Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցը՝ Արցախի Հանրայինին

Ինչու Սամվել Շահրամանյանը հարցազրույց չի տվել Հ1-ն` Հանրային հեռուստաընկերությանը

Տևական ժամանակ ՀՀ Հանրային հեռուստաընկերությունից չեն արձագանքել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հարցազրույց անցկացնելու առաջարկին, այդ իսկ պատճառով նա հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը: Այս մասին նա հայտարարել է Արցախի հանրային հեռուստաընկերությանը` արցախահայ լրագորղ Ծովինար Բարխուդարյանին տված հարցազրույցում՝ պատասխանելով, թե ինչու հարցազրույց չտվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը:

«Ճիշտն ասած` իմ նպատակների մեջ է եղել առաջին հարցազրույցը տալ հենց Հանրային հեռուստաընկերությանը, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հ1-ի տաղավարում, ավելի կոնկրետ` Պետրոս Ղազարյանի հաղորդման շրջանակերում հրավիրված անձինք հնչեցրել են կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, և հենց այդ տաղավարից էլ ես ցանկանում էի հերքել և պարզաբանումներ տալ այդ տեղեկություններին: Նաև ես նման կարգադրություն եմ տվել, որ պայմանավորվածություն ձեռք բերվի նման հարցազրույց անցկացելու համար, եւ տեւական ժամանակ անց, մենք չենք ստացել որեւիցե պատասխան եւ ես հրաժարվել եմ այդ հարցազրույցը Պետրոս Ղազարյանի տաղավարում անցկացնելու մտադրությունից. եւ այդ պատճառով այսօր հարցազրույց անցկացնում ենք հենց Արցախի Հանրային Հեռուստաընկերության հետ»,- ասել է Շահրամանյանը:

Կարդացեք նաև

«Գրեթե ցանկացող չի եղել այդ բեռը վերցնել». ինչու և ինչպես Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ

Թեզեր են շրջանառվում, որ որոշակի պադվալային պայմանավորվածությունների արդյունքում է իմ թեկնածությունը առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնում: Դա կեղծ օրակարգ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ասել է Շահրամանյանը.

«Իրականում հարցը հետևյալն է. Արցախի ԱԺ-ում 4 քաղաքական ուժերից 4-ը դիմել են ինձ և մենք բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, որից հետո որոշել են առաջադրել իմ թեկնածությունը` որպես Հանրապետության նախագահ: Դուք էլ եք հիշում, որ 2020թ. ընտրություններում մենք ունեցել ենք 14 թեկնածու, սակայն այս բարդ իրավիճակում մենք գրեթե չենք ունեցել ցանկացողներ` այդ բեռը վերցնել իր վրա: Որպես թեկնածու, շոշափվում էր իմ անձը, և ինչքան ես տեղյակ եմ և ինչպես հետո պարզվեց, նաև Սամվել Բաբայանի թեկնածությունը, որի կուսակցությունը չի առաջադրել իր կուսակցությունը, որը համարում է իրեն հանրապետությունում երկրորդ ուժը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են կանգնել իմ թեկնածության վրա, ես ուզում եմ պարզ պատասխան տալ, որ ես իմ անցած ճանապարհով, Արցախում իմ ապրած տարիները, երևի, թույլ են տվել այն ուժերին, որոնք առաջադրել են իմ թեկնածությունը, հաշվի առնել, որ ես չունեմ հանցավոր անցյալ, իմ աշխատանքի ընթացքում չեմ ունեցել քրեական գործեր իմ վրա` հարուցված յուրացումների, պետությանը հասցրած վնասի կամ բարոյական այլ խնդիրներ: Երևի հենց դա է եղել պատճառը, որ այդ քաղաքական ուժերի մեջ եղել է այդ կոնսենսուսը»:

Շահրամանյանի խոսքով, ինքը հասկանում էր, թե ինչ մեծ պատասխանատվություն է ընկնում իր վրա և գիտակցաբար է գնացել այդ քայլին.

«Հաշվի առնելով, որ ես չէի պատրաստվում լքել Արցախը, իմ ընտանիքը միշտ ապրում էր Արցախում, իմ տղան շարունակում էր ծառայել Արցախի բանակում: Այս ամենը ինձ տալիս էր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է վերցնել այդ պատասխանատվությունը եւ փորձել դուրս գալ այս ծանր իրավիճակից»,-ասել է Ս. Շահրամանյանը:

Ճիշտ չէ ասել, որ Արցախում նախագահի ընտրությունների հետ է կապված Ադրբեջանի հարաձակումը

Ասել, որ վերջին օրերին է Արցախի վրա հարձակման գաղափարը ծագել և Արցախում նախագահի ընտրությունների հետ է կապված Ադրբեջանի հարաձակումը, ճիշտ չէ և կեղծ թեզ է.

«Ուզում եմ վստահեցնել, որ ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, թե ինչ գործընթացներ են իրականացվում Արցախում և պարզ է, որ վերջին իմ ընտրվելուց հետո չէ մշակվել այդ ռազմական գործողությունների պլանը: Դա նախօրոք մշակված, պատրաստված էր և դուք տեղյակ եք, որ մենք 9 ամիս եղել ենք բլոկադայի մեջ, վերջին 4 ամիսները՝ պաշարման մեջ: Վերջին ամիսներին ես, որպես ԱԽ քարտուղար, մշտապես ստանում էի այդ տեղեկությունը: Մենք պարբերաբար քննարկում էինք ԱԽ նիստերում, թե ինչ կուտակումներ է իրականացնում Ադրբեջանի զինված ուժերը մեր շփման գծի ողջ երկայնքով: Նաև ծանր տեխնիկա, հրետանի, բավականին մեծ քանակի անձնակազմ, այդ թվում` հատուկ նշանակության, գտնվում էր մեր բնակավայրերին շատ մոտ: Խոսել, որ վերջին օրերին է այդ գաղափարը ծագել և ընտրությունների հետ է կապված այդ հարձակումը, ճիշտ չէ և կեղծ թեզ է»:

Առանց պատերազմի և զոհերի Արցախը լքելու մասին

Իրականում մենք նման հնարավորություն չենք ունեցել առանց պատերազմի և զոհերի լքելու Արցախը:

«Դա հռետորական հարց է, որ կարելի է ասել, որ կար հնարավորություն: Բայց իրականում մենք նման հնարավորություն չենք ունեցել, և ես չէի տեսնում նման հնարավորություն, ինչը կստիպեր արցախցիներին հավատալ իրենց ղեկավարությանը և առանց որևիցե դիմադրություն ցույց տալու թողնեինք ու դուրս գայինք մեր հայրենիքից: Իհարկե, հարձակումից հետո մենք բոլորս լծվել ենք մեր հայրենիքը պաշտպանելու գործին, և բոլոր հանգամանքները հաշվի առնելով` մենք եկել ենք այդ եզրակացությանը, որ ճիշտ է դադարեցնել և փրկել կյանքեր»,- ասել է նա` հավելելով, որ առանց դիմադրության ոչ մի ժողովուրդ դուրս չի գա իր հայրենիքից:

Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում, մենք քննարկում էինք նրանց նրանց հետ հնարավոր վտանգները

Մենք կապի մեջ ենք եղել Հայաստանի ղեկավարության հետ, որոշ հարցեր քննարկել ենք, որոշ հարցեր հնարավոր չէր լինում քննարկել, քանի որ բացակայում էր կապը. այս մասին հարցազրույցում նշել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով հարցին, թե այս ողջ ընթացքում խոսե՞լ է Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցչի կամ վարչապետի հետ, կապի մեջ եղե՞լ է, իր որոշումների մասին նրանց տեղյակ պահե՞լ է:

«Դուք գիտեք, որ պատերազմի հետևանքով մենք կորցրել էինք Ղարաբաղ տելեկոմի հնարավորությունները համացանցը աշխատում էր շատ վատ, գրեթե խզված էր գծային կապը Հայաստանի հետ»,-ասաց Շահրամանյանը:

Լրագրողի հարցին` Հայաստանը տեղյա՞կ էր՝ Արցախն ինչ է ստորագրում, նա պատասխանել է.

