Բաժիններ՝

Ո՞ւմ կվստահվի գրավադրվող անշարժ գույքի գնահատումը

Հայաստանյան բանկերից վարկ վերցրած քաղաքացիներից շատերը, անշուշտ, առնչվել են անշարժ գույքի գնահատման գործակալությունների հետ և անկեղծորեն զարմացել՝ պարզելով, որ իրենց բնակարանի կամ տան արժեքը շատ ավելի ցածր է, քան իրենք պատկերացնում էին։ Ըստ տրվող եզրակացության, իհարկե։

Բանն այն է, որ հայաստանյան բանկերի մեծ մասը 3 միլիոն դրամից վարկ տրամադրելու դեպքում պահանջում է անշարժ գույքի գրավ։ Մինչև գրավադրելը գույքը պետք է գնահատվի բանկի կողմից ընտրված գնահատող կազմակերպության կողմից։ Որպես կանոն՝ այդ գործակալությունները բավականին ցածր են գնահատում գույքի արժեքը։ Օրինակ՝ 50 հազար դոլար արժեցող բնակարանը գրավադնելիս գնահատող կազմակերպությունը այն կգնահատի առավելագույնը 40 հազար դոլար՝ որպես շուկայական գին։ Հետո կհանի ևս 7-8 հազար դոլար՝ լիկվիդային արժեքը որոշելու համար (այսինքն՝ այն գինը, որով հնարավոր է այդ բնակարանը շատ արագ վաճառել)։

Իսկ բանկը վարկ կտրամադրի այդ լիկվիդային արժեքի՝ առավելագույնը 70%-ի չափով։ Այսինքն՝ ստանալով 50 հազարանոց գրավ՝ բանկը կտրամադրի երկու անգամ ավելի քիչ գումար՝ առավելագույնը՝ 25 հազար դոլար։ Որքան էժան է գնահատվում գույքը, այնքան բանկն իրեն ապահովագրված է զգում հնարավոր կորուստներից։ Սակայն, իհարկե, դա վարկառուի շահերից չի բխում։

Այս խնդրին այսօր անդրադարձել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ կառավարության այսօրվա նիստում։

Կարդացեք նաև

«Միևնույն գույքը տարբեր գնահատողներ էական տարբերություններով են գնահատում, և խնդիրն այն է, որ, ասենք, առևտրային բանկերն աշխատում են երեք-չորս գնահատողների հետ, ում իրենք վստահում են և, որպես կանոն, այդ գնահատողները շատ ցածր են գնահատում գույքը։ Իսկ շուկայում կան այլ գնահատողներ, որոնք տալիս են որակապես այլ գնահատական»,- ասել է նա։

Մեծ բացահայտում արած չենք լինի, եթե նշենք, որ բանկերի և անշարժ գույքի (կամ գնահատող) կազմակերպությունների միջև գործում են վաղուց հաստատված խաղի կանոններ։ Բանկը, այսպես ասած, նրանց համար հաճախորդներ է ապահովում։ Իսկ նրանք՝ բանկի համար ձեռնտու եզրակացություն։ Բնակարանի գնահատման արժեքն էլ տատանվում է 20-30 հազար դրամի սահմաններում, որը վճարում է վարկառուն։ Այնպես որ՝ բավականին ձեռնտու գործարք է։

 

Տ.Սարգսյանն այս հարցի վերաբերյալ կարծիք է հայտնել, որ առևտրային բանկերը թերևս չպետք է աշխատեն միայն մեկ-երկու գնահատողի հետ.  «Այսինքն` եթե շուկայում կան տասնյակ գնահատողներ, եթե նրանք միայն մեկ-երկուսի հետ են աշխատում, ապա արդեն որոշակի շուկայական շեղում է կատարվում. մրցակցություն չկա, և գնահատման օբյեկտիվությունն էլ կորչում է, որովհետև առևտրային բանկն ի սկզբանե պահանջ է դնում, որ շատ խիստ գնահատվի, որպեսզի ռիսկերը նվազեցվեն»։

Մյուս կողմից, ինչպես նշել է վարչապետը,  տնտեսվարող սուբյեկտների շահերն են ոտնահարվում, որովհետև հնարավոր չի լինում պատկերացում կազմել, թե անշարժ գույքի շուկայական գինն ինչպիսին է։

«Հիմա այս խնդիրն արձանագրվել է, և պետք է կարողանանք լուծում գտնել»,- ասել է Տ. Սարգսյանը և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին առաջարկել ուսումնասիրել, թե կա՞ մրցակցություն, և այդ ծառայություններն ունե՞ն ազատ մուտք, թե՞ այդտեղ կան ինչ-որ պայմանավորվածություններ կան, որոնք խաթարում են շուկայի բնականոն զարգացումը։

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, մեկ շաբաթվա ընթացքում հրավիրվելու է խորհրդակցություն, որտեղ անդրադարձ կարվի Համաշխարհային բանկի առաջարկություններին և այն լրացուցիչ քայլերին, որոնց միջոցով կբարելավվի միջավայրը։

Չի բացառվում, որ պետությունը կազմի գնահատող գործակալությունների ցանկ, որոնց տված եզրակացությունը պետք է ընդունելի լինի բոլոր բանկերի համար։ Իսկ կոնկրետ կազմակերպության ընտրությունը այդ ցանկից կարող է թողնվել վարկառուին։

Այսպիսով, գնահատող կազմակերպության մոտ կվերանա գույքի արժեքը արհեստականորեն նվազեցնելու շարժառիթը, կտրվի օբյեկտիվ եզրակացություն։ Իմկ այդ կազմակերպությունների միջև կծավալվի լուրջ մրցակցություն, քանի որ նրանք կձգտեն ոչ թե ներքին կարգով լեզու գտնել բանկերի հետ, այլ՝ արժանանալ հաճախորդների վստահությանը։

Սա հնարավոր տարբերակներից մեկն է։ Թե կոնկրետ ինչ լուծում կառաջարկի կառավարությունը, պարզ կդառնա մեկ շաբաթից։

Ամեն դեպքում, այս պատմության մեջ անհասկանալի է միայն մեկ բան։ Մամուլը, անդրադառնալով վարկավորման խնդիրներին, բազմիցս գրել է նաև գրավադրման և գնահատման պրոցեսների բացերի մասին։ Սակայն կառավարությունը որոշել է գործել, երբ այդ հարցով որոշ առաջարկություններ է ստացել Համաշխարհային բանկից։ Կարծում ենք՝ չէր խանգարի երբեմն ավելի ուշադիր լինել նաև տեղական աղբյուրների նկատմամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս