«Ես Կառավարության Հումանիտար կենտրոնի հետ կապ չունեմ». Ստեփանակերտի քաղաքապետ
Հոկտեմբերի 19-ից չի գործում ՀՀ-ում Արցախի տեղեկատվական շտաբը, որը ստեղծվել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Շտաբի գործառույթները հոկտեմբերի 19-ից փոխանցվել են ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնին։
Սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը հարձակվեց Արցախի Հանրապետության վրա, և ցեղասպանության սպառնալիքի տակ արցախահայությունը բռնի տեղահանվեց իր բնօրանից: Դրանից հետո ՀՀ-ում Արցախի տեղեկատվական շտաբի շենքում սենյակ էր հատկացվել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, որպեսզի նա կարողանա հավաքագրել Ստեփանակերտի բնակիչների տվյալներն ու խնդիրները։ Դավիթ Սարգսյանին հայտնել էին, որ նոյեմբերի 1-ից պետք է դադարեցնի տվյալների հավաքագրումը, սենյակը հանձնի, իսկ առ այդ պահը հավաքած տվյալները փոխանցի Հումանիտար կենտրոնին։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Սարգսյանն ասաց, որ սենյակն էլ, ստեփանակերտցիների վերաբերյալ տվյալներն էլ արդեն փոխանցել է ՀՀ կառավարության հումանիտար կենտրոնին, սակայն հետագա ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի:
«Ստեփանակերտի բնակիչների մի մասի հետ շփում կա, նրանք տարբեր խնդիրների մասին են բարձրաձայնում, որոնց մասին այս պահին ես չեմ կարող հեռախոսով ասել։ Ես Կառավարության Հումանիտար կենտրոնի հետ կապ չունեմ»,- նշեց Դավիթ Սարգսյանը։
Ըստ Ստեփանակերտի քաղաքապետի, Հայաստանում տարբեր աշխատանքներով է զբաղված։
Համացանցում տարաբնույթ տեղեկություններ և տեսանյութեր են շրջանառվում Ստեփանակերտում այս պահին տիրող իրավիճակի, արցախահայության տների ու բնակարանների թալանի մասին: Դավիթ Սարգսյանն էլ նման տեղեկություններ ուներ, սակայն գերադասեց դրանք դեռևս չհրապարակել.
«Տարբեր տեղեկություններ ստանում ենք այս պահին այնտեղ տիրող իրավիճակի մասին, բայց ես կրկին այդ ամենի մասին հեռախոսով չեմ կարող խոսել»։