
Ռուսական հարվածների հետևանքով վնասվել է «Ազատության» ուկրաինական ծառայության Կիևի գրասենյակը

Անցած գիշեր ռուսական հարվածների հետևանքով վնասվել է «Ազատության» ուկրաինական ծառայության Կիևի գրասենյակը, ջարդվել են պատուհաններ, վնասվել սարքավորումներ, տուժածներ չկան։
Տտեսախցիկների արձանագրությունները ցույց են տալիս, որ «Ազատություն» ռադիոկայանի Կիևի բյուրոյի գրասենյակի մոտ տեղի ունեցած պայթյունները հրթիռային հարվածների հետևանք են։ Զենքի բեկորներն ընկել են լրատվամիջոցի խմբագրությունից կարճ հեռավորության վրա գտնվող քաղաքացիական շենքերի վրա։
«Թեև «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը վնասվել է, բարեբախտաբար, աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Վստահ եղեք, մեր լրագրողները կշարունակեն իրենց կարևոր աշխատանքը։ Մեր մտքերը այս հարձակումների հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքների, ուկրաինացի փրկարարների հետ են», – հայտարարել է «Ազատ Եվրոպա/ Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը։