
«Այս մոտեցումը Սահմանադրության նկատմամբ անընդունելի է. խնդիրն այն է, որ Հայաստանը կատարում է ուրիշի կամքը և ոչ թե՝ մեր ցանկությունները». Ալվինա Գյուլումյան

Օրերս խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նոր սահմանադրության տեքստում չի կարող հղում լինել Անկախության հռչակագրին։
Նա հիշեցրել է, որ դեռ տարիներ առաջ Անկախության հռչակագրի օրվա իր ուղերձում նշել է, թե հռչակագիրը նորովի ուսումնասիրելուց հետո հասկացել է` տեքստն այն մասին է, որ Հայաստանի անկախ Հանրապետություն, պետականություն չի կարող լինել։
«Եթե ես սա ասում եմ, հետևաբար՝ չեմ կարող ասել, որ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Ընդհակառակը, իմ կարծիքով, Նոր Սահմանադրության տեքստում չի կարող լինել հղում Անկախության հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ Սահմանադրական և ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ եթե նոր Սահմանադրություն ընդունելու առաջարկ լինի, ապա դրա վերաբերյալ յուրաքանչյուր ոք կարող է իր կարծիքն արտահայտել, այդ թվում՝ երկրի ղեկավարը, թե այնտեղ ինչ կարող է լինել։
«Ինձ համար այս մոտեցումը Սահմանադրության նկատմամբ անընդունելի է։
Կարծում եմ՝ Անկախության հռչակագրին հղում անելն անհրաժեշտ է, որովհետև Հռչակագրով դրվել է Սահմանադրության հիմքը՝ նշելով, որ Սահմանադրությունը դրանում ամրագրված սկզբունքներին համապատասխան պետք է ընդունվի, ըստ էության։ Հիմա թե ինչո՞ւ ենք մենք փորձում գնալ այդ քայլին և Անկախության հռչակագրին հղում չկատարել՝ չեմ կարող ասել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ալվինա Գյուլումյանը։
Նա նաև ընդգծեց՝ կան երկրներ, որոնք առհասարակ Սահմանադրություն չունեն, մեծ դժբախտություն չէ։
«Եվ, ի վերջո, Անկախության հռչակագրին հղում չանելով, չի նշանակում, որ վերացնում ենք մեր Անկախության հռչակագիրը։ Այստեղ խնդիրն այն է, որ ինչպես ասում են՝ Հայաստանը կատարում է ուրիշի կամքը և ոչ թե՝ մեր ցանկությունները։ Հետո դա ներկայացնում են՝ որպես մեր ցանկություն, որն անընդունելի է»,- շեշտեց Ա. Գյուլումյանը։
Հարցին՝ եթե հղում չի կատարվում Անկախության հռչակագրին, սա չի՞ նշանակում, որ ՀՀ-ն հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից ու այլ հարցերից, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց՝ այսօր արդեն իսկ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։
«Հիմա չգիտեմ՝ իրապես դրանից հրաժարում կլինի՞, թե՞ շատ այլ բաներից հրաժարում կլինի, որոնք առերևույթ այս պահին մենք չենք նկատում, բայց արդյունքում կլինեն։ Սա ուրիշ հարց է, բայց որ նշանակում է հրաժարում և դրանից, և Արցախյան շարժումից, որի մասին հայտարարվեց, այդ բոլորը կլինեն, եթե գնում ենք այս քաղաքական ուժի առաջարկած Սահմանադրությամբ»,- նշեց Ալվինա Գյուլումյանը։