«Այս պահի դրությամբ վերջնական քննարկում չի եղել». Մարտին Գալստյանը՝ Արցախի և արցախահայերի բանկային պարտավորությունների հարցի մասին
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ավելի քան 100 հազար արցախահայեր Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանվեցին Հայաստան: Բնական է, որ մեր հայրենակիցներն այդ ժամանակ բանկային պարտավորությունների, բանկերում գրավադրված ոսկու ավանդների մասին մտածելու ժամանակ չէին ունենա:
Արդյո՞ք Արցախում գործունեություն ծավալած հայաստանյան 7 առևտրային բանկերը և ԿԲ-ն ունեն կամ արդեն առաջարկել են լուծումներ մեր հայրենակիցներին այս առնչությամբ՝ 168.am-ն այսօր հետաքրքրվեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից:
Այս համատեքստում նաև անդրադարձանք ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանի այն հայտարարությանը, թե «ԼՂ կառավարությունը հայաստանյան բանկերին պարտք է ահավոր մեծ ծավալի գումարներ, խոսքը մոտավորապես 200 մլրդ դրամից ավելիի մասին է»:
Ի դեպ, մեր հարցադրման մեջ ներառեցինք նաև մասնագետների այն տեսակետը, թե գուցե բանկերը դոլար-դրամ տատանմամբ սպեկուլյացիայի գնան և այդ կերպ փորձեն փոխհատուցել այդ գումարները:
Մարտին Գալստյանը նախ նկատեց, որ «սպեկուլյացիայի» մասին դիտարկումներն իրեն տարակուսանքի մեջ են գցել, քանի որ բացառում է նման իրավիճակ:
Հնչեցված հարցերի առնչությամբ էլ, պարզվեց, որ դեռ վերջնական քննարկումներ չեն եղել մյուս գործընկերների հետ:
«Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանն այս պահի դրությամբ ոչ մի բան չի սպառնում: Կա բնականոն գործընթաց, որի ընթացքում մենք՝ Կառավարության, ԱԺ-ի, բանկային համակարգի գործընկերների հետ համատեղ, պետք է քննարկենք և հասկանանք՝ որն է այն խելամիտ լուծումը, որը թույլ կտա այս ստեղծված իրավիճակից ստանալ լավագույն լուծում»,- նշեց Մարտին Գալստյանը: