Երիտասարդը գողություն է արել 9 բնակարանից, 35 ավտոմեքենաից. ՔԿ

Ավարտվել է Երևանի 27-ամյա բնակչի կողմից մի շարք բնակարանային գողությունների, խարդախության դեպքերի առթիվ նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է 27-ամյա երիտասարդի կողմից կատարված գողության մոտ երեք տասնյակ դեպք: Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2020թ. հունիս-հուլիս ամիսներին հիշյալ երիտասարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, վարձակալելու պատրվակով, ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող 9 բնակարան, հափշտակել գումար և այլ իրեր՝ քաղաքացիներին պատճառելով տարբեր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 2021թ. տարբեր ամիսների 27-ամյա երիտասարդը հափշտակել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների մի շարք փողոցներում կայանված Լեքսուս, Տոյոտա և այլ մակնիշի 35 ավտոմեքենաների հայելիները:

Հիշյալ բնակարաններից և ավտոմեքենաներից երիտասարդի կողմից կատարված գողությունների հետևանքով քաղաքացիներին պատճառված վնասի չափը կազմում է ընդհանուր 15.316.000 ՀՀ դրամ:

Քննությամբ բացահայտվել են նաև հիշյալ երիտասարդի կողմից կատարված խարդախության դեպքեր: Մասնավորապես, սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով երկու քաղաքացիների հետ՝ վերջինս պայմանավորվածություն է ձեռք բերել նրանցից մեկի կողմից վաճառվող ոսկյա զարդերը մեկ այլ անձի անվամբ գրավ դնելու և գրավադրված զարդերի արժեքի չափով գումարը նրան վերադարձնելու, իսկ մյուսի կողմից վարձակալությամբ տրվող խաղային համակարգիչը վարձակալելու վերաբերյալ: 2020թ. մայիս ամսի տարբեր օրերի հանդիպելով հիշյալ քաղաքացիների հետ՝ երիտասարդը վերցրել է ընդհանուր խոշոր չափերով՝ 2.002 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը և 260.000 ՀՀ դրամ արժողությամբ խաղային համակարգիչը և, մոլորության մեջ գցելով քաղաքացիներին, խարդախությամբ հափշտակել է դրանք՝ պատճառելով ընդհանուր 2.262.000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (9 դրվագ), 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (9 դրվագ), 255-րդ հոդվածի 1-ին մասով և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Տեսանյութեր

Լրահոս