Մոսկվային շարունակում են դուրս բերել Ղարաբաղյան հավասարումից. Տարասով

Ո՞վ է Բաքվին ու Ստեփանակերտին երկխոսության տանում Բուլղարիայում: Առաջիկա օրերին եվրոպական երկրներից մեկում, հնարավոր է՝ Բուլղարիայում, ԱՄՆ-ի միջնորդությամբ պետք է կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը: Նման պնդմամբ հանդես է եկել ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Այն տարածում են նաև Բաքվի լրատվամիջոցները՝ ցուցադրելով, այսպես կոչված, «ռեզոնանսային արտահոսքի» գործոնը։

Համենայնդեպս, ավելի վաղ բազմաթիվ համաշխարհային գործակալություններ, հղում անելով Վաշինգտոնի աղբյուրներին, հայտնել էին, որ «ԱՄՆ-ը Բաքվին ստիպում է շփումներ ունենալ Ստեփանակերտի հետ»: Ընդ որում, բոլոր հատկանիշներով, հենց Վաշինգտոնը, այլ ոչ թե Երևանը, ենթադրյալ երկխոսության մեջ հավակնում է միջնորդի դերին։ Իրադարձությունների նման ընթացքի դեպքում Ռուսաստանը, հնարավոր է, դուրս մղվի Լեռնային Ղարաբաղից։ Հայ փորձագետների գնահատմամբ՝ սա առավելագույն պլան է։ Պլան-նվազագույնը՝ տարածաշրջանում ռուսական քաղաքականության և նրա ռազմական ներկայության վարկաբեկման համար պայմանների ստեղծում։

Ճիշտ է, բաց է մնում այն հարցը, թե արդյո՞ք այս փուլում Ստեփանակերտի ղեկավարությունը կընդունի Ադրբեջանի կողմից առաջ քաշվող տեսակետը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ՝ որպես Ադրբեջանի զուտ ներքին հարց, թե՞ միջազգային միջնորդների կողմից կներկայացվեն անկլավի հայերի անվտանգության երաշխիքների մասին պահանջներ։ Սակայն այս փուլում ԱՄՆ-ի մտահղացումը դեռ չի բացահայտվում։ Նրանց համար կարևոր է իրավիճակի կարգավորման նպատակով ստեղծել ևս մեկ բանակցային հարթակ՝ առանց Հայաստանի մասնակցության՝ առաջարկների ինչ-որ նոր փաթեթով։ Լեռնային Ղարաբաղի նախկին «Անվտանգության խորհրդի քարտուղար» Սամվել Բաբայանի խոսքով՝ խոսքը «փաստաթղթի մասին է այն կետերի վերաբերյալ, որոնց շուրջ մենք երկխոսելու ենք, որպեսզի փոխադարձ վստահություն ներշնչենք միմյանց նկատմամբ, իսկ հետո արդեն անցնենք մնացած հարցերին»:

Բայց կա նաև լուրջ ինտրիգ։ Ավելի վաղ Բաքուն մերժել էր Ստեփանակերտի հետ երկխոսության հնարավորությունը՝ նկատի ունենալով նրա ներկայիս ղեկավարությունը, որին նա, մեղմ ասած, «անջատողականներ» է համարում: Սա՝ առաջին։ Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն բացասաբար է ընդունել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը հուլիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով: Հիշեցնենք՝ Լավրովն այն ժամանակ խոսել էր Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն վարելու անհրաժեշտության մասին «միջազգային պարտավորություններից բխող իրավունքների համաձայնեցման համար, ներառյալ՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաները»: Սակայն Բաքվի կողմից նման պարտավորություններ դեռ ոչ ոք չի լսել։ Ուստի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծում գտնելու փորձերն առայժմ հենվում են միայն տեսական մտորումների տրամաբանության վրա։ Նույն կերպ, միայն տեսության մակարդակով են հնչում նաև Հայաստանի հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։

Պատահական չէ, որ Ալիևը պնդում է, որ Երևանը հաստատի իր ստորագրությամբ թղթի վրա արված հայտարարությունները: Սակայն Փաշինյանը, խոսելով Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի մասին, այժմ գլխավոր շեշտը դնում է միջազգային միջնորդների մասնակցությամբ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հարցերի լուծման կարևորության վրա: Այսինքն՝ նա իր ուսերից գցում է ղարաբաղյան խնդիրը՝ այն տեղափոխելով միջազգային մեխանիզմների ձևաչափ։

Իսկ եթե վերադառնանք Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Բաբաջանյանի հաղորդագրությանը Բուլղարիայում Բաքու-Ստեփանակերտ հնարավոր հանդիպման մասին, ապա Ստեփանակերտի մոտ նման երկխոսության պատրաստակամության զգացում է առաջանում, թեև ավելի վաղ նա հրաժարվել էր այն ԱՄՆ միջնորդությամբ վարելու առաջարկից։ Այժմ հնարավորություն է ստեղծվում նաև Ստեփանակերտին մտնել «մեծ քաղաքականություն»։ Եվ ինչ-որ բան մեզ հուշում է, որ այդ ուղղությամբ կարող են լինել անսպասելի անակնկալներ, ինչպիսիք են Մադրիդյան սկզբունքների ինչ-որ տարբերակներ՝ Լաչինի միջանցքի համար հատուկ ռեժիմի ներդրմամբ։ Հնարավոր է անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացումը։ Այդ ժամանակ ի հայտ է գալիս հակամարտության կարգավորման նոր տրամաբանություն Բաքու-Ստեփանակերտ բանակցային գործընթացի միջոցով՝ առանց Երևանի և Մոսկվայի մասնակցության։

Բայց ընդհանուր առմամբ դա շատ բարդ պարտիա է, որի դեպքում դժվար կլինի պահպանել արտաքին խաղացողների, հատկապես՝ Ռուսաստանի շահերի փոխընդունելի հավասարակշռությունը։ Նման իրավիճակում չի կարելի բացառել խնդրի տեղափոխումը ՄԱԿ-ի ԱԽ՝ Ղարաբաղի վերաբերյալ նոր բանաձևի ընդունման համար։ Իսկ այսպես, ստատուս-քվոն Լեռնային Ղարաբաղում կմնա անկայուն, թեև Ադրբեջանը հիմա դժվար թե համարձակվի լարվածությունը թուլացնել ուժային միջոցներով։

iarex.ru

 

Տեսանյութեր

Լրահոս