«Հայաստանը տեղյակ էր Արցախն ինչ է ստորագրում և մենք քննարկում էինք Հայաստանի իշխանությունների հետ հնարավոր վտանգները՝ կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակն այդ իրավիճակում արցախիցների կյանքերը փրկելն էր»:

Իշխանությունը Սամվել Բաբայանին հանձնելու առաջարկից հետո կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի հետ

«Այո, սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան Հայկ Խանումյանը զանգահարել է ինձ և հայտարարել, որ Սամվել Բաբայանը պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների ադրբեջանական կողմի հետ: Ես իրեն առաջարկել եմ, որ դեմ չեմ, թող Սամվել Բաբայանը ներկայանա, ներկայացնի իր ծրագիըը, տեսլականը, և եթե այն մեզ համար ընդունելի է, ես պատրաստ եմ գնալ նաև այդ քայլերին: Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի իրեն և ինքը իրականացնի մնացած գործընթացները:

Ճիշտն ասած, ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր, և, չնայած իմանալով, թե հետագայում ինչ ազդեցություն կարող է ունենալ այդ խոսակցությունը և ինչ ձևի կարող էր մեկնաբանվել, ես սեպտեմբերի 19-ի երեկոյան կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատու հետ և փորձել իրենից ճշտել, թե արդյոք կա՞ Արցախում ուրիշ այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ և դրա ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները, ավելի հեշտ բանակցություններ իրականացնել, քանի որ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանը ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող»,-ասել է Շահրամանյանը` ավելացնելով, որ ադրբեջանական կողմից ստացել է բացասական պատասխան. «Ինձ համար պարզ է եղել, որ դա արկածախնդրություն էր և պետք է շարունակել բանակցությունները ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է նա:

Ես այդ փաստաթուղթը չեմ տեսել, թե ինչ է բանակցել Սամվել Բաբայանն Ադրբեջանի հետ

«Այդ մասին ես տեղեկացել եմ Անվտանգության խորհրդի նիստերից մեկում, որտեղ նաև հրավիրված էր Սամվել Բաբայանը, որից հետո ես պատահական իր հետ հանդիպել եմ և առաջարկել՝ ինձ ներկայացնի, թույլատրի ծանոթանալ, թե ինչ փաստաթուղթ է քննարկում ադրբեջանական կողմի հետ: Ինքն ասել է, որ 23 կետանոց ինչ-որ փաստաթուղթ է, որի հիմնական մասը ադրբեջանական կողմի համար ընդունելի է, և երեք կետի վերաբերյալ պետք է քննարկումներ իրականացվի: Բայց ես այդ փաստաթուղթը այդպես էլ չեմ տեսել, նաև չեմ տեսել իմ ընտրվելուց հետո: Այդ խոսակցությունը նաև առաջացել է ԱԺ-ում հայտնի 6-ժամյա քննարկումների ընթացքում, և այնտեղ ևս Սամվել Բաբայանը նշել է, որ բանակցում է ադրբեջանական կողմի հետ: Ես տեղյակ չեմ՝ այդ փաստաթղթում ինչ է նշված, տեղյակ եմ միայն իր կողմից ներկայացված համացանցում եղած տեղեկություններից, որ բանակցում են ավտոնոմիայի ինչ-որ կարգավիճակ Արցախի համար:

Ճիշտն ասած, այդ հայտարարությունը ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ, որովհետև ինձ հետաքրքիր է, թե ում հետ է ինքը քննարկել այդ փաստաթուղթը, ով է իրեն լիազորել Արցախի անունից՝ բանակցել Ադրբեջանի հետ, իր ասելով` դա Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն է: Եթե Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել այդ փաստաթղթին, դա պետք է քննարկվեր նաև ՀՀ ղեկավարության հետ: Գոնե Սամվել Բաբայանի կողմից դա պետք է քննարկվեր:

Մենք եթե դեռ ունենալով Արցախի Հանրապետություն որպես անկախ պետություն, քննարկում ենք դրա կարգավիճակը իջեցնելու հարցը` իջեցնելով այն ավտոնոմիայի, ուրեմն մենք պետք է գնանք այն քայլին, որ հենց այդ փաստաթղթով պետք է լուծարվեր Արցախի Հանրապետությունը, և դառնար ավտոնոմիա` Ադրբեջանի կազմում: Ինձ մոտ հարցեր են առաջանում, թե որտեղի՞ց էր իր մոտ համոզմունքը, որ դա իրական փաստաթուղթ է և որ հնարավոր է դա ընդունվի Ադրբեջանի կողմից»,- հայտարարեց նա:

Շահրամանյանը նշել է, որ ադրբեջանական կողմից իրեն վստահեցրել են, որ նման փաստաթուղթ չի քննարկվում և իրենք պատրաստ չեն մեզ հետ քննարկել որևէ կարգավիճակի հարց.

