերջ կքննարկվի ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը:
Այսինքն, հնարավորություն կա, որ առաքելության կազմում ներկայացուցիչներ լինեն ԵՄ անդամ բոլոր 27 երկրներից։ Թե այդ երկրներից ցանկացածն ի՞նչ տեսակետ ունի հայկական և թուրք-ադրբեջանական շահերի հետ կապված՝ այս պահին չենք խոսի, բայց դա շատ կարևոր հարց է:
Այս համատեքստում, թերևս, հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո նախկին իշխանությունների օրոք ձեռք բերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, ինչը ենթադրում էր սահմանին ստատուս-քվոյի ամրապնդում, ռազմական գործողությունների բացառում և նախահարձակ կողմին հստակորեն տարբերակելու հնարավորություն։ Այսինքն, պետք է ներդրվեին վստահության ամրապնդման և սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմներ, ընդլայնվելու էր ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը:
2018թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ըստ էության, ոչ միայն փոխվեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունը, այլև բանակցային գործընթացից դուրս մղվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, փոխարենն ակտիվորեն շրջանառվեցին Դուշանբեի պայմանավորվածությունները, երկու կողմերի միջև ուղիղ կապի և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման գաղափարը:
Եվ ոչինչ, որ 2019 թվականի դեկտեմբերին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի ընթացքում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ «բանակցային գործընթացի արդյունավետության տեսանկյունից կարևորվում է լարվածության և էսկալացիայի ռիսկերի նվազեցումը, մասնավորապես՝ 1994թ. և 1995թ. զինադադարի մասին համաձայնագրերի պահպանումը, ինչպես նաև կարևորվում է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչումը»:
2019 թվականի հունվարին էլ Եռաբուրում լրագրողների հետ ճեպազրույցում Զոհրաբ Մնացականյանը նշել էր.
«Եթե կա էսկալացիա, եթե կա ատելության սերմանում, սա չի նպաստում բանակցություններին: Այն, ինչ որ վերաբերում է Վիեննային և Սանկտ Պետերբուրգին, վերաբերում է, ըստ էության ռիսկերի նվազեցմանը: Հիմա մենք ունենք Վիեննա, մենք ունենք Սանկտ Պետերբուրգ: Մեզ հաճախ հարց են տալիս, մենք դրանից հրաժարվել ենք: Մենք դրան անդրադառնում ենք՝ որպես ռիսկերի նվազեցման մեխանիզմներ. դրան ավելացել է Դուշանբեն: Այս ժամանակաշրջանում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ նվազ ռիսկեր կան, հանգստություն շփման գծում և սահմանում: Սա նպաստավոր է, և մեր ուշադրությունը դրա վրա է: Որևէ հարց դուրս չի եկել: Դուք փաթեթավորմա՞ն մասին եք խոսում, այսինքն՝ թե փաթեթավորված է որպես Վիեննա՞, թե՞ որպես Սանկտ Պետերբուրգ, թե՞ որպես Դուշանբե, թե՞ որպես արդյունք: Ռիսկերի նվազեցումը եղել և մնում է ամենաէական հարցերից մեկը, ինչպես էլ դա կոչեք: Ինչ որ կաշխատի, կաշխատեցնենք: Այսօր մենք կարողացել ենք գործի դնել որոշ մեխանիզմներ, որոնք այդ ռիսկերի նվազեցման առումով աշխատում են: Եվ սա շատ էական է, շատ օգտակար է»:
Իսկ նույն թվականի մայիսի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն։
Փաստն այն է, որ նախկին իշխանությունների օրոք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ճիշտ ժամանակին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չկարևորեց և մի կողմ դրեց, և եթե անգամ ինչ-որ պահի ցանկացել են վերադառնալ դրան, ապա կա՛մ ջանքերը բավարար չեն եղել, կա՛մ ուշացած են եղել:
Ի դեպ, 2018թ. դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ հարցին՝ պնդելո՞ւ են, որ իրականացվեն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, շեշտել էր.
«Ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը պնդել է՝ նման պայմանավորվածություններ ընդհանրապես չկան: Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես՝ որպես երկրի ղեկավար, պաշտոնական բանակցային որևէ գործընթացի դեռևս չեմ մասնակցել: Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ»:
Այստեղ հիշեցնենք, որ, եթե անգամ Ադրբեջանի սրտով չի եղել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը, իսկ դա այդպես է, ամեն դեպքում, ունենք հաղթաթուղթ. 2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում էր.
«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության նախագահները վերահաստատեցին Վիեննայում ս.թ. մայիսի 16-ին կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին մասնավորապես ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը: Նրանք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ: Կայացավ կարգավորման առանցքային հարցերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակում: Պետությունների ղեկավարները փաստեցին մի շարք հարցերի կապակցությամբ փոխըմբռնման հասնելու հանգամանքը, որոնց լուծումը հնարավորություն կընձեռի պայմաններ ստեղծել առաջընթաց արձանագրելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում: Նախագահները նշեցին իրենց կանոնավոր շփումների կարևոր նշանակությունը և պայմանավորվեցին շարունակել դրանք նման ձևաչափով՝ ի լրումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի»:
Իսկ ի՞նչ էր ասում 2017-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, կամ՝ ի՞նչ էր գրում «Հայկական ժամանակը»:
2017թ. հոկտեմբերին «Հայկական ժամանակում» հրապարակված՝ «Սերժ Սարգսյանը ծաղրո՞ւմ է Իլհամ Ալիևին» վերտառությամբ անանուն խմբագրականում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանը պնդում էր շփման գծում զինադադարի ամրապնդման մեխանիզմների, ասել է թե՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների վրա, Ադրբեջանը՝ հարցի կարգավորման բովանդակային քննարկման, այսինքն, երբ պետք է հայկական զորքերը դուրս գան ԼՂ հարակից տարածքներից, ինչ կարգավիճակ պետք է ունենա Արցախը և այլն»:
Այնուհետև սրա հետ կապված շարունակվում է.
«Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ հայկական կողմը առաջնագծում համապատասխան տեխնիկական ապահովման արդյունքում կարող է նկարահանել և ցույց տալ, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, իսկ ադրբեջանական կողմը նման հնարավորություն չունի: Եվ եթե նույնիսկ նախօրեին թեժ մարտեր են ընթացել, կամ հայկական կողմը հարվածային անօդաչու սարք է օգտագործել, մենք դրա մասին չենք իմանա: Մինչդեռ ասվում է, չէ՞, եկեք առաջնագծում զինադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմներ ներդնենք, որպեսզի ամեն անգամ հնարավոր լինի պարզել, թե որ կողմը առաջինը խախտեց, որ կողմը ինչպես պատասխանեց և այլն»:
Ըստ այս հոդվածի, ստացվում է, որ խմբագրականի անանուն հեղինակը կամ, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանը մտահոգվում է, որ հետաքննության մեխանիզմների ներդրմամբ շահելու է հայկական կողմը կամ տուժելու է Ադրբեջանը:
Սա նաև ցույց է տալիս, որ նախկին իշխանությունների օրոք տվյալ դեպքում Արցախում հայկական կողմը դիրքային լրջագույն առավելություններ է ունեցել:
Ի դեպ, ՀԺ-ի խմբագրականի հեղինակը, անդրադառնալով 2017թ. հոկտեմբերին Ժնևում Ալիև-Սարգսյան հանդիպմանը, նկատել էր, որ Սերժ Սարգսյանն Իլհամ Ալիևի նյարդերի հետ է խաղում և ակնհայտորեն այդ ընթացքում կոնկրետ նպատակ է հետապնդում:
«Եվ ահա հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարեց, որ Հայաստանի առաջ քաշած օրակարգով կոնկրետ պայմանավորվածություն կա, մինչդեռ Ադրբեջանի օրակարգի մասին նույնը չի կարելի ասել, և վերջում էլ ավելացրեց, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Հայաստանի ամեն երկրորդ քաղաքացին, որ այս տարիների ընթացքում միայն հեռուստատեսությամբ է լսել ղարաբաղյան բանակցությունների մասին, կհասկանար, որ նման հայտարարությունը խրտնեցնելու է Ալիևին և նա կդիմի կոնկրետ գործողությունների: Եվ դա չուշացավ՝ դիպուկահարի կրակոցից զինվոր զոհվեց, երկար դադարից հետո հրթիռներ արձակվեցին հայկական դիրքերի ուղղությամբ, և երեկ էլ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը հայտարարեց, որ չի բացառվում ՝շփման գծում լարվածությունը ավելի մեծանա:
Ասվում է, թե հայկական ուժերը պատասխան գործություն չեն իրականացրել: Բայց մենք չգիտենք, արդյո՞ք այդպես է իրականում, թե՞ ոչ: Որովհետև դեռևս ապրիլյան պատերազմից հետո այս առումով հայկական կողմը կտրուկ փոխեց իր մարտավարությունը և ամենաբարձր մակարդակով ասվեց, որ հրահանգ կա զինադադարի խախտման դեպքում անհամաչափ պատժիչ գործողություններ իրականացնել, ինչն էլ արվում էր: Այս ընթացքում որևէ զարգացում չի եղել, որ սույն հրահանգը չեղյալ անելու հիմք կտար: Ընդ որում, «Սպայկ»-ը կիրառում են ծանր զրահատեխնիկայի դեմ, և եթե նույնիսկ համարենք, որ ադբեջանցիները չգիտեն դա և այս զինամթերքի խիստ ավելցուկ ունեն, միևնույն է, հասկանալի չէ, թե ինչու վերջին օրերին նրանք հատկապես «Սպայկ» կիրառեցին, այն դեպքում, երբ հայկական կողմը որևէ պատասխան գործողություն չի ձեռնարկել: …Երեկ ՊՆ միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը իր զարմանքն արտահայտեց, թե ինչու են Ադրբեջանում զայրացել: Ասաց, որ ինքը իր և Ալիևի խոսակցությունից կես բառ անգամ որևէ տեղ չի ասել և անհամբեր սպասում է Ալիևի հետ հանդիպմանը, նրան հարցնելու, թե ինչն է իրենց զայրացրել:
Հնարավոր է, իհարկե, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Ժնևում հայտնի ծառի տակ զրուցել են կյանքից, իրենց սիրելի ֆիլմերից կամ մեքենաներից, ինչի մասին Սերժ Սարգսյանը որևէ մեկին կես բառ անգամ չի ասել: Սակայն նա ասել է ամենակարևորը, և հիմա անմեղ դեմքով հայտարարել, թե սպասում եմ հաջորդ հանդիպմանը, որ հարցնեմ՝ ինչի եք զայրացել, ծաղրի է նման: Կամ կրակում ենք, կամ բանակցում ենք, ասում է Սարգսյանը և ավելացնում, թե հայկական կողմը երկուսին էլ պատրաստ է: Տպավորություն է, սակայն, որ Սարգսյանն այս հարցում որոշակի փոփոխություն է մտցրել իր մոտեցումներում և որոշել է համ կրակել, համ բանակցել, հույսով, որ գուցե այդպես հնարավոր կլինի Ադրբեջանին դրդել գնալ խաղաղության ամրապնդման քայլերի: Թե որքանով արդյունավետ կլինի այս մարտավարությունը, ժամանակը ցույց կտա»:
Հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանին՝ Ալիևին նյարդայնացնելու մեջ մեղադրող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, երբ դարձավ վարչապետ, ինքը խախտեց Ալիևի հետ Դուշանբեի պայմանանավորվածությունները, համենայնդեպս, այդ մասին հենց Իլհամ Ալիևն էր գաղտնազերծումներ արել:
Մասնավորապես, 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի սկզբին, իր ժողովրդին ուղղված ուղերձում Ալիևն ասել էր.
«Հրադադարի ռեժիմը 2 տարի պահպանված և վերականգնված է եղել ՀՀ վարչապետի խնդրանքով: Նա խնդրել էր ինձ, թե ներքին իրավիճակը ծանր է, ինձ բոլոր կողմերից ճնշում են, տվեք ինձ ժամանակ, և ես այդ հարցը կլուծեմ: Ասել էր՝ «ես եկել եմ նոր գաղափարներով, ջնջել եմ այն ամենը, ինչ եղել է անցյալում, տվեք ինձ հնարավորություն և ժամանակ»: Ես պատասխանել եմ՝ լավ: Եվ ինչ եղա՞վ, մեկ տարի հետո նա հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»: Դե թող հիմա ասի՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»»,- եզրափակել էր Ալիևը, ըստ էության, հաստատելով Փաշինյանի հետ Արցախի հարցի շուրջ վերելակային պայմանավորվածության մասին:
Եվ եթե Սերժ Սարգսյանի դեպքում գործ ունեինք՝ պատասխան պատժիչ գործողությունների, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում՝ արկածախնդիր և սադրիչ հայտարարության հետ: