Կգործի կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ 2024թ․ հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև։
Նրա խոսքով՝ կվերանա նվազագույն կենսաթոշակը, որն այժմ կազմում է 36 հազար դրամ։ Բացի այդ, աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա հաշվեգրումները կհավասարեցվեն հետագա տարիների հետ։ Նշենք, որ այժմ աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա համար կուտակվում է 950 դրամ, իսկ հետագա տարիների համար՝ 500 դրամ:
«Կենսաթոշակը բաղկացած կլինի հիմնական կենսաթոշակից, և դրան կգումարվի յուրաքանչյուր տարվա ստաժի արժեքները։ Կգործի նաև գործակից, որով կխրախուսվի երկար տարիների ստաժը»,- ասել է նա։
Ըստ Մկրտչյանի՝ կգործի նաև կենսաթոշակի տարիքն առնվազն 1 տարով հետաձգելու և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու կամավոր նոր մեխանիզմ։