«Նրանք պատճառաբանել են, որ իրենց կազմում ունեն այլ ազգային փոքրամասնություններ, և եթե մեզ տրվի որոշակի կարգավիճակ, ապա նրանք էլ պետք է պահանջեին կարգավիճակ: Իրենց խոսքով` իրենք չեն գնա պետությունը իրենց ձեռքով քանդելու ճանապարհով»,- ասել է նա:

Ռուսական կողմը գտնվում էր դիտորդի կարգավիճակում

Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Արցախը, փաստացի, մենակ էր ու նախագահը գիտեր այդ մասին, այդ վիճակում օգնության ռեալ առաջարկներ, խոստումներ կայի՞ն և ո՞ւմ կողմից։

«Սեպտեմբերի 19-ի առավոտյան ես գտնվում էի ռուս խաղաղապահ զորակազմի հրամարատարի մոտ։ Առաջին ազդակը, որ հնարավոր է՝ սկսվի ռազմական գործողություն, եղել է այն, որ Շուշիի ներքևում գտնվող ադրբեջանական հենակետից մոտեցել են նույն վայրում գտնվող ռուսական հենակետին և զգուշացրել, որ թաքցնեն անձնակազմը, շուտով կաշխատի հրետանի։ Այդ փաստը մենք ներկայացրել ենք ռուս խաղաղապահներին, նրանք էլ էին տեղյակ դրա մասին և ճշտումներից հետո այդ փաստը հաստատվել է, և ինձ համար պարզ է դարձել, որ որոշ ժամանակ անց հնարավոր է, որ կսկսվեն ռազմական գործողություններ։

Տևական ժամանակ մեր զինված ուժերը և ուժային կառույցները բերված էին բարձր մարտական աստիճանի, տրված էին համապատասխան հրահանգները, այդ թվում՝ նաև քաղպաշտպանության հետ կապված։ Իմ՝ աշխատասենյակ բարձրանալուց կես ժամ անց սկսվել են ռազմական գործողությունները։ Գրեթե բոլոր շրջանները ենթարկվում էին ինտենսիվ հրետակոծության և մենք պետք է ամեն ինչ անեինք դիմադրելու համար։

Ռազմական գործողությունների սկսվելուց հետո ես հասկացել եմ, որ մենք մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։

Ռուսական կողմը, կարելի է ասել, գտնվում էր դիտորդի կարգավիճակում, և մենք պետք է մեր հարցերը ինքնուրույն կարողանայինք կարգավորել։ Պաշտպանության բանակի, այլ ուժային կառույցների և մեր բնակչության հետ միասին սկսվել են պատասխան գործողությունները։ Հենց այդ գործողությունների շնորհիվ էր, որ հնարավոր եղավ Ադրբեջանի հետ սկսել բանակցություններ, որոնք տևել են 12 ժամ»,- ասել է Շահրամանյանը։

Զինտեխնիկան հանձնել ենք ռուսական կողմին՝ հետագա ուտիլիզացիայի համար. Սամվել Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույցում նշել է, որ իրենց համար պարզ էր, որ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, քանի որ ուժերը անհամեմատ էին և որքան երկար շարունակեին՝ այնքան զոհեր և կորուստներ կունենային:

«Իմ նպատակը՝ որպես Արցախի նախագահ, եղել է հնարավորինս շուտ կանգնեցնել պատերազմը, որ խուսափեինք ավելի շատ զոհերից։

Ստիպված էի կապ հաստատել Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին, նախկինում նաև Արայիկ Հարությունյանի հետ ունեցել են կապ և լիազորված էին մեզ հետ համապատասխան աշխատանք իրականացնել։ Սկսեցինք բանակցություններ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար։

Առաջինը ինձ ադրբեջանցիները փոխանցել են, որ ռազմական գործողություններն ունեն իրենց նպատակները, և դրանք չեն դադարի մինչև չհասնեն վերջնական նպատակին։ Նպատակը պարզ էր՝ ամբողջությամբ տիրապետել Արցախին։

Հաշվի առնելով, որ Ադրբեջանն էլ էր կրում զգալի կորուստներ և մեր շրջանները գտնում էին շրջափակման մեջ․ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու զինտեխնիկան մոտեցել էր Ստեփանակերտին՝ Կրկժանի տեղամասին շատ մոտ՝ այդ իրավիճակում մեզ այլ բան չէր նմում, քան գնալ ավելի մեծ զիջումների։ Եվ ես առաջարկել եմ, որ նրանք գրավոր ուղարկեն իրենց պահանջները՝ ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու համար։

Պարզ է, որ առաջին փաստաթուղթը մեր կողմից չի ընդունվել, և մենք մեծ կազմով, որի մեջ մտնում էին Անվտանգության խորհրդի ողջ կազմը, նախկին նախագահներն ու գրեթե բոլոր քաղաքական ուժերը, մշտապես քննարկումներ էինք անում, փոփոխություններ մտցնում և տեղեկացնում ադրբեջանական կողմին»,-ասել է նա:

Շահրամանյանը, սակայն, չի ցանկանում անդրադառնալ առաջին փաստաթղթին, որին իրենք չեն համաձայնել, սակայն նշում է՝ դա կապիտուլացիայի փաստաթուղթ էր։

«Բանակցությունների արդյունքում մենք ընդունել ենք մի փաստաթուղթ, որը նախատեսում էր հոկտեմբերի 20-ին, ժամը 13։00-ին բոլոր ուղղություններով դադարեցնել ռազմական գործողությունները, երկրորդ կետով՝ պաշտպանական բանակի լուծարում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մնացորդների դուրսբերում: Այդ թվում՝ ռուսական կողմին հանձնվում էր ծանր զինտեխնիկան՝ հետագա ուտիլիզացիայի նպատակով»։

Անդրադառնալով ՀՀ զինված ուժեր վիճահարույց ձևակերպմանը, նա նշել է, որ իհարկե, ՀՀ զինված ուժեր Արցախում չկային, բայց դա Ադրբեջանի պահանջն է եղել:

«Պարզ է, որ մեզ համար անընդունելի էր այդ ձևակերպումը ՀՀ զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ, բայց դա Ադրբեջանի պնդումն էր, և մենք, հասկանալով որ այդ փաստաթղթի տակ չենք ստորագրում, ոչ մի իրավական պատասխանատվություն չենք վերցնում մեզ վրա և առաջիկայում էլ նրանց տեղեկացնում էինք և՛ բանավոր, և՛ գրավոր, որ ՀՀ զինված ուժերը ներկայացված չեն Արցախում։

Երրորդ կետը նախատեսում էր հանդիպում Եվլախում հոկտեմբերի 21-ին, որի ընթացքում պետք է քննարկվեին Ադրբեջանի կողմից ներկայացված ինտեգրացիայի հարցերը։ Այս կետը մեզ համար նորություն չէր, որովհետև մենք մինչև այդ էլ համաձայնել ենք Եվլախում հանդիպել՝ նպատակ ունենալով մեղմացնել և թուլացնել լարվածությունը։

Երկրորդ կետի հետ կապված տեղյակ եմ, որ կան բազմաթիվ հարցադրումներ, թե ինչու է սպառազինությունը հանձնվել և թողնվել Արցախում։ Սպառազինությունը Հայաստան տեղափոխելու հնաարվորությունը մենք կորցրել ենք Ադրբեջանական կողմից հսկիչ-անցագրային կետի տեղադրումից հետո, և պարզ էր, որ մենք ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից։ Այսինքն, այսօր անիմաստ է խոսել այդ տեխնիկայի դուրսբերման մասին։ Հայտարարության համաձայն՝ տեխնիկան հանձնել ենք ռուսական կողմին՝ հետագա ուտիլիզացիայի համար․ դա, ըստ պայմանավորվածության, պետք է ոչնչացվի»։

Շահրամանյանը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության ղեկավարության և անձամբ իր կողմից կայացված որոշումների միակ նպատակը եղել է արցախցիների, բանակի, զինվորների, սպայակազմի կյանքերը փրկելը, ինչը, կարծում է, որ կարողացել են անել։

«Պաշտպանության բանակի ողջ անձնակազմը պատերազմի կանգնեցումից հետո հսկիչ-անցագրային կետով անցել է և որևէ մեկը չի ձերբակալվել։ Դա եղել է մեր պայամանվորվածության արդյունքը։

Հսկիչ-անցագրային կետը աշխատում էր ոչ թե 08։00-18։00, այլ 24 ժամ-յա ռեժիմով, և պայամանվորվել էինք, որ ստուգումները պետք է իրականացվեն շատ թեթև կամ գրեթե չիրականացվեն, ինչը սկզբնական շրջանում այդպես էլ կատարվում էր»,-ասել է նա:

Պայթյունը տեղի է ունեցել ՊԲ-ի անձեռնմխելի պահեստում, դա պահում էինք ռազմական գործողությունների համար

Վառելիքի պահեստում պայթյունը տեղի է ունեցել ՊԲ-ի անձեռնմխելի պահեստում, որը նաեւ մինչև ռազմական գործողությունները ձգտում էինք չօգտագործել, որովհետեւ դա նախատեսված էր հենց ռազմական գործողությունների սկսման ժամանակ օգտագործելու համար:

«Մեր բնակչությունը խուճապի հետևանքով հայտնվել է զորամասի պահեստում, չի պահպանվել անվտանգության տարրական կանոնները: Իրականացվում էր բենզինի ինքնուրույն դուրսբերում պահեստից: Այդ կանոնների խախտման պատճառով տեղի ունեցավ այդ պայթյունը, որը խլեց մեծ թվով կյանքեր: Մարդիկ փորձում էին հայթայթել բենզինի պաշարներ:

Թեև մենք հայտարարում էին, որ այս ռեժիմը գործելու է մինչև տարվա վերջ և բոլոր ցանկացողները ապահովվելու են տրանսպորտով, տեղափոխվելու են Հայաստան:

Մեզ համար այդ դեպքը շատ ծանր է: Մենք ունեցել ենք գրեթե նույն զոհերի թիվը, ինչ ռազմական գործողությունների ընթացքում»:

Հարցին` կա՞ն այստեղ մեղավորներ և ինչ է արվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ, Արցախի նախագահը պատասխանել է.

«Մեր Քննչական կոմիտեի կողմից հարուցվել է քրեական գործ, այն հիմա փոխանցված է Հայաստանի ՔԿ զինվորական գլխավոր վարչություն: Ես կխնդրեի Հայաստանի ՔԿ-ի ղեկավարությանը հետևողական լինել և պարզել այդ դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել բոլոր մեղավորներին, ենթարկել պատասխանատվության»:

Բանակցությունների 2-րդ փուլում փորձել ենք ապահովել միջանցք կոչվածը և անվտանգ դուրս բերել բնակչությանը

Ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո բոլոր շրջանները կտրված էին կենտրոնից, միջպետական բոլոր ճանապարհները վերահսկում էին և այդ ճանապարհներին տեղակայված էին Ադրբեջանի զինված ուժերը.

«Ադրբեջանի ԶՈՒ-ն շատ մոտ էր գտնվում խաղաղ բնակավայրերին և դա խուճապ էր առաջացնում: Այս իրավիճակից դուրս գալու համար սեպտեմբերի 21-ից անձամբ Ադրբեջանի ՊՆ գեներալիտետի հետ ռուս խաղաղապահների հրամանատարի հետ մենք շրջել ենք շրջաններում և շրջափակման մեջ գտնվողն մեր զինծառայողներին դուրս էինք բերում այդ իրավիճակից: Դա հնարավորություն է տվել փրկել հարյուրավոր կյանքեր: Ամսի 21-24-ը մենք ամենօրյա ռեժիմով զբաղված էինք իմ նշած հարցերով:

Պարզ էր, որ շրջանները այդքան օր մնալով շրջափակման մեջ, չունենալով տարրական պայմաններ, սնունդ, զրկված լինելով հարազատների հետ շփումից, պահանջում էին մեզնից լուծել այդ հարցը և իրենց շուտափույթ դուրս բերել այդ իրավիճակից:

Այդ ժամանակ մենք ունեցել ենք մեծ թվով տեղահանվածներ, որոնք գտնվում էին Իվանյանի օդանավակայանում, ռուս խաղաղապահների տեղակայման վայրում: Այդ թիվը մոտ 8 հազարի էր հասնում: Մարդիկ գիշերում էին փողոցներում, մեքենաներում և պետք էր այդ իրավիճակին էլ լուծում տալ: Մի զգալի մաս գտնվում էր Ստեփանակերտում, դպրոցներում, դահլիճներում: Մենք ստիպված էինք երկու հանդիսությունների սրահ օգտագործել և օրական մոտ 4 հազար մարդու ապահովել սնունդով: Պարզ էր, որ բնակչությունը պահանջում էր, որ տրամադրենք ճանապարհ` Հայաստան տեղափոխվելու համար:

