Չարաշահումներ նորակառույցներում. ձերբակալվել է ընկերության վաճառքի գծով տնօրենը

Հարկերից խուսափելու և իրական եկամուտները թաքցնելու նպատակով կառուցապատողը պայմանագրերում նշված գումարից ավելի բարձր արժեքներով է օտարել բնակարաններն ու ավտոկայանատեղիները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է ընկերության վաճառքի գծով տնօրենը:

«Իրականացված բազմածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, այդ թվում` խուզարկությունների արդյունքում պարզվել է, որ կառուցապատող ընկերության համապատասխան ղեկավար անձանց կողմից 2023 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքից օտարվել է 88 բնակարան և 19 ավտոկայանատեղի` «Կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի պայմանագրեր» կնքելու միջոցով»,– տեղեկացնում են ՔԿ–ից:

Պայմանագրերում ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ, անշարժ գույքի ընդհանուր գինն արտացոլվել է տվյալ գույքի դիմաց փաստացի ստացած գումարից ավելի ցածր արժեքով։ Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` 290.612.819 ՀՀ դրամի վնաս:

Կառուցապատող ընկերության վաճառքի գծով տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե վճարվել է 290.613.000 ՀՀ դրամ գումար:

Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս