Աղդամով դեպի Արցախ ապրանքների տեղափոխումը չի կարող հավասարակշռել Լաչինի միջանցքով նմանատիպ գործողությունները. Գեղամ Մանուկյան

Հումանիտար բեռների առաքումն Աղդամից Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը, «Ալֆա նյուզին» տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով, որ Բրյուսելը շարունակում է պահանջել Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ եվրոպացի պաշտոնյաներն իրար հետևից սկսել են խոսել Աղդամով (Ակնա) դեպի Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու և տրամադրելու մասին:

Բայց, ըստ նրա, նախ պետք է արձանագրել, որ Աղդամով դեպի Արցախ ապրանքների տեղափոխումը չի կարող հավասարակշռել Լաչինի միջանցքով նմանատիպ գործողությունները:

«Եթե եվրոպացի պաշտոնյաները խոսում են հումանիտար օգնություն ուղարկելու մասին, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Լաչինի միջանցքը փակած Արցախի ժողովրդին էթնիկ զտման, սովամահության ենթարկող Ադրբեջանի կողմից հումանիտար օգնություն տրամադրելու ձևակերպման մասին, որն ինքնին արդեն նոնսենս է: Աղդամը չի կարող լինել այլընտրանք, որովհետև դեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ հայտարարությամբ արձանագրված է Արցախի Հանրապետության և ՀՀ-ի միջև անխափան կապի, բեռների տեղափոխման և քաղաքացիների երթևեկի մասին փաստը: Եվ գումարած դրան՝ 5 կմ-անոց սահմանով ապաշրջափակումը, որը գտնվելու է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Այնպես որ, որևէ կերպ Աղդամը չի կարող լինել այլընտրանք արցախահայության հումանիտար ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է ՀՀ դիրքորոշմանը, ապա, ցավոք սրտի, այսօր վարչապետի աթոռին բազմած անձը բրյուսելյան հանդիպումից, Միշելի, հիմա Կլաարի հայտարարությունից հետո որևէ կերպ հոդաբաշխ նախադասություն չի կարողանում օգտագործել և բացատրություն տալ, թե ինչի մասին է խոսքը, փոխարենը՝ զբաղվում է կովերով, կովերի սեռը փնտրելով»:

Կարդացեք նաև

Նշենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է.

«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

Տեսանյութեր

Լրահոս