
«Եթե ասում եք՝ Քյարամյանի հայրը, դրանով ամբողջական ձևակերպումը տրված է, խնդիրը համատարած է». Նիկոլ Փաշինյան
«Ես 2018 թվականին չեմ իմացել, 2020-ին էլ, 2021-ին էլ, 2023 թվականին էլ չեմ իմացել, երբ իմացել եմ, դրանից կարճ ժամանակ անց ես դրա վերաբերյալ կոնկրետ վերաբերմունք եմ ձևակերպել»,- այս մասին Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ե՞րբ է իմացել, որ Վեհափառը «խախտել է կուսակրոնության ուխտը», որի մասին Նիկոլ Փաշինյանն է հայտարարել։
Ինչ վերաբերում է ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին, որի վերաբերյալ տեղեկատվություն է շրջանառվում, որ Կոտայքի թեմի առաջնորդի որդին է, ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը նրան նշանակել ՔԿ նախագահ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Արգիշտի Քյարամյանը ՀՀ քաղաքացի է, ով ունի համապատասխանության բոլոր չափանիշները, ում իմ առաջարկով Կառավարությունը նշանակել է քննչական կոմիտեի նախագահ։ Ես էլի եմ ասում, որ պրոբլեմը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու՝ համատարած է, և այդ պրոբլեմը պետք է Կտրիճ Ներսիսյանից սկսած ստանա ամբողջական լուծում։
Էլի եմ ասում, եթե դուք արդեն ասում եք՝ Քյարամյանի հայրը, ուրեմն՝ դրանով ձևակերպումն արդեն ամբողջական տրված է։
Ես նպատակ ունեի ինտրիգների միջոցով եպիսկոպոսների մի մասի ներգրավումով մյուս մասին, այսպես ասած՝ գահընկեց անեի, ես այդ խնդիրը վաղուց կլուծեի։ Իմ խնդիրը բացառապես հոգևոր է և, այո, կուսակրոնության ուխտը խախտած բոլոր՝ առանց բացառության, կուսակրոն հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ ՀՀ Առաքելական Սուրբ եկեղեցին պետք է վերադառնա հոգևոր կյանքի, այլընտրանք չկա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում