«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենը 2 ամսով կալանավորվել է
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել է 2 ամսով։ Լուրը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հուլիսի 31-ին տեղեկացրել էինք, որ իրավապահները ներխուժել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ, խուզարկություններ կատարել և ձերբակալել տնօրեն Արթուր Դալլաքյանին։
ՔԿ-ն օգոստոսի 4-ին հայտնեց, որ ընկերության իրական շահառու Հայկ Գալստյանը կալանավորվել է, իսկ Արթուր Դալլաքյանի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։ Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու հոդվածներով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և խափանման միջոց ընտրել կալանքը։ Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվել է նոր քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։

