Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պայմանների մասին

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության, խաղաղության պայմանագրի կնքման հնարավոր է հասնել, եթե միանշանակ լինի մեր երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը։

Իսկ դա, նրա խոսքով` հնարավոր կլինի նաև այն դեպքում, երբ իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիա` Ալմա Աթայի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա։

«Պատահական չէ, որ հենց այս ուղենիշներն են իրենց արտացոլումը գտել հոկտեմբերի 5-ին ընդունված Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։ Հայաստանն ակնկալում է այդ հայտարարության աջակցությունը միջազգային այլ գործընկերների կողմից»,- ասաց Միրզոյանը։

Նա հիշեցրեց, որ ընդամենը 1 ամիս առաջ ԼՂ-ում ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը և ավելի քան 100.000 հայ ստիպված եղավ կյանքը փրկելու համար բռնի տեղահանվել, լքել պատմական հայրենիքը։ Նրանք այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանում։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ տարածաշրջանում հարատև խաղաղությունը պահանջում է հենց այդ տարածաշրջանի բոլոր երկրների գործուն քայլեր և հրաժարում առավելապաշտական նկրտումներից։

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերությանն առնչվող հարցեր։ Վստահություն են հայտնել, որ տարածաշրջանում տնտեսական զարգացման խթանմանն ուղղված և այդ տրամաբանության վրա կառուցված փոխգործակցությունն իր դրական արդյունքը կունենա։

«Այս համատեքստում քննարկել ենք տարածաշրջանային տարբեր ծրագրերին Հայաստանի ներգրավվածությունը, մասնավորապես`0 վկայակոչել ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի 5-ի համատեղ հայտարարությունը։ Այնտեղ նշվեց, որ հանձնաժողովը կաջակցի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանային նախագծերում, ինչպիսին է Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխը։ Քննարկել ենք նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող այլ թեմաներ, կարևորել ենք և երախտագիտություն հայտնել Հունգարիային Հայաստանում ԵՄ առաքելությանը մասնակցության համար»,- ասաց Միրզոյանը։

Դիմելով Սիյարտոյին` Միրզոյանը վստահություն հայտնեց, որ որպես ԵՄ անդամ երկիր` Հունգարիան քաջատեղյակ է բոլոր զարգացումներին։ Միրզոյանն ընդգծեց` Հարավային Կովկասում երկարատև և հայ ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման այլատյաց քաղաքականության բացառում։

Տեսանյութեր

Լրահոս