Տոն, որը Նիկոլ Փաշինյանը վերածել է տարելիցի
Այսօր ՀՀ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրն է։ Տոն, որը ցանկացած նորմալ, կայացած պետությունում տարվա ամենակարևոր իրադարձությունն է և հասնում է ընդհուպ պաշտամունքի։ Հայաստանում, սակայն, Սահմանադրության և պետական խորհրդանիշների տոնը նշանավորվում է առավելագույնը ոչ աշխատանքային օրով և նրանով, որ ինչ-որ կազմակերպություն կառավարության պատվերով Երևանի փողոցներում վազքի մարաթոն է կազմակերպելու։ Սա որքան անպատվաբեր, նույնքան էլ խորհրդանշական է ու համարժեք այն իրավիճակին, որում այսօր հայտնվել են՝ ինչպես Հայաստանի Սահմանադրությունը, այնպես էլ՝ պետական խորհրդանիշները։
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի իշխանության անցած 5 տարիների առանցքային բնորոշիչներից մեկը բոլոր կարևորագույն հարցերում, կառուցակարգերում, համակարգերում ձևի դոմինանտությունն է՝ ի հաշիվ բովանդակության։ Դա վերաբերում է՝ ինչպես Սահմանադրությանը, այնպես էլ՝ պետական խորհրդանիշներին։ Նիկոլ Փաշինյանն անցած 5 տարիներին Սահմանադրությունը կոպտորեն ոտնահարել է անհաշվելի անգամներ։ Ցանկը շատ երկար է, բայց առավել համակարգային դեպքերը սկսվել են 2020 թվականին Սահմանադրական դատարանի առումը խորհրդանշած իրադարձություններից, երբ Սահմանադրության ու օրենքների կոպտագույն խախտումներով Նիկոլ Փաշինյանն ուզուրպացրեց Սահմանադրական դատարանը։
Դրան հետևեց կրկին սահմանադրության ոգու լրջագույն խախտումներով օրենսդրական տարբեր ձևակերպումների միջոցով Տեղական ինքնակառավարման մարմիններում փաստացի ընտրված ղեկավարների իշխանության բռնազավթումը։ Այսօր, փոքր-ինչ այլ դրսևորումներով, սակայն բովնդակորեն նույն գործընթացը տեղի է ունենում նաև դատական համակարգում։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրությունից թողել է միայն դրա ֆորմալ մասը կամ «կամուֆլյաժը» և սահմանադրականության ու օրինականության հետ անում է այն, ինչ ցանկանում է։
Բայց Սահմանադրության ոտնահարումները չեն սահմանափակվում միայն համակարգային ակտերով։ Հայաստանն ունի նաև հակասահմանադրական, հակաօրինական ճանապարհով հենց այսօր անազատության մեջ գտնվող քաղբանտարկյալներ։
Ընդդիմադիր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորումն այդ երևութի հավաքական, բայց նաև ամենացայտուն արտահայտությունն է։ Այդ առումով, քանի դեռ Աշոտյանը և մյուս քաղբանտարկյալներն անազատության մեջ են, Սահմանադրության տոնը Հայաստանում ծաղր ու անարգանք է հենց Սահմանադրության հասցեին։
Ինչ վերաբերում է պետական խորհրդանիշներին, ապա այդ հարցում Նիկոլ Փաշինյանը ևս անգերազանցելի է։ Իր իշխանության արշալույսին ՀՀ դրոշի հետ ոչ խնամքով վարվող մաքսային ծառայողի մասնակցությամբ տիեզերական մասշտաբի շոու բեմադրած Փաշինյանի պաշտոնավարման տարիներին հայկական եռագույնը միայն ադրբեջանցիների կողմից անարգվել է մի քանի անգամ ավելի շատ, քան անցած ավելի քան 25 տարիներին՝ միասին վերցրած։ Իսկ ՀՀ զինանշանը հեգնում ու ծաղրում է ոչ թե Ալիևը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդարանում վերջին զառանցաբանությունը ՀՀ զինանշանին երբևէ հասցված, թերևս, ամենամեծ վիրավորանքն էր։ Բայց ավելի լայն իմաստով, ՀՀ պետական խորհրդանիշները չեն սահմանափակվում միայն նոմինալ առարկաներով՝ դրոշով, զինանշանով և այլն։ Պետության կարևորագույն, առանցքային խոհրդանիշը նրա սահմաններն են և այդ սահմանների անձեռնմխելիությունը։ Իսկ Հայաստանի սահմանները ոչ միայն հատվել ու շարունակում են հատվել գրեթե ամեն օր, այլ արդեն ավելի քան երկու տարի ադրբեջանական զինուժն անարգել տեղակայված է ՀՀ ինքնիշխան տարածքում, ՀՀ պետական ամենակարևոր խորհրդանիշներից՝ սահմաններից ներս գտնվող «դժգույն ու դժբախտ» սարերում։
Հուլիսի 5-ը ոչ թե ձևական, այլ բովանդակային առումով իրականում ՀՀ Սահմանադրության ու պետական խորհրդանիշների ոչ թե տոն է, այլ ոգեկոչման օր, որը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շարունակականությամբ վերածվում է տարելիցի։
Հարություն Ավետիսյան