Ի՞նչ պետք է արվեր, որ չարվեց նոյեմբերի 9-ից հետո

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը համոզված է, որ նույնիսկ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կարելի էր փրկել երկրում ստեղծված իրավիճակը, սակայն Հայաստանի Հանրապետությունն այժմ անգամ դրանից է զրկված:

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ու 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունների մասին այս պահին անգամ անիմաստ է խոսել, քանի որ ամեն բան ձախողված ու տապալված է:

«Այդ փաստաթղթով կարելի էր շատ բան անել՝ պահանջատեր լինելով: Առաջին հերթին՝ գերիներին ու գերեվարված անձանց վերադարձնելու պահանջը: Երկրորդ՝ Լաչինը չհանձնել ժամանակից շուտ, որովհետև այն հանձնելու մասին խոսք չի եղել: Երրորդ՝ Ռուսաստանի խաղաղապահների մանդատն ամբողջությամբ պարտադրել, հասնել նրան, որպեսզի այն ճանաչվի որպես լիարժեք մանդատ՝ նաև միջազգային շրջանակներում:

Իսկ դա հնարավոր էր անել: Արցախի կարգավիճակը պահել քաղաքական օրակարգում՝ նույնիսկ միմյանց հետ գժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ համանախագահ պետությունների համար, որովհետև երեքն էլ ասում էին, որ կարգավիճակի հարցը փակված չէ»,- հայտարարեց Զաքարյանը՝ հավելելով, որ որևէ նշանակություն չունի փաստը, որ այդ երեք երկրների ներկայացուցիչները հրաժարվում էին նստել միևնույն սեղանի շուրջ:

Որպես կարևորագույն հավելում, ըստ նրա, պետք էր Արցախի ինքնորոշման խնդիրը դարձնել ՀՀ արտաքին քաղաքականության իրական մաս: Սրանով, ըստ նրա, կապահովվեին նաև ՀՀ անվտանգության բոլոր խնդիրները:

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը հաև համոզմունք հայտնեց, որ Պրահայում Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը պետք էր միայն արևմտյան մի քանի երկրների ու Թուրքիային:

«Նույնիսկ Ադրբեջանը չէր սպասում նման զարգացման: Նրանք լրիվ այլ քաղաքականություն էին պատրաստվում իրականացնել՝ հակադրվելով ու մտածելով, որ երևի այսքանից հետո ՀՀ իշխանությունները կարող է սկսեն ողջամտություն ցուցաբերել ու ճիշտ քաղաքականություն վարել, բայց ընդհակառակը, ավելի պրոադրբեջանական ու պրոթուրքական քաղաքականություն վարեցին»,- ասաց Զաքարյանը՝ համոզմունք հայտնելով, որ վատ քաղաքականությամբ բոլորն էլ կարող էին զբաղվել, իսկ իրական քաղաքական գործիչները պետք է կարողանան ճիշտ ելք գտնել անգամ անելանելի թվացող իրավիճակից դուրս գալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս