«Այժմ Թուրքիան կարող է լավ դեր խաղալ և աշխարհին ապացուցել, որ վերադարձել է միջազգային ասպարեզ». ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող Նաչո Սանչես Ամորը ցավալի եւ անընդունելի է համարում, որ, չնայած Լաչինի միջանցքի կարգավիճակի վերաբերյալ առկա քաղաքական, միջազգային եւ իրավական համաձայնությանը, Ադրբեջանի կողմից դա չի հարգվում։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սանչես Ամորը նախ իր անգոհունակությունն է հայտնել, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահն, անտեսելով ստեղծված իրավիճակը, գնում է Ադրբեջան եւ գազի գործարքներ կնքում, իսկ հետո կարեւորել է Թուրքիայի հնարավոր դերակատարությունը Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու հարցում։

«Թուրքիան կարող է լավ միջնորդ լինել, սա մի փորձություն է, որը կարող է Թուրքիայի հանդեպ վստահությունը վերականգնելու համար լավ ապացույց լինել։ Նրանք աջակցեցին պատերազմին, աշխարհում միակ երկիրն էր, որ ասաց՝ լուծումը ռազմական է։ Այժմ Թուրքիան կարող է լավ դեր խաղալ և աշխարհին ապացուցել, որ վերադարձել է միջազգային ասպարեզ՝ յուրաքանչյուր հարցի մոտենալով կանոնների վրա հիմնված մոտեցմամբ։ Հետեւաբար, ըստ իս՝ սա փորձություն է Թուրքիայի համար», – ասել է եվրախորհրդարանականը։

Նաչո Սանչես Ամորը վստահ է՝ եթե Թուրքիան ցանկանա, Ալիեւի վրա ազդելու լծակներ ունի։ Ըստ զեկուցողի՝ Թուրքիայի իշխանությունները կարող են փորձել մեղմել իրավիճակը և նպաստել, որպեսզի ծանր վիճակում հայտնված մարդկանց կարիքներն ապահովվեն։

Տեսանյութեր

Լրահոս