Հայկական 2 պետություններից մեկի ղեկավարն օրն անցկացնում է ախոռում, մյուսը՝ վրանում. Մելիք-Շահնազարյան
«Ես չեմ տեսնում համազգային ռեսուրսների սինխրոնիզացիա, տեսնում եմ Արցախի իշխանությունների ու Հայաստանի իշխանությունների սինխրոնիզացիա։ Ընդ որում, մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում Արցախն Ադրբեջանին հանձնելու իրենց պատրաստակամությունը»,- «Շրջափակում․ օր 220» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժմանը՝ նշեց քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ապա կասկած հայտնեց, որ համազգային շարժում ասվածի ներքո հանրությանը տանում են հերթական հիասթափությանը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս համատեքստում հիշեցրեց բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, թե ողջունում է Ալիևի՝ Աղդամով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու պատրաստակամությունը:
«Հայտարարությունները սովորաբար համաձայնեցված են լինում բանակցություններին մասնակցող կողմերի, ԱԳՆ-ների, կամ ներկայացուցիչների հետ։ Այսինքն՝ Փաշինյանն այնտեղ նստած էր, և լսում էր, թե ինչպես են ողջունում Ալիևի պատրաստակամությունը օգնության ձեռք մեկնել Արցախին, և ոչ թե՝ Ալիևի ցեղասպան գործողության դատապարտումը:
Դրանից հետո Արցախի իշխանությունները, ըստ էության, իրենց քայլերը չեն սինխրոնիզացնում Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարողների հետ»,- նկատեց քաղաքագետը։
Ըստ նրա՝ այս իրավիճակը հետզհետե տանում է Արցախի կորստի, իսկ միակ ելքը իրավիճակը սրելն է:
«Չի կարելի այսօրվա՝ ևս մեկ րոպե կոմֆորտ ապրելու ցանկությունը գերադասել, ավելի բարձր դասել, քան քո վաղվա գոյության հարցն է: Արցախի իշխանություններն այսօր դրանով են զբաղված. նրանք չեն ասում որ դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, որովհետև մտածում են՝ դե վաղը կարող է փոխանցումներ չարվեն, սա չլինի, մենք կզրկվենք այս պահի ինչ-որ փոքրիկ առավելություններից։
Արցախի իշխանությունները չեն կարողանում բարձր քննադատություններ ուղղել միջազգային հանրությանը՝ մտածելով, որ այլ կերպ կմեկնաբանվի, Նիկոլն էլ հանձնում է… : Արցախի իշխանություններն այսօր զբաղված են պրոցեսի իմիտացիայով:
Եվ ստացել ենք մի իրավիճակ, երբ հայկական երկու պետություններից մեկի ղեկավարն իր օրն անց է կացնում ախոռում, մյուսը՝ վրանում, ու մենք ասում ենք, որ առաջնորդության հարց ունենք։ Իսկապե՛ս ունենք»,- շեշտեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում