ՌԴ քաղաքացի երկու տղամարդու տանը հայտնաբերվել է մոտ 93 գրամ մարիխուանա
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օպերատիվ տվյալն իրացրին Կենտրոնական բաժնի գործընկերների հետ: Նոյեմբերի 15-ի երեկոյան ժամը 8-ին, իրացման նպատակով ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով, Մյասնիկյան պողոտայի տներից մեկում ձերբակալվեց ՌԴ քաղաքացի երկու տղամարդ:
Ձերբակալման պահին տան հյուրասենյակում նկատելի էին թմրամիջոցի նմանվող զանգվածներ և թմրանյութ պատրաստելու համար նախատեսված սարքավորումներ: 29-ամյա տղամարդիկ տեղափոխվեցին Մարաշի բաժանմունք:
Նույն օրը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում էլ հիշյալ տանն իրականացվեց զննություն:
Հայտնաբերվեց յուրաքանչյուրը մոտ 12,5 գրամ կշռող մարիխուանայի նմանվող զանգվածով լցված յոթ փաթեթ, նաև` կանեփի երկու թուփ և նույն զանգվածով լցված տարա:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: