«Նիկոլ Փաշինյանի արձագանքը հնարավոր է գնահատել նույնիսկ սենսացիոն». Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Օ Բրայանի հոդվածին, որին ի դեպ անդրադարձա ինքս նախօրեին:

Նիկոլ Փաշինյանի արձագանքը հնարավոր է գնահատել նույնիսկ սենսացիոն: Ինչպես հայտնի է, Օ Բրայանը հոդվածում գրել էր, որ օգոստոսի 8-ին տեղի ունեցածի հանրագումարում Հայաստանը խոցելի վիճակում է:

Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, որ Հայաստանը ավելի խոցելի վիճակում էր այն ժամանակ, երբ հարցով զբաղվում էր դեմոկրատական վարչակազմը եւ Օ Բրայանը այդ վարչակազմի պետքարտուղարի տեղակալ էր: «Եթե պարոն Օ’Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ Հայաստանը, ցավոք, ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում»,- հայտարարել է նա: Ավելին, այդ շրջափուլին այդրադառնալով, ասել է, որ Երեւանը երբեք բավարարված չի եղել ԱՄՆ վարչակազմի ջանքից: «Մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից ու աշխատանքից, որ Միացյալ Նահանգների այդ պահին գործող վարչակազմն իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգն աջակցելու համար»,- հայտարարել է Փաշինյանը:

«Արձանագրենք, որ պարոն Օ’Բրայենը նախագահ Թրամփի պաշտոնավարման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան աշխատանքից, և նա հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան: Այս դիրքորոշումից արդեն պարոն Օ’Բրայենի ասածը մի կողմից շատ տարօրինակ է, մյուս կողմից էլ բացարձակապես տարօրինակ չէ»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Համաձայնեք, սա իսկապես սենսացիոն արձագանք է: Եթե համարենք, որ նա ընդամենը փորձում է դուր գալ Թրամպին՝ քննադատելով դեմոկրատներին, ինչպես ի դեմ այսօր անում է Իլհամ Ալիեւը, ապա դա էլ տարբերակ է, բայց Նիկոլ Փաշինյայնը կարծես թե մի քիչ ավելի է ծավալվում՝ պարզապես Թրամպին դուր գալու խնդրի համար:

Հետեւաբար, ըստ ամենայնի, տողատակում կա նաեւ այլ շերտ: Եվ այստեղ թերեւս կարեւոր է դիտարկել նրա հայտարարությունը, որ՝ «Օ Բրայանը խնդիր ունի բացատրելու այն, որ ինչ չկարողացան իրենք, կարողացավ Թրամպը»:

Հարգելի հետեւորդներ, ընկերներ, եկեք փորձենք դիտարկել, իսկ ի՞նչն էր Թրամպի ու նախորդ վարչակազմի ֆունդամենտալ տարբերությունը, այդ թվում նաեւ կովկասյան իրողությունների վրա տարածվող:

Իհարկե չունեմ կնիքով հաստատված վկայություն, բայց իմ սուբյեկտիվ գնահատմամբ, ֆունդամենտալ տարբերությունն այն է, որ Թրամպը գործում է Ռուսաստանի հետ գործարքի գնալու, երկխոսության, պայմանավորվածության տրամաբանությամբ, իսկ նախորդ վարչակազմը Կովկասը դիտարկում էր Ռուսաստանի եւ Իրանի դեմ պլացդարմ եւ բաց տեքստով հայտարարում այդ մասին:

Հետեւաբար, այդ ֆունդամենտալ տարբերությունից էլ պետք է բխեր արդյունքի տարբերությունը, ըստ էության: Ըստ իս, ահա սա է Նիկոլ Փաշինյանի խոսքի տողատակում առանցքայինը, որ Թրամպի մոտ ինչ որ բան է ստացվել, որովհետեւ նա այդ բանին փորձել է հասնել Ռուսաստանի հետ գործարքով, այլ ոչ թե հասնել այդ բանին՝ այն Ռուսաստանի դեմ օգտագործելու համար:

Ես ձեզ հետ արդեն օրեր շարունակ խոսում եմ այս շերտերի մասին, հարգարժան հետեւորդներ, հորդորելով իրադարձությունների զարգացումը դիտարկել տարատեսակ կոնյուկտուրային քարոզչական ուղենիշներից ու կապանքներից, տարատեսակ հնացած ու կարծրացած պատկերացումներից դուրս»:

Տեսանյութեր

Լրահոս