ՊՆ-ն հերքում է, բայց անհնարին է առանց իշխանության՝ նման քարոզչություն տանել «Գմբեթ-2»-ի համար

Այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում Գեղամ Մանուկյանն անդրադարձել է վերջին օրերին քննարկման նյութ դարձած Գմբեթ-2 ծրագրին, ՀՀ զինված ուժերի հետ կապված նախաձեռնություններին և ինքնագործունեություններին, ինչպես նաև անվտանգային հարցերում հանրությանը մոլորեցնելու իշխանական գործելաոճին՝ կից ներկայացնելով ՊՆ-ին ուղղված իր հարցման և ստացված պատասխանի պատճենները:

«Այս օրերին հանրային լայն քննարկում է ծավալվել զանգվածային քարոզչական արշավի արդյունքում հանրության, անգամ Սփյուռքի լայն շրջանակներում տարածում ստացած ՈՄԱ հասարակական կազմակերպության կողմից սկսված Գմբեթ-2 անունը ստացած ամրաշինական կառույցների համար դրամահավաքի և դրանով իբր պաշտպանական երկրորդ գծում հենակետերի կառուցման շուրջ։ Ոչ պաշտոնապես Պաշտպանության նախարարությունը հերքել է իր կապն այդ աշխատանքների հետ։ Դեռ հոկտեմբերի 2-ին հարցի վերաբերյալ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին մի քանի կետանոց հարցում էի ուղարկել, որի պատասխանը բավականին ուշ, միայն հոկտեմբերի 26-ին ստացա, որից պարզ է դառնում՝

1. «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Գմբեթ-2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարությանն ուղղված դիմում, առաջարկ չի եղել։

2. 2023թ. օգոստոսին ԶՈՒ ինժեներական զորքերի վարչություն է դիմել ՀՀ քաղաքացի Տիգրան Շահինյանը (նախկինում ծառայել է Զինված ուժերում)՝ մաշված անվադողերի միջոցով կրակակետ պատրաստելու առաջարկով… Կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով, որի արդյունքում շարքից դուրս է եկել, և դրա՝ զորքերում ներդրման առաջարկը մերժվել է։

3. Այն մասին, որ նշված կառույցը կոչվում է «Գմբեթ-2», ԶՈՒ ինժեներական վարչությունը տեղեկացել է ավելի ուշ՝ 2023թ. սեպտեմբերին, Տ. Շահինյանից։

4. «ՈՄԱ» ՀԿ կողմից իրականաց¬վող ինժեներական աշխատանքները ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հետ համաձայնեցված չեն։

5. «ՈՄԱ» ՀԿ կողմից «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չեն կատարվել։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ «ՈՄԱ» ՀԿ-ն, համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների հետ, կատարել է որոշակի ինժեներական աշխատանքներ սահմանամերձ բնակավայրերի շրջակայքում, որոնց վայրերի, բնույթի և քանակների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ։

ՀՀ ՊՆ կամ ԶՈՒ ԳՇ կողմից «ՈՄԱ» ՀԿ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տրվել։

Նախկինում, հրապարակային ելույթներում, ՀՀ ԶՈՒ վիճակի մասին ԱԺ փակ նիստում, կառավարության գործունեության, բյուջեի կատարողական քննակումներում, օրերս ՀՀ պետական բյուջեի նախագծի շուրջ փակ քննարկման ժամանակ բարձրաձայնել եմ հասարակական տարեբեր նախաձեռնությունների և ՀՀ պաշտպանական քաղաքականության համակարգմամբ զբաղվող օղակների աշխատանքների համադրման հարցը։

Միաժամանակ շեշտել եմ, որ անթույլատրելի է, երբ այդ աշխատանքները կատարվում են լոկ իմիտացիայի համար։

Գմբեթ-2-ը վառ վկայությունն է, թե ինչպես իրական արդյունք չարձանագրելով, չդառնալով ՀՀ անտանգային համակարգի փոխլրացնող մաս, այն կարող է դառնալ հանրային գիտակցության վրա ազդող, իբր պաշտպանական աշխատանքներում անգնահատելի մաս կազմող թեզ։

Իհարկե, Պաշտպանության նախարարությունը հերքում է իր առնչությունը Գմբեթ-2 անունը ստացած և լայն քարոզչական թեմա դարձած նախագծին։ Սակայն Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին էլ եմ ասել, որ անհնար է թեկուզ իշխանական առանձին ներկայացուցիչների հովանավորույթունը չունենալով նման լայն հնչեղությամբ աշխատանք տանել։ Անգամ նշել եմ այս նախաձեռնության ամենամոլի քարոզիչներից որոշների անունները։

Տարօրինակ զուգադիպությամբ, Արցախի հայաթափման օրերին ժողովրդային ընդվզման, ուսանողական դասադուլների օրերին, իբր շատ պատահական ակտիվացավ ուսանողության և երիտասարդության շրջանում Գմբեթի համար դրամահավաքը, ինչ-որ կարտոնների հավաքման աշխատանքը։

Ահազանգում եմ այս մասին, գեթ մեկ վայրկյան չնսեմացնելով մեր երկրի անվտանգային համակարգը հզորացնելուն, պաշտպանությունն ուժեղացնելուն միտված ցանկացած հասարակական նախաձեռնություն, որին անշահախնդրորեն անդամագրվում են մեր շատ հայրենակիցներ, հատկապես՝ երիտասարդներ։

Բայց միաժամանակ, անհնար է ահազանգ չհնչեցնել, որ իրականում նման մի քանի նախաձեռնություններ դառնում են լոկ անձնական քարոզչության, դրամահավաքների կազմակերպման և հանրությանը մոլորեցնելու, իբր անհավանական պաշտպանական մեխանիզմների ներդրման տպավորություն ստեղծելու գործիք։

Նախկինում էլ եղել են նման դրսևորումներ, երբ անհասկանալի դեմքեր, խմբեր զինված ուժերին այս կամ այն նյութական միջոցները ձեռք բերելու համար դրամահավաքներով, ինչ-որ անհասկականալի, իբր մարտական հենակետերից լայվերով զբաղվում էին ինքնագործունեությամբ։ Բարեբախտաբար հետևողական ահազանգերից հետո դրանց մի մասը չեզոքացվել է։

Ամփոփելով միտքս. հանրային մեծ քննարկման նման նյութը հարկ է, որ ուշադրության կենտրոնում պահի ԱԺ պաշտպանության հանձնաժողովը և հարկ եղած դեպքում նաև կազմակերպի շահագրգիռ կազմակերպությունների, նախաձեռնությունների և գերատեսչությունների հետ քննարկումներ»։

Տեսանյութեր

Լրահոս