«Արցախի նախագահի ստորագրած հրամանագիրն իրենից ոչինչ չներկայացնող փաստաթուղթ է՝ իրավական ուժ չունի». Ալվինա Գյուլումյան
Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։
«Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ՝ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ պայմանավորվելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենքերը վայր դրած զինվորականների ազատ, կամավոր և անխոչընդոտ ճանապարհորդությունն ապահովվում է Լաչինի միջանցքի երկայնքով մեքենաների վրա իրենց գույքով և առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Սահմանադրության 93-րդ հոդվածով, որոշվել է.
1. Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
2. Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ անկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին»,- նշված է հրամանագրի մեջ։
Ադրբեջանը մշտապես հայտարարել է, որ Արցախի իշխանություններն օրինական չեն ընտրվել, հետևաբար՝ ինչպե՞ս է օրինական համարելու Սամվել Շահրամանյանի ստորագրած հրամանագիր։ Առհասարակ այս հրամանագիրը ունի՞ իրավական ուժ։
168.am-ի հետ զրույցում ՀՀ Սահմանադրական և ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց՝ այդ հրամանագիրն իրավական ուժ չունի։
«Եթե Ադրբեջանը վկայակոչի ու ասի, թե՝ տեսեք, Արցախի նախագահը նման որոշում է ստորագրել, ուրեմն՝ ընդունում է այդ նախագահի լեգիտիմությունը, ինչ վատ է։ Չէի ասի, որ այս փաստաթուղթն իրավական ուժ ունի, ի՞նչ իրավական ուժի մասին է խոսքը։ Առհասարակ ինքս պրակտիկայում չեմ հիշում նման բան, որ պետությունը հայտարարի իր լուծարման մասին։ Ինքս ենթադրում եմ, որ այս ամենը կատարվել է Ադրբեջանի թելադրանքով՝ ինչ-որ բաների դիմաց։ Դա իրենից ոչինչ չներկայացնող փաստաթուղթ է»,- նշեց Ալվինա Գյուլումյանը։
Դիտարկմանը՝ պնդումներ կան, որ Արցախը որպես չճանաչված պետություն՝ տվյալ փաստաթուղթը չի կարող իրավական ճանապարհով վիճարկել, Ալվինա Գյուլումյանը նկատեց՝ ինչպե՞ս են պատկերացնում դրա վիճարկումը, քանի որ սա ավելի շատ քաղաքական հարց է։
Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանվող արցախահայության սեփականության իրավունքին, որոնք հազարամյակներով ապրել են Արցախում, ունեն սեփականություն և Ադրբեջանի ցեղասպանության վտանգի ներքո ամեն ինչ թողել և բռնի տեղահանվել են, Ալվինա Գյուլումյանն ասաց.
«Արցախահայությունը կարող է փոխհատուցում ստանալ։ ՄԻԵԴ-ում նման գործեր քննել ենք, նույն ադրբեջանցիները, երբ Բերձորից հեռացել էին, դիմեցին դատարան և ստացան հատուցում։ Կա երկու գործ, որն առնչվում է միայն Արցախյան հակամարտությանը՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի», ըստ էության սրանք նախադեպեր են նման փոխհատուցում ստանալու համար»։