Կոշտ ձևով պետք է կասեցվի. Նիկոլ Փաշինյանը՝ վրացական համարանիշներով մեքենաների մաքսավճար չվճարելու մասին
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին՝ ՀՀ տարածքում վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վերաբերյալ։
«Ճիշտ է, նախագիծը միտված է կարգավորելու այդ խնդիրը, բայց այն իր մեջ պարունակում է բավականաչափ լուրջ հիմնախնդիր։
Հիմա մեքենայի մաքսազերծման գումարի չափով մարդը պետք է գումար սառեցնի, որպեսզի կարողանա վրացական համարանիշներով մեքենա վարի ՀՀ տարածքում։ Խոսքը ՀՀ քաղաքացիների մասին է։ Երբեմն այդ սառեցված գումարն ավելի մեծ է լինում, քան բուն մեքենայի գինը, և սա է իսկական խնդիրը»,- նշեց Շիրակ Թորոսյանը։
Նիկոլ Փաշինյանը հարցին ի պատասխան՝ ասաց, թե հարգանք ունեն վրացական ամեն ինչի, այդ թվում՝ պետհամարանիշների նկատմամբ, սակայն այստեղ խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է։
«ՀՀ-ում օտարերկրյա պետհամարանիշով ավտոմեքենաներ օգտագործելու ժամկետներ և կարգ է գործում։ Մենք գիտենք, որ այստեղ խոսքը ոչ թե վրացական պետհամարանիշներով մեքենայի մասին է, այլ հարկային պարտավորություններ չկատարելու մասին։ Ուզում եմ ասել, որ հարկային որևէ պարտավորության չկատարում Հայաստանի նկատմամբ՝ մեզ համար անընդունելի է։ Եթե նրանք Վրաստանի ռեզիդենտ են, և Վրաստանում դա իրենց բնական վիճակն է, օրենսդրությունը կարգավորում է։ Իսկ նրանք, ովքեր դա օգտագործում են որպես հարկերից խուսափելու միջոց, միանշանակ ամենակոշտ ձևով այդ հարցը պետք է կասեցվի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում