Գործուն քայլեր կլինեն. ցասումը տեղի կունենա, երբ տասնյակ հազարավորները տոգորված լինեն այդ մտքով. Մանուկյան
«Պետք է իշխանության մեջ արդեն ճաքեր լինեն, որ իմաստ լինի ԱԺ-ի միջոցով Նիկոլ Փաշինյանին փոխել, բայց դա դեռ տեղի չի ունեցել, ինչ-որ ժամանակ հետո պետք է անուն տալ»,- այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հերթական հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առաջին վարչապետ, Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ընդդիմության թեկնածուի անունը հանրայնացնելու մասին հարցադրմանը:
Նրա դիտարկմամբ՝ հանրության մի մասը թեև իրենց չեն աջակցում, բայց պետք է հասկանան, որ Նիկոլ Փաշինյանին շտապ պետք է փոխել:
Ինչ վերաբերում է հանրահավաքների վերսկսմանը, ապա Ազգային կոմիտեի անդամը կարծում է, որ հանրահավաքները շարժման գործիքներից է միայն. պարտադիր չէ՝ ամեն օր հանրահավաքներ լինեն: Նա համոզված է՝ հատկապես վերջին դեպքերից հետո մեծամասնությունը կցանկանա Նիկոլի հրաժարականը:
Խոսելով Արցախի մասին՝ Վազգեն Մանուկյանը նկատել է, որ այս պահին Արցախի հարցը պետք է բաց թողնել. «Դեռ չկա սցենար, որի դեպքում Արցախը վերադառնում է, բայց որ այդ հարցը պետք է բաց պահել, և մի օր կարող է հաջողություն լինի, և մենք կկարողանանք Արցախի հարցը մեզ համար դրական լուծել, այդ դուռը փակ չէ»:
Գործուն քայլերի անհրաժեշտության մասին լրագրողների դիտարկմանն արձագանքելով՝ նախկին պաշտոնյան շեշտեց՝ գործուն քայլեր կլինեն, իսկ որպեսզի ցասումը տեղի ունենա, պետք է տասնյակ-հազարավորները տոգորված լինեն այդ մտքով:
Նա նշեց, որ աշխարհի համար այսօր զարմանալին այն է, որ հայ ժողովուրդը մինչև հիմա Նիկոլին չի գցել: