Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ։ Վալերի Բուայեն այս մասին ասել է «C dans l’air» հաղորդման ժամանակ։
«Կարծում եմ՝ այսօր Հայաստանին պետք է պաշտպանել, բայց ոչ այն դիմակահանդեսի միջոցով, որը այսօր տեղի է ունենում (նկատի ունի ՄԱԿ առաքելության այցը ԼՂ-խմբ․)։ Դուք ունե՞ք Ադրբեջանի կողմից ընտրված՝ առաքելությանը մասնակցող պետությունների ցանկը։ Այնտեղ (Լեռնային Ղարաբաղում-խմբ․) այլևս ոչ ոք չկա»,- ասել է Բուայեն։
Նա հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է հետ կանչի իր դեսպանին Ադրբեջանից և պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ։
Երեսուն տարի անց ՄԱԿ-ի առաքելությունը առաջին անգամ մեկօրյա այց էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղ, որին հաջորդել էր առաքելության հայտարարությունը։ Ըստ ՄԱԿ-ի առաքելության հայտարարության՝ նրանք «ցնցված են Լեռնային Ղարաբաղը լքելու բնակչության հանկարծակի որոշումից»։ ՄԱԿ-ի առաքելության հայտարարության մեջ նաև նշված է, որ քաղաքացիական, գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասներ, ավերածություններ, ինչպես նաև որևէ անկած անասուն կամ ընտանի կենդանի չեն հայտնաբերել։ Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները։