Երկու ահը 4000 և ավելի մահ է, կամ՝ Հրաժարելով հրաժարիմք
Վախը կարևոր զգացում է` որպես պաշտպանական ռեակցիա: Ոչնչից չվախենալը ոչ թե խիզախության, այլ անխելքության նշան է: Բայց վախը, ինչպես և ցանկացած ապրում, առողջ է միայն չափի մեջ: Վախենալ և լինել վախեցած` միանգամայն տարբեր երևույթներ են: Հայաստանն ահա, ապրում է ոչ թե բնական ու առողջ վախերի ու դրա վրա խարսխված քաղաքականության, այլ մշտական վախեցածի վիճակում: Որովհետև վախեցած է Հայաստանը ներկայացնողը: Նա վախենում է անգամ դպրոցահասակ երեխաներից, ում պայուսակները ստուգվում են քարոզչական արշավանքներից առաջ:
Հայաստանի, Արցախի ողբերգությունը գտնվում է մանկահասակ երեխայից վախենալու ու նրան ստուգելու անտղամարդության և Ալիևից վախենալու, բայց ստուգել չկարողանալու միջակայքում:
Երևի Ֆրոյդն ու Յունգը միասին վերցրած՝ կդժվարանային ախտորոշել, թե ինչ է կատարվում մարդու հոգում (եթե այն առկա է) և մտքում (սթափության պարագայում), երբ նա` ահաբեկվելով երեխաներից, հանդիպում է այդ երեխաների քույրերին ու եղբայրներին սպանողի, ահաբեկողի ու սովահարողի հետ:
Վախեցածը դողում է մարմնով ու երերում կամքից, պատրաստ է կատարել վախեցնողի ցանկացած պահանջ: Սա է նրա` ամեն ինչ հանձնելու կամ հանձնողունակության բանաձևը` կատարել ստորացնողի, ոճրագործի բոլոր պահանջները` երեխայի պայուսակ մտնելու ստորաքարշ իրավունքի դիմաց:
Հայաստանը հաղթանակած պետությունից ու հայ ժողովրդին արժանապատիվ հասարակությունից իրեն կորցրած ամբոխի վերածելու գործընթացն ուղեկցվել է քարոզչական տիեզերամասշտաբ ղալմաղալով, որի ունկնդիրները` խլանալով ընդարմացել են, քարանալով` դադարել են վախենալ երաշխավորված կործանման տանողի պաշտամունքից, սուտը գերադասել են ճշմարտությունից, քարոզը՝ հավատից, որոճատեղին՝ հայրենիքից:
Արդյունքում՝ հայրենիքի պաշտպանությունը փոխարինվել է կերակրավայրի համար վախեցած ծղրտոցով, որին, պետականության մասին հիշողությամբ թե մեծամտությամբ, դեռ արտաքին քաղաքականություն են կոչում: Իրականում դա ոչ թե արտաքին քաղաքականություն է, այլ լավագույն դեպքում՝ արտաքին քաղաքավարություն, որը սկսվում և ավարտվում է՝ երկրների մի մասին կոչեր, հորդորներ, շնորհակալություն հղելով, մյուսների առաջ` խռոված ծամածռություններով:
Երբ վախը դառնում է քաղաքականության հայեցակարգ, մշտական վախեցածությունն էլ՝ արտաքին քաղաքական դիրքավորում, պետությանը վերաբերվում են այնպես, ինչպես վարվում են ուժեղից օգնություն հայցող, թույլին ճնշող փողոցային լածիրակի հետ` բամփում են:
Վախեցած պետության վախվորած իշխանության համար կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը նույնպես ապրի մշտական վախի պայմաններում: Դրա համար էլ հանձնողականությանը դիմադրելու ցանկացած փորձի իշխանությունը պատասխանում է պատերազմի սպառնալիքի մասին իրական և չափազանցված հիշեցումներով:
Հանրության վախեցած մասը միանգամից կլանում է խայծը ու այդ սպառնալիքներին պատասխանում է ավելացող դողով, որն իշխանությունն իր կազմակերպած փառատոներում վերածում է պարի` մարդկանց ներշնչելով, որ վախենալը նաև օգտակար է ու խրախճալի: Իսկ հասարակության առողջ, համարժեք հատվածը, որը գիտակցում է, որ պատերազմից ոչ թե վախենալ, այլ դրան պատրաստվել է պետք, սարսափում է մտքից, որ հնարավոր պատերազմը մղելու է այս իշխանության հրամանատարությամբ, այսինքն` գնալու է գիտակցված պարտության:
Անառողջ վախը՝ ինչպես մարդուն, այնպես էլ՝ պետությանը զրկում է արժանապատվությունից: Դա հաղթահարելու միակ ճանապարհը բուժումն է, հրաժարումը երկիրը վախվորիկ դարձրած վախից, որը, սակայն, հնարավոր չէ՝ առանց վախեցած ու վախեցածությունն անպաշտպանների նկատմամբ վճարովի ուժի էժանագին ցուցադրությամբ փոխհատուցող իշխանությունից հրաժարումի:
Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե իշխանության մեխանիկական հրաժարական, այլ հասարակության կողմից հրաժարում այդ իշխանությունից: Հայ հասարակությունը, ինչպես սատանային ու սատանայականությունը մերժելու եկեղեցական ծեսում, պետք է անցնի հրաժարման բոլոր փուլերով:
Այլապես պետք է համակերպվել պետությունից հրաժարվելու` արդեն անխուսափելի դարձող հեռանկարին:
Հարություն Ավետիսյան