Կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով. այն շարքից դուրս է եկել, և դրա՝ զորքերում ներդրման առաջարկը մերժվել է. ՊՆ-ն՝ «Գմբեթ-2-ի» մասին
Հոկտեմբերի 6-ին 168.am-ը ՀՀ պաշտպանության նախարարություն հարցում էր ուղարկել, որի միջոցով փորձել էր պարզել հետևյալը.
1. ՈՄԱ-ն երկարաժամկետ և փայտահողային պաշտպանական կետեր է կառուցում՝ «Գմբեթ-1», «Գմբեթ-2»: Արդյոք խորհրդակցե՞լ են ՊՆ մասնագետների հետ, ի՞նչ սկզբունքով է տեղանքն ընտրվել (գաղտնիության սկզբունքից ելնելով՝ վայրը չենք հարցնում, չնայած իրենց տարածած տեսանյութերից և լուսանկարներից կարելի է կռահել):
Նոյեմբերի 3-ին մեզ ուղարկված պատասխան գրության մեջ Պաշտպանության նախարարությունը մանրամասնել է.
«ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Գմբեթ-2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարությանն ուղղված դիմում, առաջարկ չի եղել: 2023 թվականի օգոստոսին ԶՈՒ ինժեներական զորքերի վարչություն է դիմել ՀՀ քաղաքացի Տիգրան Շահինյանը՝ մաշված անվադողերի միջոցով կրակակետ պատրաստելու առաջարկով: ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունն աջակցել է Տ. Շահինյանին՝ «Բաղրամյան» զորավարժադաշտում տրամադրելով համապատասխան տարածք: Տ. Շահինյանը պատրաստել է կրակակետը՝ օգտագործելով 3.5 մ տրամագծով 1 հատ մեծ և 27 հատ փոքր անվադողեր, 15-20 հատ կոճափայտ (երկաթգծի փայտե շպալ), 15-20 հողակիր պարկ: Բոլոր միջոցները եղել են նախկինում օգտագործված, և դրանց ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվել: Կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով, որի արդյունքում շարքից դուրս է եկել և դրա՝ զորքերում ներդրման առաջարկը մերժվել է:
Այն մասին, որ նշված կառույցը կոչվում է «Գմբեթ-2», ԶՈւ ինժեներական վարչությունը տեղեկացել է ավելի ուշ՝ 2023 թվականի սեպտեմբերին՝ Տ. Շահինյանից: Տ. Շահինյանը չի ներկայացել՝ որպես «ՈՄԱ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, և հետագայում հարցին, թե արդյո՞ք անդամակցում է վերոնշյալ կազմակերպությանը, պատասխանել է, որ համագործակցում է «ՈՄԱ» հասարակական կազմակերպության հետ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանն ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել և «ՈՄԱ»-ն «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաև ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել և չի կատարում։ ՀՀ զինված ուժերը սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է և այն իրականացնելու ընթացքում նյութական և ֆինանսական աջակցության կարիք չունի։ ՀՀ պետական բյուջեից ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար»:
Լրագրող Նարեկ Կիրակոսյանի հետ զրույցում «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության նախագահ Վովա Վարդանովն ասել էր, որ իրենք շատ էժան նյութերից են պաշտպանական կետեր կառուցում, հաճախ՝ իրենց անվճար հասած:
«Իսկ պաշտպանության նախարարությունը երկաթբետոնե շինություններ է անում երկարաժամկետ»,- ընդգծել է նա և հավելել, որ իրենց կառուցածն ու ՊՆ-ի կառուցածը պաշտպանվածության աստիճանի առումով շատ չեն տարբերվում իրարից, ընդամենը ՊՆ-ի շինությունները կարող են 100 տարի ծառայել, իրենցը՝ 20-50:
«ՊՆ պալիգոնում թե «Գմբեթ-1»-ը, թե «Գմբեթ-2»-ը փորձարկումներ են անցել, թույլտվությունները համապատասխան են, և որպեսզի դրանք վարի գնան, հրետանի պիտի աշխատի»,- հավելել է Վարդանովը:
Ի դեպ, «ՈՄԱ»-ն այն կարծիքին է, որ ՊՆ-ից թույլտվություն պետք չէ պաշտպանական երկրորդ և երրորդ գծեր կառուցելու համար, դրանց համար իրենց թույլտվություն տարածքի տերերն են տալիս: Սա, իհարկե, վիճելի պատասխան է, եթե ոչ՝ Պաշտպանության նախարարությունը, ապա գոնե այլ պետական կառույց չպե՞տք է թույլտվություն տա: Երկրի պաշտպանության կամ անվտանգության ապահովման հարցում պետության, զինված ուժերի և հասարակական կազմակերպությունների դերակատարմանն առաջիկայում կանդրադառնանք առանձին: