Մասնավոր և պետական հատվածները պետք է ավելի սերտ համագործակցեն, որ «խելացին» դառնա «ավելի խելացի»․ Ռալֆ Յիրիկյան. News. am
Հեռահաղորդակցության ոլորտը բավականին օրինակելի է դարձել մեր երկրում, տնտեսությունում իր կատարած քայլերի շնորհիվ։ Շատ զարգացումներ տեղի ունեցան, քանի որ տեխնոլոգիաների մեջ ներդրումներ արվեցին, և ստեղծվեց համապատասխան ենթակառուցվածք, որը հանդիսացավ այն հարթակը, որի միջոցով շատ այլ ոլորտներ կամ ենթաոլորտներ տնտեսությունում կարողացան առաջ գնալ, Silicon Mountains 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակներում NEWS.am Tech-ի հետ զրույցում նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Սակայն ավելի ճիշտ և լավ կլիներ, որ միշտ մասնավոր և պետական հատվածները ավելի սերտ համագործակցեին իրար հետ, որ բիզնեսը հասկանա, թե իր խելացի մտածելակերպի մեջ ինչպես միանա երկրի զարգացման վերաբերյալ պետական տեսլականին, որ եթե կա ինչ-որ նոր ծրագիր, բինզեսն ռազմավարության մեջ այն հաշվի առնի և ավելի արդյունավետ իրականացվեն այս նախաձեռնությունը կամ նախաձեռնությունները»,- ասաց նա։
Այս դեպքում, ըստ Յիրիկյանի «խելացին» կլինի «ավելի խելացի»․ «Բայց եթե բիզնեսն առանձին լինի, մտածելու է այնպիսի նոր տեխնոլոգիաներ ներդնելու մասին, որ իր բաժանորդը վայելի, բայց դա բավարար չէ մի երկրի համար, որն ուզում է իրոք զարգանալ, առաջ գնալ և դասվել զարգացած երկրների շարքին»։
Ucom-ն ունի նոր ռազմավարություն, նոր նպատակ
Ucom-ն ունի նոր ռազմավարություն, նոր նպատակ, որի հետևից գնալու է և տարիներ անց դառնալու է կարևոր խաղացող հեռահաղորդակցության ոլորտում, որը խթան կհանդիսանա տնտեսության զարգացման համար, ասում է ընկերության գլխավոր տնօրենը․ «Թվայնացում, խելացի լուծում ասելը բավարար չէ, մենք պետք է խելացի ձևով մոտենանք այս խելացի գաղափարին և առավելագույնս օգտվենք դրանից՝ հօգուտ մեր տնտեսության, մեր երկրի և ամենակարևորը՝ մեր ժողովրդի համար։
Այսուհետ ստեղծելու ենք լուծումներ, որոնց շրջանակներում ուզում ենք տեխնոլոգիական տեսանկյունից հեշտացնել սպառողների, այլ ընկերությունների, պետական կառույցների կյանքը։ Նպատակ ունենք ազդել բիզնես մտածելակերպի վրա, քանի որ երբ բիզնեսները չունեն կառավարման մոդելներ, խելացի լուծումների մասին խոսելն անիմաստ է»։
Ռալֆ Յիրիկյանը գագաթնաժողովի շրջանակներում մասնակցում է «խելացի բիզնես» պանելային քննարկմանը, որը նա կարևոր հարթակ է համարում որոշ մտքեր, կոչեր և ցանկություններ հնչեցնելու համար․ «Պետք է գիտակցենք, որ խոսելով չէ միայն, եթե ինչ-որ բան հնչեցնում ենք, պետք է իրականություն դարձնենք, որովհետև դրանով կկարողանանք անմիջականորեն օգուտ բերել տնտեսության բոլոր ոլորտներին, ինչից օգուտ կքաղի երկիրը»։
Կնիքների ժամանակներն անցել են
Տեխնոլոգիական զարգացման առումով, ըստ Ucom-ի գլխավոր տնօրենի, տարբեր ոլորտներ տարբեր զարգացման մակարդակի վրա են․ «Հեռահաղորդակցությունը միշտ մոտ է եղել տեխնոլոգիական առաջընթացին, բայց այն միայնակ չի կարող, տարբեր ոլորտների և պետության համագործակցություն պետք է լինի։ Բոլորս մեկ նավի վրա պետք է լինենք և ուղղությունը հասկանանք, որ ավելի ստեղծագործ լինենք, կրկին, հօգուտ տնտեսության և երկրի»։
Կնիքների ժամանակներն անցել են, ասում է Յիրիկյանը․ «Չենք կարող մեր մտածելակերպով մնալ այնտեղ, պետք է առաջ նայենք և միշտ 10-15 տարի առաջ հաշվարկենք՝ կիրառելով այսօր առկա տեխնոլոգիաները, որոնք հեռահաղորդակցության տեխնոլոգիաներն այսօր տրամադրում են, ընդամենը պետք է օգտվել դրանցից։ Մեր մտածելակերպը պետք է լինի ռազմավարական, հեռանկարային և անմապայման կստացվի։ Բայց եթե մենք ուզում մտածել, որ մեր կյանքը լավ է՝ որպես բիզնես, քանի որ ինչ-որ մի տեղ պատասխանատուի գրպանում կնիք կա, առաջ չենք գնա, կմնանք նույն տեղում։
Եթե բիզնեսն ուզում է զարգանալ, պետք է արժեհամակարգերի վրա հիմնված կառավարման յուրահատուկ մոդել ունենա և նորարար տեխնոլոգիաներ կիրառի։ Տեխնոլոգիաներից վախենալ պետք չէ, քանի որ այն միջոց է, բանալի է, տրանսպորտ է, որը կտանի ավելի զարգացած ապագայի»։
Մեր և ավելի երիտասարդ սերնդի բախտը բերել է, որ ապրում ենք տեխնոլոգիական զարգացումների այս էվոլուցիան
Հեռահաղորդակցության որոտում նորարարություններ ամեն օր են ստեղծվում, ասում է Յիրիկյանը։ «Սա այնպիսի որորտ է, որ հիմնված է տեխնոլոգիաների վրա, որոնք ամեն օր զարգանում են։ Ներդրվում են 5-րդ սերնդի ցանցային տեխնոլոգիաները, արդեն փորձարկման մեջ է 6-րդ սերունդը, ոչ հեռու ապագայում, համոզված եմ, 7-րդ սերունդն էլ կլինի, որի փորձարկումները ևս ընթանում են լաբորատորիաներում։ Սրանք իրենց հետ զուգահեռ բերելու են շատ այլ փոփոխություններ։ Մի քանի տարի առաջ չէինք էլ պատկերացնում, որ կապի այսպիսի արագություն կարող ենք ունենալ, այսպիսի հավելվածներ կամ հեռախոսներ ունենալ, որոնք մեզ օգնում են շատ գործողություններ իրականացնել։ Տեխնոլոգիան միշտ զարգանալու է և առջևում լինելու են շատ ավելի մեծ զարգացումներ, որոնց բոլորս ականատես կլինենք։ Կարծում եմ՝ մեր և ավելի երիտասարդ սերնդի բախտը բերել է այն առումով, որ ապրում ենք տեխնոլոգիական զարգացումների այս էվոլուցիան, ինչը օգնելու է ավելի հեռանկարային մտածել։ Ապագա բիզնեսները հանդիսանալու են այն ուժեղ քարշակը, որ տեխնոլոգիաները էլ ավելի են տանելու առաջ և զարգացնելու՝ բիզնես տեսանկյունից»։
Ամեն մեկն իր տեղում ունի պատասխանատվություն՝ օժանդակելու տեխնոլոգիական զարգացմանը
«Մենք պետք է նայենք գլոբալ․ մի քանի տարի անց մեր երկիրը որտեղ ենք ուզում տեսնել համաշխարհային քարտեզի վրա։ Սա է մեծ նպատակը, որը շերտավորված պետք է բաժանվի բիզնեսի, պետական սեկտորի և քաղաքացիների միջև։ Սրա համար անհրաժեշտ է բարձր մակարդակի ռազմավարություն, որը փոխանցվի այնպես, որ բոլորս հասկանանք՝ յուրաքանչյուր պահի ինչ քայլ է պետք իրականացնել։
Քաղաքացու և բիզնեսի խելացի լինելը փոխկապակցված են։ Որոշ դեպքերում քաղաքացու դերն է կարևոր, որոշներում էլ՝ բիզնեսի։ Այստեղ միասնության գաղափարն է կարևոր։ Այս պատճառով պետք է լինի գլոբալ տեսլականը, որի շուրջ բոլորս կհամախմբվենք, ինչպես շատ երկրներ արեցին և հաջողեցին»։