«Ակնհայտ է՝ այսօր տեղի է ունենում Արցախ-Ռուսաստան-Ադրբեջան իրավիճակային լուծում». Մետաքսե Հակոբյան
Սեպտեմբերի 17-ին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հաշվի առնելով երկրում խորացող աղետն ու անվտանգային իրադրությունը՝ Արցախի Հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության համատեղ առաջարկը՝ Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով (արտասահմանյան ծագում ունեցող բեռներ):
«Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված՝ քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:
Գործընթացի կազմակերպումն անհրաժեշտ է՝ ինչպես մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, այնպես էլ՝ Բերձորի միջանցքով հումանիտար բեռների հետագա տեղափոխումն ապահովելու համար»,- տեղեկացրել էր Արցախի տեղեկատվական շտաբը:
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բացելուն զուգահեռ՝ կարծիքներ հնչեցին, որ դրանով ընդմիշտ փակվելու է Հայաստան-Արցախ ճանապարհը, և հնարավոր է, որ Ակնայով Ադրբեջանը ցանկացած բեռ մտցնի Արցախ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն ադրբեջանական ցանկացած բեռի համար փակ է։
«Պաշտոնապես արդեն տեղեկատվություն տրամադրվել է, որ Բերձորի միջանցքով Կարմիր խաչի մեքենաները բերելու են 23 տոննա ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչի մեքենայով կբերվեն հիգիենայի պարագաներ, որոնք ռուսական, և, եթե չեմ սխալվում, շվեյցարական արտադրության են։ Այսինքն՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով որևէ ադրբեջանական ապրանք չի մտել ու չի մտնելու Ստեփանակերտ։ Այս հարցը բացարձակ չի քննարկվում, նման քննարկում անողները Նիկոլի ռիժիմի պահապաններն ու պաշտպաններն են»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։
Պատգամավորն ընդգծեց նաև՝ չի ցանկանում շատ մեծ լրջություն տալ այս ամենին, քանի որ համոզված է, որ սա իրականում հարցի լուծում չէ։ Նրա կարծիքով՝ սա պարզապես արվել է, որպեսզի համեմատաբար կա՛մ կորուստ չունենալով, կա՛մ առհասարակ որևէ զիջման չգնալով՝ կարողանան ապահովել բնակչության սննդի շատ նվազագույն քանակը։
«Եթե սկսենք սա շատ քննարկել, ապա ինքներս քաղաքական դաշտից կտեղափոխվենք հումանիտար դաշտ, իսկ Արցախում ստեղծվածը միայն հումանիտար խնդիր չէ, և այս հարցը շատ քննարկելով՝ կարող է գալ այնպիսի ժամանակ, որ հանկարծ ճանապարհները կարևոր չլինեն։ Հետևաբար՝ սա լուծում չի դիտարկվում, գուցե նման մի եզակի դեպք էլ լինի, մինչև հարցը կստանա քաղաքական լուծում։
Նման ձևով կա պայմանավորվածություն, սակայն որևէ երաշխիք չունենք՝ իմանալով Ադրբեջանի պահանջներն ու մոտեցումները։ Մենք քաղաքական առումով ակնկալում ենք քաղաքական միջանկյալ մեխանիզմների ներդրում, քանի որ ակնհայտ է, որ այսօր Նիկոլ Փաշինյանի ռեժիմը մերժում է Արցախը և Արցախին ասել է՝ ինքներդ ձեր գլխի ճարը տեսեք։ Այս իրավիճակում Արցախն ինքնուրույն դեռևս կարողանում է նման քայլերի գնալ, գոնե սկզբնական շրջանում։ Միանշանակ մենք պետք է կարողանանք այնպիսի քաղաքականություն վարել, որպեսզի միջազգային որևէ երկրի հովանավորչության ներքո ներդրվեն միջազգային մեխանիզմներ։ Իհարկե, այսպես ասելիս, մենք միանշանակ տեսնում ենք Ռուսաստանին, նախկինում նկատի ունեինք Հայաստանին, բայց այսօր տեղի իշխանություններով պայմանավորված՝ այդ ամենն անհնարին է»,- շեշտեց Մ. Հակոբյանը։
Երբ օրեր առաջ Ստեփանակերտ հասավ ռուսական Կարմիր խաչի հումանիտար բեռը, պատգամավորի փոխանցմամբ, ադրբեջանական կողմի հետ կար պայմանավորվածություն, որ պետք է բացվի Բերձորի միջանցքը, ինչը տեղի չունեցավ։
«Ակնհայտ է, որ այսօր տեղի է ունենում Արցախ-Ռուսաստան-Ադրբեջան իրավիճակային լուծում, քանի որ այսպես երկար շարունակվել չի կարող։ Բայց սրա անունը բանակցություններ չենք դնի, քանի որ սա քաղաքական խորը լուծում չի բերի։ Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ աշխատանքային խումբ պետք է ձևավորվի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների կողմից՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, այնուհետև նման աշխատանքային խումբ ձևավորվի Արցախում և տեղի ունենան «3+1» ձևաչափով քննարկումներ, բանակցություններ»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։