Բանակցությունների երկրորդ փուլը նվիրված էր նրան, որ ապահովենք այդ միջանցք կոչվածը եւ անվտանգ դուրս բերեինք մեր բնակչությանը»,-ասել է Շահրամանյանը:

Եղծահողի բնակչության տարհանման մասով հավելել է.

«Բնակչությունն արդեն երկու օր գիշերում էր ռուսական խաղաղապահների հենակետի մոտ, որովհետև Ադրբեջանի ԶՈՒ-ն գտնվում էր բնակչությանը շատ մոտ: Մենք բանակցությունների արդյունքում հասել ենք նրան, որ թույլատրել են նրանց իրենց մեքենաներով դուրս գան դեպի Հայաստան»:

Նա նաև նշել է որ խոսակցություն կար, որ անցագրային կետը գործելու է մի քանի օր, ով չհասցնի՝ մնալու է Արցախում, դրա համար խուճապային իրավիճակը փորձում էին կարգավորել:

Ես և պաշտպանության նախարարը ուղղաթիռով ենք տեղափոխվել Հայաստան

«Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում»,-այս մասին նշել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ Ադրբեջանն առևանգեց Արցախի երեք նախագահներին, իսկ իրեն ոչ, ինչպե՞ս է ինքը հասել Երևան:

«Կարելի է այդ հարցը շարունակել, և հարցնել՝ ինչու որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել, և ձերբակալվել են նախկին ղեկավարներ, օրինակ, պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, բայց բոլոր գործողներն անվտանգ դուրս են եկել: Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու Ադրբեջանի կողմից կայացվեց նման որոշում, բայց նաև կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում, ձերբակալվել և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»,-ասել է նա:

Հարցին, թե ինչպե՞ս է անցել հսկիչ անցագրային կետը, Շահրամանյանը պատասխանել է.

«Ես տեղափոխվել եմ ինքնաթիռով: Ուղղաթիռով տեղափոխվել ենք ես, պաշտպանության նախարարը և իմ անվտանգության երկու աշխատակիցները: Մենք հասել ենք Սիսիան ուղղաթիռով»:

Միջադեպ տեղի ունեցավ, քանի որ կային անձինք, որոնք եկել էին անկարգությունները սադրելու նպատակով

«Ցավոք սրտի, Արցախի ներկայացուցչության մոտ միջադեպ տեղի ունեցավ, քանի որ այդ մարդկանց մեջ կային անձինք, որոնք եկել էին անկարգությունները սադրելու նպատակով:

Շատ մեկնաբանություններ եմ լսել, որ դա ուղղորդված էր, կազմակերպված էր։ Այդ կարծիքներն էլ գոյության իրավունք ունեն, բայց ես դրանց վերաբերում եմ հետևյալ կերպ, որ մեր քաղաքացիները, հաշվի առնելով նաև նրանց բարդ սոցիալական, հոգեկան իրավիճակը, ցանկանում էին որոշակի հարցեր ուղղել և պատասխաններ ստանալ իրենց ղեկավարներից։ Ես դա համարում եմ նորմալ և բավականին կառուցողական։ Բայց, ցավոք սրտի, միջադեպ տեղի ունեցավ, քանի որ այդ մարդկանց մեջ կային անձինք, որոնք եկել էին անկարգությունները սադրելու նպատակով։ Եվ մենք տեղեկատվական շտաբով տարածած հաղորդագրությամբ դատապարտել ենք այդ պահվածքը և այսօր էլ հայտարարում ենք, որ պատրաստ ենք լսել մեր բնակչությանը, տալ նրանց հուզող հարցերի պատասխանները»,-ասել է նա` նշելով, որ բաձրացված հարցերի մեծ մասը կապված էին սոցիալական խնդիրների հետ.

«Մենք մեր բնակչությանը տեղեկացրել ենք, որ մենք գտնվում ենք Հայաստանի Հանրապետությունում և ՀՀ կառավարությունը բոլոր սոցիալական և այլ խնդիրների լուծումը վերցրել է իր պատասխանատվության տակ և դրա մասին համապատասխան հայտարարություն է տարածվել։ Նաև ուզում եմ տեղեկացնել, որ գործում է հումանիտար կենտրոն, որը գտնվում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքում՝ Նաիրի 42 հասցեում և կա համապատասխան հեռախոսահամար, որով մեր բնակչները կարող են ցանկացած սոցիալական հարցերով դիմել և ստանալ իրենց պատասխանները»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք նախագահն էլ է ներկայացուցչությունում տեղի ունեցածից հետո եկել այն եզրահանգման, որ մարդկանց հուզերն այդ պահին ուղղորդվել են դեպի Արցախի իշխանություն և ինչ-որ ուժեր փորձում են պառակտել Արցախի իշխանությանը, նա ասել է.

«Հնարավոր է նաև, որ որոշ շրջանակներ նպատակ ունենային Արցապի բնակչության մեջ սերմանել այդ պառակտումը, բայց ես հուսով եմ, որ մեր քաղաքացիները, հասկանալով, որ իրենց օգտագործում են ի վնաս Արցախի և Հայաստանի, կխուսափեն ներգրավվել նման գործընթացներում։ Այս ամենը թույլ չտալու պլանը մեկն է․ պետք է աշխատել բնակչության հետ, ապահովել նրանց հարցեր և պատասխաններ ստանալու հնարավորությունը, այն, ինչը մենք միշտ հայտարարել ենք մեր հնարավորությունների սահմաններում անել։ Իհարկե, որպես արցախցի՝ ես ամեն ինչ անելու եմ, որ թեթևացնենք մեր արցախցիների սոցիալական բեռը և պայմանները, բայց ուզում եմ, որ հասկանանք, որ մեր կառավարությունը չունի համապատասխան լծակներ այդ հարցերին լուծում տալու համար, այդ պատճառով խնդրում եմ, որ մեր քաղաքացիները դիմեն նշածս հասցեով և ստանան բոլոր հարցերի պատասխանները»։

Արցախ վերադարձը մեր օրակարգում է. դրանով հետաքրքրված են Եվրոպան, ԱՄՆ-ն, ՌԴ-ն, կարծում եմ նաև Ադրբեջանը

Մեր հաջորդ քայլը պետք է լինի այն, որ սկսենք զբաղվել այն հարցերով, որոնք թույլ կտան ամրագրել Արցախից տեղահանված մեր քաղաքացիների հետվերադարձը: Այս մասին այսօր ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը.

«Դա մեր օրակարգային հարցերից մեկն է եւ պետք է սկսենք քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար»:

Հարցին, թե ի՞նչ կարգավիճակով վերադարձի մասին է խոսքը, Շահրամանյանը պատասխանել է.

«Դա քննարկումների, բանակցությունների հարց է։ Բնակչության վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր քաղաքական կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։ Դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը։ Քանի որ միջազգային հանրությունից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչության բռնի տեղահանմանը»,-նշել է նա:

Դիտարկմանը, թե ոչ ազատ ու անկախ Արցախ ինքը կվերադառնա՞, Սամվել Շահրամանյանն արձագանքել է.

«Ես ունեմ իմ պատկերացումները՝ ինչպիսին պետք է լինի Արցախի կարգավիճակը և ինչպիսին պետք է լինի Արցախը, որպեսզի և ես որպես արցախցի, և իմ ընտանիքը կարողանա վերադառնալ: Դրա մասին դեռ վաղ է խոսել, որովհետև մեզ մեծ աշխատանք է սպասվում առջևում: Եթե առաջիկայում մեզ հաջողվի նման ձևաչափ ստեղծել և գործը տեղափոխել քննարկումների փուլ, իհարկե, մենք խոսելու ենք դրա մասին նաև մեր հանրության հետ: Այս պահին նման գործընթաց չկա, բայց ես նախադրյալներ տեսնում եմ, որ հնարավոր կլինի առաջիկայում սկսել այդ գործընթացը»:

Վերջում Արցախի նախագահն արցախցիներին կոչ էլ արել ապրել, արարել Հայաստանում,՝ չմոռանալով որ Հայաստանը մեր հայրենիքն է:

 

Տեսանյութեր

Լրահոս